Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Եվա Դարբինյան) արտագնա դատա

Հուլիս 19,2001 00:00

Ո՞վ է ՊՆ-ից գումար հափշտակել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Եվա Դարբինյան) արտագնա դատական նիստեր է անում Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանի շենքում։ Շարունակվում է «ՊՆ-ի» գործով Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատարանի կողմից դատապարտված Համլետ Ասրյանի, Իշխան Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննությունը։ Հուլիսի 13-ին ամբաստանյալ Համլետ Ասրյանը հանդես եկավ արտահերթ հայտարարությամբ, որն իրավամբ, ըստ նրա, «կարող է էապես փոխել դատաքննության ողջ ընթացքը»։ «2001թ. հուլիսի 13-ին, ժամը 21-ին, Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրով հաղորդվեց ՀՀ զինդատախազության պաշտոնական հաղորդումն այն մասին, որ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հարց էր բարձրացրել ՀՀ զինդատախազին պաշտոնանկ անելու համար, նշելով ԶԴ կողմից կատարված բազմաթիվ օրինախախտումների մասին։ Այդ հայտարարության մեջ նշվել էր մեր գործով անցնող Մավրիկ Ավետիսյանի եւ Գրիշա Գիշյանի ինչպես նրանց կողմից, այնպես էլ նրանց նկատմամբ կատարած անօրինականությունները, որոնք որոշակիորեն առնչվում են մեզ առաջադրված մեղադրանքի հետ։ Երբ հաջորդ օրը ես շարունակում էի ցուցմունքներ տալը, իբրեւ ՀՀ ՊՆ-ից հափշտակած եւ յուրացրած 134.000 ԱՄՆ դոլարի մասին, նույն «Հայլուրով» ՀՀ զինդատախազ Գ. Ջհանգիրյանը պարզ եւ հստակ հայտարարեց, որ Գրիշա Գիշյանի նկատմամբ կայացրած մեղադրանքը հիմնավոր է, որ նա իրոք հանդիսացել է ՀՀ ՊՆ Ֆինանսաբյուջետային վարչության գլխավոր հաշվապահը, միեւնույն ժամանակ հանդիսանում է նույն վարչության նախկին պետ, հանգուցյալ Մավրիկ Ավետիսյանի խնամին, որ նա իրոք Իրանից ներմուծած անորակ մսի համար ՊՆ-ին հասցրել է առանձնապես խոշոր չափի վնաս, ինքն անձամբ վերականգնել է 70 հազար ԱՄՆ դոլարը, իսկ նրա կինը՝ 150 հազար դոլարի վնասը (մնացածը վերականգնվել է Մավրիկ Ավետիսյանի կողմից ՀՀ ՊՆ պատկանելիք գումարներից)։ Ժամանակին Գրիշա Գիշյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, քանի որ նման խնդրանքով Մավրիկ Ավետիսյանը անձամբ դիմել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վ. Սարգսյանին։ Իսկ հետագայում, համաձայն ՀՀ զինդատախազի հայտարարության, Մավրիկ Ավետիսյանը, չկարողանալով ժամանակին վերականգնել ՊՆ-ին հասցրած վնասը, ինքնասպան է եղել։ Ես հարցն ուղղում եմ դատարանին եւ մեղադրողին. ո՞վ է վերջապես կատարել հափշտակումը, Համլետ Ասրյանը Իշխան Խաչատրյանի հե՞տ, թե՞ Մավրիկ Ավետիսյանն իր խնամու հետ եւ այդ գումարո՞վ է արդյոք սեփականաշնորհվել «Բազալտ» գործարանը։ Արդեն 2 տարուց ավելի է, ինչ թե առաջին ատյանի դատարանում, թե վերաքննիչում ասել եմ այն, ինչն ի լուր աշխարհի պաշտոնապես հեռուստատեսությամբ հայտարարեց ՀՀ զինդատախազը. որ Իշխան Խաչատրյանը այդ գումարները չի տրամադրել ոչ ինձ եւ ոչ էլ «Բազալտի» սեփականաշնորհմանը»։ Հ. Ասրյանը դիմել է մեղադրող Ժաննա Կոտիկյանին հրաժարվելու իրենց մեղսագրված 134.000 դոլարի մեղադրանքից, փոխելու նաեւ իրենց նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել