Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՄ ԵՆ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ

Հուլիս 18,2001 00:00

ՄՐՑՈՒՄ ԵՆ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ Հուլիսի 16-ին Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում կայացավ 5-7 տարեկան երեխաների «Միսս եւ միստր Հայաստան-2001» գեղեցկության, ներդաշնակության, նրբագեղության մրցույթ-փառատոնը։ Այն անցկացվեց 3 փուլով։ Փոքրիկները հանդես եկան հեքիաթների հերոսների կերպարներով, 2-րդ փուլում ներկայացրին արագ պար, իսկ 3-րդ փուլում՝ վալս պարեցին։ Դեռեւս 1997 թվականից անցկացվող այս փառատոնի կազմակերպիչը «Միսս եւ միստր Հայաստան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Խաչատրյանն էր։ Հիրավի, հաճելի էր տեսնել փոքրիկ հրաշամանուկներին, ասենք, Մենդելսոնի երաժշտությամբ վալս պարելիս։ Երեխաները հանդես եկան 27 զույգերով եւ ներկայացնում էին Երեւանը, Գյումրին ու Աշտարակը։ Եվ, իսկապես, շատ դժվար էր որոշել, թե ովքեր են հաղթողները կամ պարտվողները։ Հատկապես, երբ ժյուրիի կազմում անդամները մեկը մյուսին չէին ճանաչում։ Երբ ժյուրիի նախագահ, «Երրորդ ալիք» հաղորդաշարի տնօրեն Կարեն Քոչարյանից փորձեցինք ճշտել, թե ինչ սկզբունքով են անդամներն ընտրվել, դժվարացավ պատասխանել։ «Ես չեմ կարող ժյուրիի կազմը ներկայացնել, կազմակերպիչներին հարցրեք, քանի որ ես էլ եմ հյուր։ Դե, կազմը հիմա կներկայացնեն, երեւի»,- փառատոնի սկզբում ասաց ժյուրիի նախագահը։ Մրցույթը կազմակերպական առումով առանձնապես չփայլեց։ Ասենք, հաղորդավար Գարիկ Իսրայելյանը անընդմեջ շփոթում էր փոքրիկների անուններն ու սխալ հայտարարում։ Կամ ընդհատում էր մրցույթը ու հայտարարում, որ ավտոկանգառում մեքենաներից մեկը (մակնիշը նշելով) խանգարում է մյուս վարորդներին։ Իսկ վերջում, երբ նկատեց, որ հաղթող երեխաների ծնողները ողջագուրվում են, բարձրախոսով խնդրեց կրկնել այդ պահը «տեսանկարահանման ու հավերժացնելու համար»։ Ինչեւէ, մրցույթը կայացավ ու մեկը մյուսից անտեղյակ ժյուրին 5-7 տարեկան տարիքային խմբում «Միսս Հայաստան-2001» մրցանակին արժանացրեց Հռիփսիմե Խաչատրյանին, իսկ «Միստր Հայաստան- 2001»-ը ստացան 2 փոքրիկներ, որոնք հավաքել էին հավասար միավորներ՝ Օնիկ Մանուկյանն ու Ռոբերտ Թովմասյանը։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել