ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԲՐՅՈՒՍ ԼԻԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Օրերս «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց արեւելյան մարտարվեստների անդրանիկ փառատոնը, որը նվիրված էր ձեռնամարտի բոլոր ժամանակների մեծագույն վարպետներից մեկի՝ Բրյուս Լիի հիշատակին։ Միջոցառման կազմակերպիչը «Ջիտ Կուն Դո»-ի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արտյուշա Ղանդոյանն էր, որը ոչ միայն արեւելյան մարտարվեստների սիրահար է, այլեւ Բրյուս Լիի մեծ երկրպագու։ Ի դեպ, Բրյուս Լին հենց «Ջիտ Կուն Դո» ոճի ներկայացուցիչ է եղել։ Փառատոնին մասնակցելու էին հրավիրվել նաեւ արեւելյան մարտարվեստների Հայաստանում գործող այն ինը ֆեդերացիաները, որոնք մեզանում համեմատաբար բարձր վարկանիշ ունեն։ Իրենց վարպետությունը ցուցադրելու ցանկություն ունեցողները բավականին շատ էին, սակայն կազմակերպիչները ընտրեցին 57 լավագույններին, որոնք էլ մասնակցեցին փառատոնի ծրագրի մեջ մտած «Ջիտ Կուն Դո»-ի Հայաստանի պատանեկան բաց առաջնությանը։ Հաղթող դարձած եւ աչքի ընկած պատանիները համալրեցին Հայաստանի այս տարիքային խմբի հավաքականը եւ կնախապատրաստվեն սեպտեմբերին կայանալիք Կիեւի բաց առաջնությանը, որի հրավերն արդեն կա։ – Բացի Բրյուս Լիին հարգանքի տուրք մատուցելուց, փառատոնը կազմակերպելիս ուրիշ ի՞նչ նպատակներ ունեիք,- հարցրինք Արտյուշա Ղանդոյանին։ – Մեկ տանիքի տակ հավաքել արեւելյան մարտարվեստի տարբեր ոճերի ներկայացուցիչներին, միմյանց ճանաչել ու շփվել ավելի մոտիկից, համագործակցել եւ ապացուցել, թեկուզ նախ եւ առաջ ինքներս մեզ, որ անհրաժեշտության դեպքում արեւելյան մարտարվեստները կարող են համախմբվել եւ դառնալ մեկ բռունցք։ Բացի դա, ցանկանում էինք, որպեսզի մարզասերը, արեւելյան մարտարվեստներով հետաքրքրվողները մեր ունեցած լավագույն մարզիկների ցուցադրմամբ տեսնեն, թե իրականում իրենցից ինչ են ներկայացնում դրանք, ինչ ընդհանրություններ ու տարբերություններ կան տարբեր դպրոցների ու ոճերի մեջ, որպեսզի հասկանան, որ մարտարվեստը ոչ թե կռիվ անելն է, այլ մարմնին եւ հոգուն տիրապետելու կարողությունը։ Ինչ վերաբերում է պատանեկան առաջնությանը, մարզական առումով այն նույնպես մեզ բավարարեց։ Ի հայտ եկան մարզիկներ, որոնք կարող են հեռանկար ունենալ, լավ են տիրապետում գրոհներին ու պաշտպանությանը, գցումներին եւ այլ հնարքների։ – «Ջիտ Կուն Դո»-ի ֆեդերացիան Հայաստանում համեմատաբար նո՞ր կազմակերպություն է։ – Այս տարի լրացավ մեր կազմավորման երեք տարին։ Ու ես ուրախ եմ, որ այս փառատոնի անցկացումը միեւնույն ժամանակ մեր կայացումը եղավ։