Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ, ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Հուլիս 18,2001 00:00

ՊԱՅՔԱՐ, ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեց 43 ըմբիշ։ Նրանց մեջ էին նաեւ հանրապետությունում ներկայիս առաջատար մարզիկներից շատերը, որոնք լայն ճանաչում ունեն նաեւ միջազգային ասպարեզներում։ Ուրախալի է, որ վերջին շրջանում բավականաչափ բարձրացել է ըմբշամարտի հեղինակությունը Հայաստանում։ Ստեպ-ստեպ հայտնվում են հովանավորներ, որոնք բավականին խոշոր գումարներ են հատկացնում այս կամ այն միջոցառումը կազմակերպելու համար, որը լուրջ խթան է հանդիսանում ոչ միայն մեդալների համար մղվող պայքարում, այլեւ նպաստում է ըմբշամարտի տարածմանն ու զարգացմանն ընդհանրապես։ Բացառություն չէր նաեւ գավաթային այս խաղարկությունը, որը կազմակերպել էր մարզաձեւի Երեւանի քաղաքային ֆեդերացիան (նախագահ՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ Սամվել Գեւորգյան)։ Նրան աջակցել ու հովանավորել էին նաեւ հանրապետական ֆեդերացիայի նախագահ, աշխարհի եռակի գավաթակիր, Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, վանաձորցի Ստեփան Սարգսյանը եւ ներկայումս Գերմանիայում բնակվող Սերգեյ Ղազարովը։ Վերջինն այս մրցումների հաջող անցկացման նպատակով տրամադրել էր ավելի քան 10 հազար դոլար, որի շնորհիվ էլ հնարավոր եղավ յոթ քաշային կարգերում հաղթող ու մրցանակակիր դարձած մարզիկներին համապատասխանաբար հանձնել 500, 250 եւ 120 դոլար դրամական պարգեւ, ինչպես նաեւ որպես խրախուսանք 250-ական դոլար վճարել հաղթողների մարզիչներին։ Ըստ քաշային կարգերի, պատվո պատվանդանի վերին աստիճանին կանգնեցին գյումրեցիներ Արտաշես Մինասյանը (54 կգ), Վահե Կարապետյանը (76), Լեւոն Գեղամյանը (85), երեւանցիներ Կարեն Մնացականյանը (58), Արմեն Ֆահրադյանը (63), Վաղինակ Գալստյանը (69) եւ Էջմիածնի ներկայացուցիչ Սերոբ Մուրադյանը (97)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել