Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանն այսպես ճոխ որակեց բուհերի ընդունելության

Հուլիս 19,2001 00:00

«Շատ հույժ կարեւոր շրջան» ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանն այսպես ճոխ որակեց բուհերի ընդունելության քննությունները եւ խոստանալու փոխարեն, որ օբյեկտիվ,արդար քննություններ կանցկացնեն, լրագրողների վրա այդ պատասխանատվությունը գցեց, թե «օբյեկտիվ, արդար լուսաբանեք՝ ապահովելով այս գործընթացի հրապարակայնությունը, թափանցիկությունը»։ Թափանցիկությունը կարեւորող նախարարը հավանաբար մոռանում է, որ, ասենք, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստերն ու կայացրած որոշումները, ի տարբերություն իր նախորդ երկու նախարարների, փակ են լրագրողների համար։ «Առավոտը» անցյալ տարի այդպես էլ հնարավորություն չունեցավ ճշտել այն տեղեկությունները, որ ՀԸՀ-ն անօրինական որոշումներ է կայացրել։ Ասուլիսի կեսից ավելին ԿԳ նախարարը նվիրեց դիմում-հայտերի վիճակագրությանը, թեեւ կարելի էր այդ տվյալները պարզապես բաժանել հրավիրված լրատվամիջոցներին։ «Առավոտը», ի դեպ, այդ վիճակագրությունը պարբերաբար հրապարակել է եւ Է. Ղազարյանի ներկայացրած շատ տվյալներ թարմությամբ աչքի չէին ընկնում։ Այս տարի դիմորդների թիվը 17 հազար է, որից 12 հազարը քննություն է հանձնում մայրաքաղաքում, կենտրոնացված կարգով, 3 հազարը՝ շրջանների բուհերում եւ 2 հազարը՝ արվեստի ու սպորտի բուհերում։ Նախորդ տարվա համեմատ, կենտրոնացված կարգով քննություններ հանձնող դիմորդների թիվն աճել է 600-ով։ ԿԳ նախարարը չհամաձայնեց, որ դա բուհերին՝ զինակոչից տարկետման իրավունքից չօգտվող տեղեր հատկացնելու արդյունք է։ Այդ որոշումը զգալիորեն հարվածեց մասնավոր բուհերի շահերին։ Մասնավոր բուհերը նաեւ մտահոգվում են, որ հավատարմագրման գործընթացը, պետական բուհերի լոբբինգի շնորհիվ, դիտմամբ այնքան կձգձգեն, որ այս տարվա ընդունելության շրջանում հավատարմագրված ոչ պետական բուհ չենք ունենա։ ԿԳ նախարարը տեղեկացրեց, թե մեկ շաբաթվա ընթացքում հավատարմագրման վերջին փուլի արդյունքները պարզ կլինեն։ Էդուարդ Ղազարյանի կարծիքով, «բոլորիս պետք է ուրախացնի» այն իրողությունը, որ բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում։ Նա նաեւ պնդեց, որ ավանդաբար հեղինակավոր մասնագիտությունների՝ իրավագիտության, տնտեսագիտության նկատմամբ, ընդհակառակը, հետաքրքրության անկում կա։ Ի հակառակ նախարարի այս պնդման, այդ մասնագիտություններն այս տարի եւս մտնում են առաջին հնգյակի մեջ, որտեղ ամենալարված մրցույթն է սպասվում։ Ավելին, մեդալակիրների մեծ մասը դարձյալ այս մասնագիտություններն է ընտրել. 157 մեդալակիրներից 96-ը դիմել է ԵՊՀ, ընդ որում՝ 49-ը՝ տեսական տնտեսագիտություն, 20-ը՝ իրավագիտություն եւ 18-ը՝ ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ։ Իսկ 31 մեդալակիր ընտրել է տնտեսագիտական ինստիտուտը, այնպես որ տնտեսագիտության կամ իրավագիտության նկատմամբ հետաքրքրության անկումից դեռ վաղ է խոսելը։ Իսկ իրավագիտություն եւ տնտեսագիտություն մասնագիտությունների դիմորդների թվի նվազելը թերեւս կարելի է բացատրել նախորդ տարվա մեդալակիրների առաջացրած աժիոտաժով։ Բացի այդ, հենց մեդալակիրների թիվն էլ այս տարի կիսով չափ պակասել է։ Չգիտես ինչու, Է. Ղազարյանը «ոչ այնքան ցանկալի տվյալներ» որակեց տղա-աղջիկ հարաբերակցության մասին թվերը։ Դիմորդների 60%-ը աղջիկ է։ Որոշ բուհերում, ինչպես արդեն գրել էինք, աղջիկների թվի աճ է նկատվում։ Այս տարի ԵՊՀ-ում ընդունելություն կկատարվի նոր՝ իրավագիտություն (մանկավարժություն) մասնագիտությամբ։ Ստացվում է, որ Է. Ղազարյանի հարազատ բուհին կարելի է ունենալ մանկավարժներ պատրաստող ֆակուլտետ, իսկ մանկավարժական ինստիտուտի որոշ մասնագիտությունների համար, որ համարվել են մանկավարժական կրթության հետ կապ չունեցող, տեղեր չեն հատկացրել։ Այսինքն, տարբեր բուհերում կրկնվող մասնագիտությունները կրճատելու ծրագիրը միայն թույլ բուհերի համար է։ ԿԳ նախարարի արդարացմամբ՝ «մանկավարժական համալսարանում բավարար բազա եւ կադրեր չունենք՝ իրավագիտության գծով կադրեր պատրաստելու»։ Դե, եթե այդ բուհին միշտ խորթ զավակի նման վերաբերվեն, պարզ է, որ դեռ երկար ժամանակ բավարար բազա ու կադրեր մանկավարժական բուհը չի ունենա։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել