Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵ՞ ՏԱՆՋՈՒՄ

Հուլիս 19,2001 00:00

ԹՈՇԱ՞Կ ԵՆ ՏԱԼԻՍ, ԹԵ՞ ՏԱՆՋՈՒՄ Երեւանի Դավիթաշեն համայնքի բնակիչ, թոշակառու Ռոբերտ Մարտիրոսյանը բողոքում էր, որ յոթ ամիս շարունակ չի կարողանում իր թոշակը ստանալ։ Նախկինում թոշակառուներն իրենց հասանելիք գումարը ստանում էին խնայբանկից, սակայն կառավարության որոշմամբ այժմ թոշակների վճարումները կատարում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենսաթոշակների վճարման ծառայությունը։ Ծառայության աշխատակիցները գումարը հիմնականում թոշակառուներին վճարում են տանը։ Երբ Ռ. Մարտիրոսյանը բողոքել է այդ մասին տարածքը սպասարկող ոմն Նանիկի, վերջինս պատասխանել է, որ ինքը թոշակը մի քանի անգամ բերել է, սակայն իրեն տանը չի գտել։ Եվ եթե նա ցանկանում է ստանալ թոշակը, պետք է իրեն վճարի 900 դրամ։ Թոշակառուն հրաժարվել է որեւէ գումար վճարելուց եւ արդյունքում մինչ օրս թոշակը չի ստացել։ Դավիթաշենի կենսաթոշակների վճարման ծառայությունը հեռախոս չուներ։ Այն գտնելը մեծ ջանքեր պահանջեց։ Սակայն քանի որ Նանիկ անունով աշխատակիցը աշխատանքի չէր ներկայացել, եւ գործընկերները տեղյակ չէին, թե երբ է գալու, մենք չկարողացանք պարզել, թե արդյոք նա թոշակառուից 900 դրամ պահանջե՞լ է։ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Դավիթաշենի մասնաճյուղում մեզ հաջողվեց պարզել, որ այն անձինք, ովքեր 6 ամիս թոշակ չեն ստանում, ինքնըստինքյան դուրս են մնում ցուցակից։ Նրանք պետք է համապատասխան փաստաթղթերով ներկայանան իրենց թաղամասի ՀՀ սոցիալական ապահովագրության մասնաճյուղ՝ վերագրանցվելու, որից հետո նրանց կվճարեն նաեւ նախորդ ամիսների գումարները։ Ինչը եւ խորհուրդ տվեցին անել Ռ. Մարտիրոսյանին։ Թեեւ կարելի է պատկերացնել տարիքն առած այս եւ այլ թոշակառուների թափած ջանքերը՝ վերականգնելու իրենց իրավունքները, երբ նույնիսկ ամենափոքր պարզաբանման համար մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել համապատասխան աշխատակցին։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել