Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե

Հուլիս 19,2001 00:00

ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է, ԱՅՎԱԶՅԱՆԸ՝ ՀԵՐՔՈՒՄ Եթե իրականանան շրջանառվող տեղեկություններն ու խմբի ղեկավար Վարդան Այվազյանը նշանակվի բնապահպանության նախարարի պաշտոնում, խմբում կմնա 9 պատգամավոր եւ «Կայունության» գոյությունը կասկածի տակ կդրվի՝ անհրաժեշտ թվով պատգամավորներ չունենալու պատճառով։ Ո՞ւմ եւ ինչո՞ւ էր պետք փլուզել այդ խումբը։ Խմբի ղեկավար Վարդան Այվազյանը երեկ երկիմաստ ու կիսաձայն հայտարարեց, որ գուցե նախարարի պաշտոնում իր նշանակմամբ որոշակի ուժեր հենց խումբը ցրելու նպատակ էլ հետապնդո՞ւմ են. «Գուցե հենց դա՞ են հաշվարկել»։ Ամեն դեպքում, պարոն Այվազյանը դարձյալ կիսաձայն կարծիք հայտնեց, որ եթե «Կայունության» լուծարման գնով է ինքը նախարար նշանակվելու՝ թերեւս, դրանից հրաժարվի։ Իսկ Հ.Հակոբյանը խումբը լքելու իր որոշումը երեկ պատճառաբանեց խմբի ղեկավար Վ.Այվազյանի՝ «ոչ ճիշտ» աշխատաոճով։ «Խմբում ունենալով 23 պատգամավոր, ղեկավարի աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման պատճառով մենք կորցրինք մեր ընկերներին»,- ողբերգական տոնով ասաց Հ.Հակոբյանը՝ նկատի ունենալով այն պատգամավորներին, ովքեր ավելի վաղ արդեն լքել էին «Կայունությունը»։ Ըստ նրա, Վ.Այվազյանն «արդեն 2-3 ամիս փորձում է բնապահպանության նախարարի տեղը զբաղեցնել։ Օգտագործելով բոլոր հնարավորությունները, հանդիպումներ է ունենում բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ խմբի անունից հայտարարում, թե «Կայունության» անդամները չեն ուզում աշխատել բնապահպանության նախարարի հետ։ Ես հայտարարում եմ, որ խմբում նման կարծիք չկա, քանի որ դա ոչ թե խմբի, այլ հանրապետության նախագահի ու վարչապետի որոշելիք հարցն է»,- ասաց Հ.Հակոբյանը՝ միաժամանակ վստահեցնելով, թե իրականում խմբի անդամներն ուզում են, որ նախարար Մուրադ Մուրադյանը շարունակի պաշտոնավարել, եւ այդ մասին խմբի 6 պատգամավոր նույնիսկ գրավոր հայտարարություն է արել։ Ի դեպ, Վ.Այվազյանն էլ վստահեցնում էր, թե ինքը այսօր էլ պատրաստ է լինել այն 7-րդ պատգամավորը, որը կպաշտպանի Մ.Մուրադյանին պաշտոնում թողնելու հայտարարության տակ. «Պարզապես այդ քննարկումը տեղի է ունեցել իմ Հայաստանից բացակայելու ժամանակահատվածում»։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ այսօր բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է ոչ վաղ անցյալում նույն այդ խմբի նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանը։ Ընդ որում, նրա նշանակումը տեղի է ունեցել քաղաքական բանակցությունների ու պայմանավորվածությունների արդյունքում՝ որպես «Կայունության» ներկայացուցիչ։ Հ.Հակոբյանը հայտարարեց. «Քանի որ Վ.Այվազյանի նշանակման հարցն այն աստիճան է հասունացել, որ մնում է հրամանի հրապարակումը, ես չեմ ցանկանում լինել այն խմբի մեջ, որը սատարելու է նրան՝ իբրեւ նախարարի»։ Պատգամավորը չթաքցրեց, որ ինքը չէր ցանկանա Վ.Այվազյանին նախարարի պաշտոնում տեսնել՝ «Քանի որ նա ղեկավարելու ունակություններ չունի, իսկ նրան վստահել այդպիսի մեծ նախարարություն՝ սխալ կլինի»։ Ավելին, Հ.Հակոբյանը «Կայունության» ղեկավարին մեղադրեց խմբի անդամների անունից անձնական հարցեր լուծելու մեջ։ «Մի քանի դեպքեր են եղել, երբ նա խմբի անունից առանձին մարդկանց խոստացել է, որ ինչ-որ հարցում պատգամավորներն այսպես կքվեարկեն, եւ դա այն դեպքում, երբ խմբում այդ հարցի վերաբերյալ դիրքորոշումը հստակեցված չէր։ Հետո դուրս է գալիս, որ իբր ինքն ասել է՝ ոնց քվեարկենք, մենք համաձայնության ենք եկել, հետո էլ սխալ ենք վարվել։ Ինքը փորձում է ինչ-որ մարդկանց ծառայություններ մատուցել, ասել, թե ինքը կարող է քննարկումները էս ձեւ տանի, էն ձեւ տանի, իսկ մնացած պատգամավորները գործիք են, իսկ ինքը ոնց ուզենա՝ կանի»,- իրավիճակը յուրովի բացատրեց պարոն Հակոբյանը։ Վ.Այվազյանը, ըստ էության, հերքեց Հ.Հակոբյանի այդ մեղադրանքը՝ «Խումբը պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես, իր գործողությունների ու քվեարկությունների արդյունքում հստակ ցույց է տվել, որ պաշտպանում է կառավարության, այդ թվում՝ նաեւ բնապահպանության նախարարի գործունեությունը։ Չկա որեւէ փաստաթուղթ, որը հակառակը կապացուցի»։ Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված իր դեմ ուղղված Հ.Հակոբյանի մեղադրանքները, «Կայունության» ղեկավարն ակնարկեց, թե իր գործընկերը ձեռնարկատեր է ու միգուցե ինչ-ինչ հարցեր ունի լուծելու կամ Մ.Մուրադյանի հետ ընդհանուր շահեր ունի։ Վ.Այվազյանը երեկ կարծես թերահավատ էր, թե 3-4 ամիս իր նշանակման մասին տեղեկությունները շրջանառվելուց հետո, ի վերջո, իրականություն կդառնան։ Մինչ Վ.Այվազյանը սպասումների մեջ է, Հ.Հակոբյանը որոշել է, թե ինչ է անելու առաջիկայում. «Երեւի կանդամակցեմ «Ժողովրդական» խմբին, քանի որ այնտեղ հավաքված են «Կայունության» նախկին անդամները»։ Վ.Այվազյանն էլ հոռետես չէ։ Նա հույս ունի, որ հնարավոր է խումբը համալրել 2 շաբաթվա ընթացքում, բայց այդ խնդիրը խիստ անհրաժեշտ կլինի միայն սեպտեմբերին։ Իսկ մինչ այդ Վ.Այվազյանը հավատացած է՝ «Մինչեւ սեպտեմբեր ԱԺ քաղաքական ուժերի լուրջ վերադասավորումներ տեղի կունենան»։ Նրա ակնարկը, թե ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն է նոր ուժի ձեւավորման մասին հայտարարություն արել, թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկայում՝ ի դեմս «Կայունության» մնացորդների ու ՀԺԿ-ից վտարվածների ու դժգոհների, հնարավոր է, նոր խորհրդարանական միավորում ձեւավորվի, գուցե, հենց հիշյալ խմբի տանիքի ներքո։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել