Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ովքե՞ր

Հուլիս 19,2001 00:00

Քաղաքացին փողն ասֆալտից չի հավաքում Ովքե՞ր են տնօրինում շուկայական գները Նախորդ (եւ ավելի վաղ) տարիների համեմատությամբ, այս ամռանը Վանաձորի շուկայում գյուղատնտեսական մթերքներն ու մրգերն ավելի թանկ են։ Բնակչությունը հակված է կարծելու, թե պատճառը ոչ թե երաշտն է եւ «բերքի քիչ քանակը» (ինչը հաճախ է շեշտվում պետական մամուլում եւ հեռուստատեսությամբ), այլ այն, որ որոշ բանջարաբոստանային կուլտուրաներ ու մրգեր տարվում են հանրապետությունից դուրս։ «Ինչ կա-չկա՝ էքսպորտ է գնում, դրա համար էլ թանկ է»,- եզրակացնում են գնորդները։ Բարձր գների կապակցությամբ նյարդային գնորդներից ոմանք կռվի են բռնվում վաճառողների հետ՝ համոզված լինելով, որ գյուղացիները պարզապես «քերթում» են քաղաքացուն, կարծելով, թե քաղաքացին «փողը ասֆալտից է հավաքում»։ Օրինակ, այն ժամանակ, երբ ծիրանի մեծածախ գնումները արվում են 1 կգ-ը 50 դրամով, շուկայում այն վաճառվում է 200-300 դրամով։ Սակայն վաճառողների մեծ մասը վերավաճառողներ են (կամ վարձված վաճառողներ) եւ գների թանկ լինելը ոմանք կապում են այն հանգամանքի հետ, որ առեւտուրը կատարվում է 3-րդ, 4-րդ ձեռքից։ (Այս նույն սկզբունքով տավարի կամ խոզի միսը վաճառվում է իրական արժեքից երկու անգամ թանկ՝ 1200-1300 դրամով)։ Կարծիքներ էլ կան, թե շուկայական գների բարձրացումը կապված է նաեւ զբոսաշրջության շրջանի հետ, քանի որ առեւտրականները ոգեւորվում են այն մտքից, որ, միեւնույն է, քաղաքում հանգստացող հովեկներն անպայման պետք է ճոխ գնումներ կատարեն։ Համենայնդեպս, նախկին տարիների պահածոյացման շրջանի աշխույժ առեւտուրը չկա՝ մրգերի եւ շաքարավազի բարձր գների պատճառով։ Այս կապակցությամբ ենթադրվում է, թե թանկացման մի պատճառն էլ առեւտրի կետերում կուտակված ու պարբերաբար ստացվող բազմատեսակ պահածոների իրացումը հետագայում չկասեցնելու միտում ունի։ Չէ՞ որ, եթե մարդիկ կարողանան ձմռան համար պահածոներ փակել, այդ դեպքում տեղական կամ արտասահմանյան պահածոներն ավելի քիչ կիրացվեն։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, թե շուկայական ազատ տնտեսության պայմաններում, այնուամենայնիվ, գները «կարգավորվում» են. միգուցե ոչ պետության, այլ՝ «ստվերային ուժերի» կողմից, ինչի մի ապացույց է այն, որ երբեմն կարող է գների բարձրացում տեղի ունենալ՝ կապված պետական վճարումների հետ (օրինակ՝ նպաստների կամ թոշակների բաշխման օրերին)։ Դրան հակառակ, երբեմն էլ իջեցում կարող է տեղի ունենալ՝ նախընտրական օրերին։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել