Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ

Հուլիս 19,2001 00:00

ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ «Ձեր վիճակում գտնվող մարդու համար ընդդիմադիր գործունեությունը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ։ Վստահ ենք, որ սա գիտակցում եք, ուստի՝ մտադի՞ր եք շարունակել զբաղվել քաղաքականությամբ»,- «Առավոտի» այս հարցին Աշոտ Բլեյանը հարցով պատասխանեց. «Վախեցնո՞ւմ եք»։ Իր արձագանքից գոհ՝ ծիծաղեց եւ շարունակեց. «Իմ զսպվածությունը թելադրված կլինի միայն իրավիճակի լրջությամբ, գործի բացառիկությամբ եւ այլն։ Ինձ վախեցնելն անհնար է։ Ես մեկընդմիշտ վախին հրաժեշտ եմ տվել երեւի 1990 թվականին։ Իմ ազատությունն ամենաթանկ բանն է եւ երբեք թույլ չեմ տա, որ անգամ կնոջ կամ երեխայի նկատմամբ սերը որպես բռնակալ հանդես գա իմ ազատության նկատմամբ։ Դա բացառվո՛ւմ է։ Ի՞նչ է նշանակում քաղաքականությամբ զբաղվել։ Ես կրում եմ պատասխանատվություն՝ որպես այս Երրորդ Հանրապետության հիմնադիրներից մեկը, եւ երբեք «սպիտակ ձեռնոցներ» չեմ հագել։ Եվ անպայման, իհարկե, զբաղվելու եմ քաղաքականությամբ»։ Աշոտ Բլեյանը նաեւ հայտնեց, թե ինչ այլ ծրագրի է մտադիր հատկացնել իր գործունեության մեծ մասը՝ ակնհայտ անարդար բանտարկված քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը. «Ուրիշ բան է, որ Աշոտ Բլեյանի անուն-ազգանունը հայտնի է, եւ նա պարզապես կարողացավ իր անմեղությունը հրապարակավ ապացուցել։ Շատ քաղաքացիներ կան, որոնք պարզապես չեն կարող այդ բանն անել՝ տարբեր պատճառներով։ Ես համարում եմ, որ այսօր յուրաքանչյո՛ւր անարդար դատավճիռը, յուրաքանչյուր անմեղ անձի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական հանցագործություն է։ Յուրաքանչյուր այդպիսի քաղաքացի քաղբանտարկյալ է՝ բանտարկված քաղաքացի։ Եվ ես անպայման իմ ժամանակի մի հսկա հատված տրամադրելու եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բանտարկված չլինի։ Սա կդառնա նաեւ իմ կյանքի կարեւոր գործը»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել