Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի կենսագրության մեջ կա մի հետաքրքրաշարժ դրվագ, որը, ամենայն հավանական

Հուլիս 19,2001 00:00

Բանաստեղծուհու առաջին եւ վերջին աշխատավարձը Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի կենսագրության մեջ կա մի հետաքրքրաշարժ դրվագ, որը, ամենայն հավանականությամբ, հայտնի չէ անգամ բանաստեղծուհու ամենանվիրյալ երկրպագուներին։ Հենց այդ դրվագն էլ հանդիսացավ Սիլվա Կապուտիկյանի հետ մեր զրույցի հիմնական թեման։ – Նախկին Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղում մինչեւ այսօր էլ մեծ ջերմությամբ եւ հարգանքով են հիշում իրենց դպրոցի երբեմնի ուսուցչուհուն։ Չէի՞ք պատմի այդ մասին։ – Այո, 1943 թվականին ես ապրել եմ Ջրառատ գյուղում եւ աշխատել որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի։ Այս փաստը առանձնապես չի հիշատակվում իմ կենսագրության մեջ։ Ես դա համարում եմ իմ կյանքի բարդ ժամանակը, դրա հետ մեկտեղ, 1941 թվականը մի լուսավոր տարեթիվ էր ինձ համար՝ որդուս՝ Արայիկի ծնունդը։ – Անցել են տասնամյակներ եւ արդյոք երբեւէ չե՞ք մտաբերում այդ կրթօջախը։ – Ես լավ եմ հիշում, որ այդ թվականներին արդեն իսկ դահլիճներում հանդես գալով՝ ինձ դիմավորում էին ծափահարություններով եւ լսում մեծ սիրով։ Իսկ երբ դասարան էի մտնում, չէի կարողանում կառավարել 25-30 աշակերտի։ Մանկավարժական փորձն էր պակասում ինձ։ Ինչ վերաբերում է Ջրառատին, ապա այն իմ մեջ շատ լավ է տպավորված, եւ ես կարոտով եմ հիշում նրա բերքառատ այգիներն ու հիանալի մարդկանց։ Թերեւս հետաքրքրական է, որ եթե ես երբեւէ հաստիքային աշխատանք եմ կատարել եւ աշխատավարձ ստացել առաջին եւ վերջին անգամ, ապա այդ եղել է այս գյուղում։ – Արդյոք մտադիր չե՞ք առաջիկայում այցելել Ջրառատ, որտեղ Ձեզ սպասում են սիրով եւ անհամբերությամբ։ – Ես տեղյակ եմ, որ շուտով կլրանա դպրոցի հիմնադրման 80-ամյակը եւ ես սիրով կգամ ու կմասնակցեմ հանդիսություններին, կհանդիպեմ իմ երբեմնի աշխատանքային ընկերներին։ Արդեն անցել է մոտ վեց տասնամյակ։ Շատ հեռավոր են այդ տարիները, թանկ եւ անմոռանալի։ Չէ՞ որ, եթե չլիներ այդ դպրոցը, ես չէի ունենա իմ միակ աշխատանքային կենսագրությունը։ ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել