Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային

Հուլիս 19,2001 00:00

ԱՅԴ ԽԵԼԱԿՈՐՈՒՅՍ ԵՎՐՈՊԱՆ Ֆուտբոլային Եվրոպայում 2001թ. գլխավոր տրանսֆերն, իհարկե, Զինեդին Զիդանի տեղափոխությունն էր «Յուվենթուսից» «Ռեալ»։ Ինչպես եւ սազական է մոլորակի լավագույն ֆուտբոլիստին, Զիդանին վաճառեցին ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային գնով՝ 64,4 մլն դոլար։ Այժմ Զիզուն միեւնույն թիմում խաղալու է իր արժեքով աշխարհում երկրորդ ֆուտբոլիստի՝ Լուիշ Ֆիգուի հետ։ Անցած ամբողջ մրցաշրջանի ընթացքում այս երկու ֆուտբոլիստներին մամուլում մշտապես հակադրում էին միմյանց ու թվում էր, թե ֆուտբոլասեր հասարակությունը նրանց երբեք բարիկադի նույն կողմում չի տեսնի։ Սակայն կապիտալի աշխարհում ամեն ինչ հնարավոր է դառնում։ Այն բանից հետո, երբ հանճարեղ պորտուգալացին չկարողացավ իր նոր ակումբը դարձնել լավագույնը Եվրոպայում, արքայական «Ռեալը» ֆրանսիացու համար վճարեց նրանից 8 մլն ավելի՝ հույս փայփայելով, որ հիմա արդեն Չեմպիոնների լիգան այլեւս չի կարողանա դիմադրել Զիդան-Ֆիգու աստղային զույգին։ Սակայն մինչ այդ, սովորաբար քիչ շփվող ֆրանսիացին դեռ պետք է հարմարվել կարողանա նոր երկրին։ Բացի դա, ինչպես ասում են, երկու թռչուն միեւնույն բնում չեն ապրում։ Այնպես որ, դեռ խիստ կասկածելի է, թե արդյո՞ք կստացվի Զիդանի եւ Ֆիգուի համագործակցությունը «Ռեալում»։ Շատերն են ասում, որ Զիդանի համար լավագույն տարբերակը «Յուվենթուսը» չթողնելն էր։ Ի դեպ, «Յուվենթուսն» այս տարի բավականաչափ զարմացրեց Եվրոպային։ Զիդանից բացի, ակումբը 27 մլն դոլարով «Միլանին» վաճառեց նաեւ իր գլխավոր հարվածային ուժը՝ Ֆիլիպո Ինձագիին, որն էլ իր հերթին պիտի կարողանա նոր թիմում դիմանալ Անդրեյ Շեւչենկոյի հետ մրցակցությանը ու, որ պակաս կարեւոր չէ, հաղթահարել միլանցի ֆուտբոլասերների՝ իր նկատմամբ ունեցած սառը վերաբերմունքը, որը նրան սադրիչ ու «բախտի պահած» է համարում։ «Միլանը», որը վերջին երկու տարիներին եվրամրցաշարերի ամենաանհաջողակ ակումբներից է, ըստ ամենայնի, մտադրվել է ետ բերել առաջատարի դիրքերը ինչպես Իտալիայում, այնպես էլ Եվրոպայում։ Այդ նպատակով են ակումբի ղեկավարները, բացի Ինձագիից, գնել նաեւ Մորենոյին, պորտուգալացի Ռույ Կոշտային ($35 մլն-ով), ռումինացի Կոնտրային… Վերջին երկու տարում «Միլանը» շեշտը դնում էր անհատականությունների վրա, որի հետեւանքով թիմը նման էր տաղանդավոր ֆուտբոլիստների հավաքատեղիի, որոնք, սակայն, չէին կարողանում համագործակցել։ Թիմի նոր մարզիչ Ֆատիխ Թերիմը, կարծես, մտադիր է նախապատվությունը տալ կոլեկտիվ խաղին։ Խոսակցություն կա, որ նա, հավանական է, վաճառի նույնիսկ Շեւչենկոյի նման աստղին, որի նկատմամբ հետաքրքրությունը հսկայական է ամբողջ Եվրոպայում։ Վերադառնալով տրանսֆերային շուկայի նորություններին, տեղեկացնենք, որ Զիդանի ու Ինձագիի վաճառքից հարստացած «Յուվենթուսը» մտադիր է նրանց թափուր մնացած տեղերը լրացնել չեխ Նեդվեդով ու ֆրանսիացի Տյուրամով (վերջինս արդեն քանի տարի համարվում է աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը)։ Իսկ նրանց ակումբը գնել է համապատասխանաբար 35,3 եւ 33 մլն դոլարով։ Տրանսֆերային տեղեկություններում նշվում են նաեւ դարպասապահները։ Այսպես, «Պարման» 45,9 մլն դոլարով վաճառել է երկրի հավաքականի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին։ Նման գումար այս գծի ֆուտբոլիստի համար դեռ երբեք չի վճարվել։ Այդ քայլին գնացել է նույն «Յուվենթուսը»։ «Ֆլորենցիան» հրաժարվել է իր սիրելիից՝ «Եվրո-2000»-ի հերոս Ֆրանչեսկո Տոլդոյից, որ մեկնել է «Ինտեր»։ Բրազիլացի Տաֆարելը վերադարձել է «Պարմա», որտեղ սկսել է իր եվրոպական կարիերան։ Պորտուգալիայում ձանձրանալով, «Ասթոն Վիլլա» է մեկնել 37-ամյա Պետեր Շմեյխելը, իսկ Ռիչարդ Ռայթը թողել է «Իփսվիչը», արդեն իսկ «Արսենալում» է։ Տրանսֆերային Եվրոպայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները հնարավոր չէ ընդգրկել։ Ուստի նշենք միայն եւս մի քանիսը. «Բավարիայում» է հայտնվել պերուացի հարձակվող Կլաուդիո Պիսարրոն, բրազիլացի Մարսիո Ամորոզոն տեղափոխվել է «Բորուսիա»։ «Բարսելոնը» պայմանագիր է ստորագրել արգենտինացի Խավիեր Սավիոլայի եւ «Բավարիայի» նախկին խաղացող, շվեդ Պատրիկ Անդերսոնի հետ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել