Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կալանավորների թեման ընդգրկուն է եւ բազմաշերտ, սակայն մենք այս հրապարակման մեջ կսահմանափակվենք ու կան

Հուլիս 19,2001 00:00

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ Կալանավորների թեման ընդգրկուն է եւ բազմաշերտ, սակայն մենք այս հրապարակման մեջ կսահմանափակվենք ու կանդրադառնանք միայն մեր կալանավորների «հիգիենայի իրավունքների» խախտմանը, որի կանոնները առկա են ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ փաստաթղթերում եւ որոնց քամահրումը դիտվում է մարդու իրավունքների կոպիտ խախտում: Վարդագույն անցյալը Խորհրդային ժամանակաշրջանից մինչ օրս հիվանդ դատապարտյալների բուժսպասարկումն իրականացնում են «սանչաստերը», որոնք, որպես կանոն, բաղկացած են երկու «դասական» միավորից՝ բժշկից եւ ֆելդշերից: Հիվանդ կալանավորները որակվում են կոպիտ եւ սահմռկեցուցիչ՝ «սպեցկոնտինգենտ» տերմինով, որոնց եւ կոչված են սպասարկելու «սանչաստերը»: Քանի որ այն ժամանակաշրջանի «ադաթով» բոլոր դատապարտյալները պարտադիր կարգով պետք է վերադաստիրակվեին՝ անցնելով «աշխատանքային քուրայով», բուժկետը միջնորդությամբ դիմում էր գաղութի պետին, որը եւ հիվանդ կալանավորներին ազատում էր ամենօրյա աշխատանքից, դրանով իսկ ընդհատելով դաստիարակչական գործընթացը: Ուղղիչ172աշխատանքային հիմնարկի մի նախկին աշխատակցի հավաստմամբ, նույնիսկ այդ «բարի եւ երանելի» ժամանակաշրջանում լինում էին համաճարակների բռնկման դեպքեր: Թոքախտ կամ որեւիցե ծանր հիվանդություն հայտնաբերելիս հիվանդին անմիջապես ուղարկում էին «կարանտին», որից հետո միայն նրան տեղափոխում էին հիվանդանոց՝ ստացիոնար բուժման: Դաժան ներկան Այսօր իրականում դատապարտվածները պատիժը կրելու ընթացքում զրկված են առողջության պահպանման եւ կանոնավոր բուժսպասարկման տարրական հնարավորություններից: Ըստ ձեւավորված- տարածված կարծիքի, «սանչաստը» սոսկ կալանավորներին «կթելու» վայր է, ինչին ենթարկվում են նաեւ ազատ քաղաքացիները «ազատ» հիվանդանոցներում, սակայն ազատազրկման վայրերում Հայաստանի քաղաքացիներն ուղղակի ավելի անպաշտպան ու ավելի իրավազուրկ են, իսկ բարքերն ու «կթման» գործընթացները՝ ավելի «ան-կեղծ»: «Մեր կամերայում 18 հոգի մարդ էր նստած: Շնչելու օդ չկար: Չէինք կարողանում ազատ շարժվել: Մեզ իրար վրա դարսել էին, ոնց որ յաշիկներ…» (նախկին կալանավոր)։ «Ազատազրկման վայրերում համաճարակների բռնկումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. սահմանափակ տարածքում մարդկանց մեծ կուտակումներով (խցեր, բարաքներ, արգելավայրեր)»,- իր մտահոգությունն է կիսում համաճարակաբան մի բժիշկ. «Սպեցկոնտինգենտի» համար գործում են ընդհանուր ճաշարաններ, խոհանոցներ, հասարակական այլ ընդհանուր վայրեր: Սանիտարական ծառայությունների անգործությունը հանգեցնում է օդակաթիլային այնպիսի հիվանդությունների տարածմանը, ինչպիսիք, ասենք, թոքախտն է, խթանում է սուր ռեսպիրատորային այնպիսի վիրուսային հիվանդությունների ի հայտ գալուն, ինչպիսին են գրիպը, պարագրիպը, խոզուկը, կարմրախտը եւ այլն: Այս ամենին մեծապես նպաստում են նաեւ Հայաստանի բնակլիմայական շոգ պայմանները: Ամռանը հաճախանում են սուր աղիքային հիվանդությունների տարածման դեպքերը՝ դիզենտերիան, սալմոնելոզը, ինչպես նաեւ կենցաղային շփման միջոցով տարածվող հիվանդությունները. ոջլոտությունը, մաշկային հիվանդությունները եւ վիրուսային հեպատիտը: Տեղեկանք. ՄԱԿ-ի կողմից 16.12.1966թ. ընդունված «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» արձանագրության 10-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Պատժի նպատակով բանտարկյալների համար նախատեսվում է այնպիսի ռեժիմ, որի էական նպատակը նրանց բարեփոխումն է եւ սոցիալական վերականգնումը…»: «Եթե պերեդաչին չլինի, սովից կմեռնենք, որովհետեւ կուխնյայում սաղ վախտը նույն սնունդն է» (նախկին կալանավոր)։ Քիչ չեն նաեւ աղիքային դիսբակտերիոզի տարածման դեպքերը, որը պայմանավորված է գաղութներում սննդի մեջ անհրաժեշտ վիտամինների սակավությամբ: Միապաղաղ սնունդ, վիտամինների բացակայություն. այս ամենը առաջացնում է աղեստամոքսային խանգարումներ, որոնք վերջին հաշվով հանդիսանում են այդ հիվանդությունների տարածման պատճառը: Լուրջ խնդիրներ են առկա նաեւ գաղութներին անհրաժեշտ դեղորայքի եւ բուժսարքավորումների մատակարարման առումով: Մի դատապարտյալի հավաստմամբ, բուժկետերում հիվանդներից պահանջում են, որ վերջիններս սեփական միջոցներով հայթայթեն բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները: Փաստորեն, ստացվում է այնպես, որ գաղութներում դատապարտյալների առողջության պահպանման հարցը զուտ իրենց՝ դատապարտյալների հարցն է եւ հաճախ վերջիններիս գանգատները մնում են ձայն բարբառո հանապատի: Տպավորություն է ստեղծվում, ասես «սանչաստերը» նույնպես սեփականաշնորհված կամ, ասենք, վարձակալության տրված օբյեկտներ լինեն, որոնց եկամտաբերության մասին կարելի է միայն ենթադրություններ անել, իսկ վերջիններիս մատակարարը՝ բազմաթիվ սնանկացած ընտանիքներն ու սոված երեխաներն են, որոնց բերանից կտրած հացը, կալանավորների հարազատները «մուծում» են գաղութ կոչվող եկամտաբեր հաստատության սեփականատերերին: Դեղեր Գաղութներում կալանավորների հիվանդությունների կանխարգելման միջոցառումների առումով մեծ նշանակություն ունի նաեւ անհրաժեշտ դեղորայքի ապահովվածության հարցը: Գաղութներին կից գործող բուժմասերը լիարժեք ապահովված չեն դեղորայքով եւ համապատասխան բուժտեխնիկայով: Կարելի է հստակ պնդել, որ գաղութներում տիրող իրավիճակը մեր կյանքի առավել դաժան արտապատկերումն է: Դժվար է ակնկալել, թե մոտ ժամանակներում իրադրությունը կփոխվի, քանի որ պետական պատկան մարմինները «ցավոտ» են ընդունում այս հարցին վերաբերող ցանկացած հետազոտության փորձ: Սակայն այն հարցերը, որոնք վերաբերում են դատապարտյալների բուժսպասարկմանը, անպայման պետք է հրապարակային քննարկման առարկա դառնան եւ շարունակաբար հայտնվեն լրատվամիջոցների տեսադաշտում, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի այնտեղ տիրող իրավիճակին: ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել