Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբ բյուջեն լցնելու նպատակով կառավարության կողմից ԱԺ ներկայացվեց, այսպես ասած, հարկային բարեփոխումնե

Հուլիս 19,2001 00:00

ԲԱՌԱԽԱՂՈՒՄ ԱՎԱՆԴԱՏՈՒՆ ՉԷ, ՈՐ ՇԱՀԵՑ Երբ բյուջեն լցնելու նպատակով կառավարության կողմից ԱԺ ներկայացվեց, այսպես ասած, հարկային բարեփոխումների փաթեթը, բանկիրները, ինչպես նաեւ բանկիր պատգամավորները բողոքեցին, նշելով, թե դրա ընդունումն ու կիրառումը լրջորեն կվնասի բանկային համակարգին։ Խոսքը ավանդների տոկոսներից գանձվելիք 5% եկամտահարկի մասին էր։ Այն ժամանակ բանկերի ճնշման տակ հրահանգվեց, որ օրենքի այդ դրույթը կիրառվի հուլիսի 1-ից։ Արդեն օրինակներ կան, որ ավանդատուները, ասենք, անցած տարվա նոյեմբերից, որպես ավանդ ներդրված գումարի տոկոսները փորձել են ստանալ հուլիսի 2-ին եւ այդ 5% եկամտահարկը գանձվել է։ Մինչդեռ օրենքում նշվում է, որ այդ 5% եկամտահարկը գանձվում է «2001թ. հուլիսի 1-ից հետո ստացվող տոկոսների նկատմամբ»։ Տրամաբանորեն, դա չպետք է գանձվի մինչեւ հուլիսի 1-ը ստացվող տոկոսներից։ Վերջապես, օրենքը հետադարձ ուժ չունի։ Փորձագետների (որոնք չցանկացան, որ նշվի իրենց անունները) վերլուծությամբ, օրինակ, հուլիսի 2-ին չի կարելի ավանդատուից նախորդ ամիսներին ստացված եկամտից հարկ գանձել, երբ չէր գործում օրենքի այդ կետը։ Պետեկամուտների նախարարության ուղղակի հարկերի բաժնի գլխավոր տեսուչ Աստղիկ Ղազարյանի մեկնաբանությամբ, որը փոխանցեց գերատեսչության տեսակետը, «քանի որ ֆիզիկական անձանց համար հարկային պարտավորությունը առաջանում է փաստացի վճարումով, ուստի կիրառվում է այդ պահին եկամտահարկի գծով գործող օրենսդրությունը»։ Եվ ընդհանրապես, «օրենքում ասվում է, որ եկամտահարկը գանձվում է հուլիսի 1-ից հետո ստացվող, ոչ թե հաշվարկվող տոկոսներից»։ Նույնպիսի մեկնաբանություն տվեց նաեւ Բանկերի միության նախագահ Արմեն Եղիազարյանը, նշելով, որ միանվագություն պետք է լինի, որպեսզի եկամտահարկի գանձումը տեխնիկապես հնարավոր լինի։ Վերջապես, պրն Եղիազարյանի պարզաբանմամբ՝ «օրենքում չի նշվում, թե հարկվում են հուլիսի 1-ից հետո առաջացած եկամուտները»։ Նմանատիպ մի պատասխան էլ «Ագրոբանկից» ստացանք։ Մի շարք բանկեր, զբաղվածությունը վկայակոչելով, չցանկացան մեկնաբանել։ Հետաքրքիրն այն է, սակայն, որ մի քանի ամիս առաջ բանկիրները խիստ ընդդիմանում էին օրենքի այս պահանջին, կանխատեսելով ավանդների արտահոսք։ Այնուամենայնիվ, «Արդշինբանկի» գլխավոր տնօրեն Լեւոն Ֆարմանյանը նկատում է. «Ես բառախաղի հետեւից չեմ ուզում ընկնել։ Օրինակ, կա «հաշվարկված եկամուտներ» արտահայտությունը։ Հասկանալի չէ՝ այդ հաշվարկված ասածը, օրենսդիրը նկատի է ունեցել հաշվապահական ստանդարտնե՞րը, թե՞ ուղղակի առաջացածը»։ Ըստ պրն Ֆարմանյանի, «օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող, եւ պետք է նշված ժամկետից հետո ստեղծված եկամուտը հարկվի»։ «Արդշինբանկի» գլխավոր տնօրենի պարզաբանմամբ, «հրահանգի (օրենքի գործողության ժամկետի վերաբերյալ) հեղինակների նպատակը եղել է գանձման տեխնիկան հեշտացնելը»։ Մի խոսքով, Լեւոն Ֆարմանյանը կարծում է, որ «օրենքն անարդարացիորեն է մեկնաբանվում»։ Ինչ վերաբերում է ավանդների արտահոսքին, ապա պրն Ֆարմանյանը լուրջ չի համարում այդ վտանգը, թեեւ «Արդշինբանկը» ամենաշատ ավանդներ ունեցող բանկերից մեկն է։ Նման մտավախություն նա նախկինում էլ չի ունեցել, որովհետեւ իրենց ավանդատուների միջեւ սոցհարցումներ են արվել եւ պարզվել, որ ավանդատուներն իրենց գումարները որեւէ բանկում ներդնելիս առաջնորդվում են բանկի իմիջով եւ ֆինանսական հաշվեկշիռներով։ Ավանդատուներն արդեն մասնագիտացել են, որովհետեւ նրանց միջեւ արդեն հարյուրավորները կան, որոնք 10 հազար դոլարը գերազանցող գումարներ ունեն բանկերին ի պահ տված։ Եվ ընդհանրապես, այս հինգ տոկոսի հետ կապված, Լ. Ֆարմանյանի տվյալներով, ավանդատուների գերակշիռ մասն անհանգստություն չի հայտնում, թեեւ հենց այդ գերակշիռ մեծամասնության համար տոկոսադրույքի չափը կարեւոր է բանկի ընտրության հարցում։ Բացի այս, գլխավոր տնօրենի համոզմամբ, ավանդների արտահոսք չի լինի, որովհետեւ բացակայում են մյուս ենթակառուցվածքները՝ ապահովագրական, ներդրումային եւ այլ հաստատություններ։ Ըստ նրա, «միակ տեղը պետական պարտատոմսերն են։ Իսկ կորպորատիվ արժեթղթեր, թեեւ կան, սակայն դրանց թափանցիկությունը եւ գնանշման մեխանիզմները դեռ կայացած չեն»։ Հինգ տոկոս եկամտահարկի գանձման վերաբերյալ «Արդշինբանկը», գլխավոր տնօրենի խոսքերով, նախօրոք տեղյակ է պահել իր խոշոր ավանդատուներին։ Սակայն քիչ չեն հազարավոր այնպիսի (այլ բանկերի) ավանդատուները, որոնք չգիտեին, որ օրենքը յուրօրինակ մեկնաբանություն է ստանալու եւ հուլիսի 1-ից հետո տհաճ անակնկալի առաջ են կանգնել, մինչեւ օրս չիմանալով՝ վերցնե՞ն գումարները, թե՞ ոչ։ Խոշոր հաշվով, եթե նույնիսկ բանկերը չեն տուժելու, եթե նույնիսկ կապիտալի մեծացման պահանջի կատարման հարցում երեւույթը նշանակություն չի ունենալու, միեւնույն է, տուժում են ավանդատուները։ Վերջիններիս չեն հետաքրքրում (կամ անուղղակիորեն են հետաքրքրում) բյուջեի համալրման պրոբլեմները կամ էլ այն, որ բանկիրները օրենքի նախագծի քննարկման ժամանակ չեն նկատել, որ բառախաղ է արվում։ Եվ այս հանգամանքը, եթե ոչ մեծ մասշտաբներով, այնուամենայնիվ, հանգեցնելու է ավանդների արտահոսքի։ Սրա վերաբերյալ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ԿԲ-ից որպես պաշտոնական պատասխան նշվեց հետեւյալը. «ավանդներից ստացված տոկոսներից եկամտահարկի գանձման ազդեցության, ինչպես նաեւ բանկային համակարգում առկա միտումների մասին խոսելը դեռեւս վաղ է, քանի որ գոյություն չունի պատմություն (վիճակագրություն)»։ Իսկ օրենքի տարաբնույթ մեկնաբանության վերաբերյալ հարցը վերահասցեագրվել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ հարկային քաղաքականություն մշակողն այդ գերատեսչությունն է, որը, երեկվա դրությամբ, դեռ չէր ստացել հարցը, թեեւ ԿԲ-ի հարեւանությամբ են գտնվում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել