Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկակի վիճակ

Հուլիս 19,2001 00:00

Երկակի վիճակ Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի անդամ փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Ռուբեն Ռշտունին երեկվա ասուլիսով, ըստ էության, քիչ մանրամասներ հավելեցին մամուլում ավելի վաղ հրապարակված իրենց հարցազրույցներում պարունակվող ասելիքին։ Փաստաբանները շարունակում են պնդել, որ Գագիկ Ջհանգիրյանը ձգտում է «թյուրիմացության մեջ գցել մեր հանրապետության բնակչությանը», «ոչ ճիշտ տվյալներ է հաղորդում», «ձեռքը փրփուրներին է գցում» եւ այլն։ «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ են Միշա Հարությունյանի եւ նրա գործով վկա այլ զինվորների խոշտանգումների վերաբերյալ իրենց մեղադրանքները հասցեագրում Հայաստանի զինդատախազությանը, երբ քննիչների պարզաբանումներից ակնհայտ է, որ բռնությունները կիրառվել են մինչեւ այդ գործը ՀՀ ԶԴ վարույթ փոխանցելը՝ Ղարաբաղում, Հայկ Ալումյանը նախ պատասխանեց. «Ես առհասարակ խորհուրդ կտայի բոլոր նրանց, ովքեր հերքում, ժխտում են մեր հանձնաժողովի ընդունած որոշման մեջ նշված փաստերը, գոնե մի հատ սկզբից միմյանց հարցազրույցները կարդալ՝ հետո նոր հերթական հարցազրույցով հանդես գալ, որովհետեւ մեկը մի բան է ասում, իսկ մյուսը, չնայելով, թե նա ինչ է ասում՝ բոլորովին այլ բան։ Այսինքն՝ Ջհանգիրյանն ասում էր, որ խոշտանգումներ առհասարակ չեն եղել, իսկ քննիչ Սամվել Հովհաննիսյանը հայտարարում է, որ խոշտանգումները թեեւ եղել են (ընդունում է այդ հանգամանքը), բայց դրանք եղել են Ասկերանում»։ Մեր կողմից նկատենք, որ իրականում նույն օրը տարբեր թերթերում հրապարակված այդ երկու հարցազրույցների միջեւ հակասություն չկա, քանզի Գագիկ Ջհանգիրյանն այն հարցին, թե բացառո՞ւմ է, որ «ընդունիչ-բաշխիչ կետում» կարող էին զինվորներին խոշտանգելու դեպքեր լինել, պատասխանում է. «Ես չեմ կարող բացառել», իսկ Սամվել Հովհաննիսյանը վերապահումով է խոսում. «Եթե բռնություններ կիրառվել են, ուրեմն, կիրառվել են Ղարաբաղում»։ Հայկ Ալումյանը նաեւ նշեց. «Մնում է՝ Սամվել Հովհաննիսյանը պատասխանի հետեւյալ հարցին. իսկ այդ Ասկերանի կայազորի զինդատախազությունը, որտեղ որ խոշտանգումները եղել են՝ ո՞ւմ ենթակայության տակ է գտնվում։ Այդ հարցին էլ թող պատասխանի, մնացած բոլոր հարցերը դրանով կհանվեն»։ Պարզ է, որ ակնարկում էր, թե դրանք Հայաստանի զինդատախազության ենթակայության ներքո են։ Դեռ շատ «նուրբ» խնդիրներ կծագեն՝ Ղարաբաղի «անկախ» դատական համակարգում առկա երկակի վիճակի պատճառով։ Նման վիճակի մի դրսեւորում էլ այն էր, որ թեեւ փաստաբանները ներկայացել էին ոչ իբրեւ այս գործերով պաշտպաններ, այլ ուղղակի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներ, բայց որպես իրավապաշտպաններ չէին արծարծում, ասենք, պաշտպանության նախարարի պատասխանատվության խնդիրը բանակում նման երեւույթների առկայության համար։ Այդ մասին «Առավոտի» դիտարկմանն ի պատասխան Ռուբեն Ռշտունին ասաց. «Այսօր մենք ապացույցներ ունենք զինդատախազության աշխատակիցների կատարած հանցագործության մասին։ Եթե իմ տրամադրության տակ որեւէ ապացույց լիներ ցանկացա՛ծ պաշտոնատար անձի կողմից հանցագործություն կատարելու մասին՝ այդ հարցը ես կարծարծեի անհապաղ»։ Լրագրողներից մեկը տեղում պրն Ռշտունուն հիշեցրեց, որ Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել է նաեւ 7 հոգու ծեծի արդյունքում խոսելու ունակությունը կորցրած Սուրեն Գրիգորյանի գործը, որին ոչ թե զինդատախազությունում էին ծեծել, այլ զորամասում։ Ռուբեն Ռշտունին որեւէ բան չասաց ի պատասխան, պատճառաբանելով. «Խորապես չգիտեմ այդ գործը»։ Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել