Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանի ասածներից բխում է, որ Ռոբերտ Քոչարյանն այժմ մեր հանրապետության խորհրդա

Հուլիս 19,2001 00:00

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱՆԻ՞Շ Է ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանի ասածներից բխում է, որ Ռոբերտ Քոչարյանն այժմ մեր հանրապետության խորհրդանիշերից մեկն է, որին պետք է մեծարել եւ նպաստել նրա ճանաչմանը։ «Առավոտ».- ՀԺԿ Երեւանի «Կենտրոն» տարածքային կազմակերպության խորհուրդը որոշեց անհամաձայնություն հայտնել ՀԺԿ քաղխորհրդի հետհամագումարյան ժամանակաշրջանի վարած քաղաքականությանը, նշելով, որ այն չի բխում կուսակցության 2-րդ համագումարի դրույթներից։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե որոշակիորեն ինչպե՞ս է արտահայտվել այդ շեղումը։ – Այդ հարցը մենք մանրամասն կներկայացնենք եւ կքննարկենք ՀԺԿ վարչության առաջիկա նիստում։ Ձեր մատնանշած որոշումն ընդունվել է Կենտրոնի տարածքային կազմակերպության փա՛կ դռների ետեւում կայացած նիստում։ Հանգամանալից քննարկումը կծավալվի վարչության նիստում։ «Առավոտ».- Մամուլում բազմաթիվ են կանխատեսումները, որ «Կենտրոն» կազմակերպությունն, ըստ ամենայնի, դուրս կգա ՀԺԿ-ից՝ նոր կուսակցություն ձեւավորելու համար։ Կա՞ նման հեռանկար։ – Ես «Կենտրոնի» խորհրդի նիստի ընթացքում էլ միանշանակ ասացի, որ այս բոլոր քայլերն արվում են, որպեսզի ՀԺԿ-ն շարունակի մնալ քաղաքական դաշտում որպես համախմբված, լուրջ կուսակցություն։ Եվ մնա քաղաքական դաշտի այն մասում, որում ինքը ստեղծվել էր՝ որպես կենտրոնամետ, պետականամետ եւ կառուցողական կուսակցություն։ «Ազատություն» ռ/կ.- Այնուամենայնիվ, բացառո՞ւմ եք առաջիկայում «Կենտրոն» տարածքային կազմակերպության դուրս գալը։ – Կուսակցությունը եւ «Կենտրոն» տարածքային կազմակերպությունն ամեն ինչ անելու են, որպեսզի ՀԺԿ-ն մնա որպես կուռ եւ համախմբված կուսակցություն։ Մեր բոլոր քայլերն ուղղված են լինելու դրան եւ դիմակայելու ենք բոլոր այն ուժերին, որոնք փորձելու են պառակտման քայլեր կատարել։ Իսկ եթե լինեն առանձին անհատներ, որոնք դուրս կգան ՀԺԿ-ից՝ դա չպետք է պատճառ դառնա կուսակցության պառակտման համար։ «Առավոտ».- Գտնո՞ւմ եք, որ ՀԺԿ-ից Արմեն Խաչատրյանի դուրս գալը եւ կոչ անելը, որ նոր ուժ ստեղծվի՝ կարող է կուսակցության պառակտման պատճառ դառնալ։ – Կուսակցության համախմբման եւ պառակտման դեմ քայլերի մասին արդեն ասացի իմ կարծիքը։ Իսկ պրն Խաչատրյանի կոչերի մասին հարցն ուղղեք իրեն։ «Առավոտ».- Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով, նրա քաղաքական հայտարարության մեջ նշված փաստարկները հիմնավո՞ր են։ – Ինձ անհանգստացնում են այն գործընթացները, որ այսօր տեղի են ունենում կուսակցության ներսում։ Կարելի է ասել, որ դժվար ժամանակներ է ապրում ՀԺԿ-ն, բայց համոզված եմ, որ կհաղթահարվի այս ամենը։ «Ազատություն» ռ/կ.- Ասացիք, որ կլինեն անհատներ, որ դուրս կգան ՀԺԿ-ից։ Անձամբ Դուք հաստատ դուրս չե՞ք գա։ – …(Երեկ, մինչեւ ՀԺԿ քաղխորհրդի նիստը կայացած այս զրույցի ընթացքում, պրն Ասլանյանը չցանկացավ պատասխանել այս հարցին.- Ա. Ի.)։ «Ազատություն» ռ/կ.- Արտահերթ նստաշրջանում «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագիծը նորից է քննարկվելու։ Դուք ինչպե՞ս եք քվեարկելու։ – Ես իմ կարծիքն ունեմ եւ դրանից չեմ շեղվելու։ Ես «կողմ» կքվեարկեմ։ «Առավոտ».- Ինչպե՞ս եք վերաբերվում այն մեկնաբանություններին, որ ՀԺԿ-ում այժմ տեղի ունեցողը իշխանամետ եւ ընդդիմադիր կողմնորոշումներ ունեցողների բախման հետեւանք է։ – Ես գտնում եմ՝ ընդհանրապես չի կարելի նման հարցադրումներ անել՝ կա՛մ նախագահամետ, կա՛մ ընդդիմադիր։ Եթե ընդդիմություն չես, ուրեմն՝ նախագահի հետ ես եւ հակառակը։ Ես կողմնակից եմ, որ քաղաքական դաշտում լինենք ավելի կառուցողական, պետականամետ, հարգենք հանրապետության խորհրդանիշերը։ Ես կարծում եմ, մեր այդ խորհրդանիշերն են՝ հանրապետության նախագահը, Ազգային ժողովը, կառավարությունը, կաթողիկոսը, Հայաստանի դրոշը, զինանշանը, հիմնը։ Եվ յուրաքանչյուրն իր գործունեությամբ պետք է նպաստի ե՛ւ այդ խորհրդանիշերի ճանաչմանն ու մեծարմանը, ե՛ւ պետության կայացմանը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել