Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվ՝ ընդհակառակը

Հուլիս 19,2001 00:00

Կուսակցականներն իրենց անկուսակցական են զգում Եվ՝ ընդհակառակը Դեռ երկու-երեք շաբաթ առաջ ԱԺ պատգամավոր Դավիթ Հովհաննեսը հրապարակավ կանխատեսում էր, որ ՀԺԿ-ում խորը պրոցեսներ են ընթանալու, որ «սկզբունքային» ՀԺԿ-ականները տարանջատվելու են «անսկզբունքային» ՀԺԿ-ականներից։ Հետեւելով Դ. Հովհաննեսի մտքի տրամաբանությանը՝ «սկզբունքայիններ» ասելով նա նկատի ուներ նրանց, ովքեր համագործակցում են Քոչարյանի ռեժիմի հետ եւ, ինչպես ինքը, սպասում են երկրի նախագահի խոհեմ ու ծանրակշիռ խոսքին։ Չգիտեմ, նախագահն ասա՞ց իր խոհեմ խոսքը, թե՞ չէ եւ կամ ո՞ւմ ականջին ասաց, բայց ՀԺԿ-ն, ըստ էության, պառակտման շեմին կանգնեց։ ՀԺԿ-ում այսօր էլ պնդում են, որ դրանում մեծ ներդրում ունեն երբեւէ ՀԺԿ-ին չանդամակցած Գուրգեն Եղիազարյանը եւ Դավիթ Հովհաննեսը։ ՀԺԿ 7 պատգամավորներ երեկ հայտարարել են. «Կուսակցության քաղաքական գծի ետհոկտեմբերյան ձեւախեղումները, որոնք արտահայտվեցին հատկապես վերջին շրջանում՝ կապված «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագծի շուրջ ՀԺԿ առանձին պատգամավորների դիրքորոշման հետ, առիթ հանդիսացան, որպեսզի կուսակցության նորընտիր քաղխորհուրդը, առողջ քննադատության բացառման պայմաններում, բացահայտ ճնշում գործադրի պատգամավորների վրա, ինչն ակնհայտորեն վտանգում է ՀԺԿ վարկանիշը՝ սերմանելով անվստահություն կուսակցության նկատմամբ… Ուստի, անընդունելի եւ վտանգավոր համարելով ղեկավարման այս արատավոր մեթոդները՝ դատապարտում ենք նորընտիր քաղխորհրդի գործողությունները։ Կանխելու համար կուսակցության երկպառակտման լուրջ վտանգը՝ անհրաժեշտ ենք համարում ՀԺԿ վարչության առաջիկայում հրավիրվելիք նիստում քննարկել կուսակցության ռազմավարությունը եւ քաղաքական խորհրդի գործունեությունը»։ Հայտարարությունը՝ ի թիվս ՀԺԿ անդամներ Գագիկ Ասլանյանի, Մանվել Բադեյանի, Աշոտ Գալոյանի, Վանյա Հովհաննիսյանի, Միսակ Մկրտչյանի, Գագիկ Ոսկանյանի ու Սամսոն Սարգսյանի, ստորագրել են նաեւ Գուրգեն Եղիազարյանն ու Դավիթ Հովհաննեսը։ Մնում է զարմանալ, թե ինչո՞ւ են ՀԺԿ հիշյալ անդամները հնարավոր համարել, որ այդ անկուսակցականները քիթները խոթեն ՀԺԿ-ի, նրա ղեկավար մարմնի գործերի մեջ ու չգիտես ո՞ր տրամաբանությամբ պահանջներ ներկայացնեն ու գնահատական տան կուսակցության քաղխորհրդին։ Երեկ, երեկոյան ՀԺԿ վարչության քաղխորհուրդն անդրադարձել է սույն հայտարարությանը։ Վերջինս արդեն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ վերջերս ՀԺԿ 2-րդ համագումարը միահամուռ հավանություն էր տվել կուսակցության քաղխորհրդի վարած քաղաքական գծին եւ այն գնահատել՝ որպես Կ.Դեմիրճյանի գաղափարներին եւ սկզբունքներին համապատասխանող քաղաքականություն։ Ընդ որում, դեռեւս այդ համագումարում էր հիմնավորվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նկատմամբ կուսակցության բացասական վերաբերմունքը։ Կարեւորելով այդպիսի օրենքի ընդունումը, ՀԺԿ նախագահ Ս.Դեմիրճյանը նշել էր, թե ներկայացված օրինագիծը հակասահմանադրական է եւ, ըստ էության, նպատակ է հետապնդում հանրապետության վարչական ռեսուրսները կենտրոնացնել մեկ անձի ձեռքում՝ դրանից բխող քաղաքական բոլոր հետեւանքներով։ ՀԺԿ վարչության քաղխորհուրդը նշել է նաեւ, թե ՀԺԿ 7 պատգամավորների եւ երկու անկուսակցական գործիչների համատեղ հայտարարությունը փորձ է իրենց «անսկզբունքային վարքագիծը եւ իշխանություններին ամեն կերպ հաճոյանալու ցանկությունը քողարկել կուսակցության վարչության քաղխորհրդին հանիրավի մեղադրելով կուսակցության քաղաքական գծի «ետհոկտեմբերյան ձեւախեղումների» մեջ», եւ դա այն դեպքում, երբ նույն այդ ՀԺԿ-ականները համագումարի մյուս պատգամավորների հետ միասին միաձայն հավանություն էին տվել կուսակցության քաղաքական գծին։ Ուրեմն ի՞նչ պատահեց։ «Տարրական ազնվությունը պահանջում էր, որ հայտարարության հեղինակները կոնկրետ փաստարկներ ներկայացնեին թե՛ կուսակցական «ետհոկտեմբերյան ձեւախեղումներ», թե՛ «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագծի սահմանադրականության վերաբերյալ։ Նման փաստարկներ գոյություն չունեն։ Դրա փոխարեն հայտարարության մեջ առկա է ՀԺԿ-ն քայքայելու ցանկությունը»,- նշել է ՀԺԿ վարչության քաղխորհուրդը։ Հայտարարության մեջ ասված է, որ վերջինս դատապարտում է ՀԺԿ 7 անդամների վարքագիծը եւ նրանց հարցը ներկայացնելու է ՀԺԿ վարչության քննարկմանը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել