Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անվանի պատմավիպասանը հարգված ու սիրված գրող է թե՛ հայրենիքում, եւ թե՛ Սփյուռքում։ Նա ընթերցողին հայտ

Հուլիս 18,2001 00:00

Հայկ Խաչատրյանի «Հայուհիները» Անվանի պատմավիպասանը հարգված ու սիրված գրող է թե՛ հայրենիքում, եւ թե՛ Սփյուռքում։ Նա ընթերցողին հայտնի է «Տիգրան Մեծ», «Էրեբունի», «Արտավազդ», «Արտաշես», «Քերթողահայրը», «Տրդատ Մեծի խաչը», «Վաչագան» եւ ուրիշ պատմավեպերով, գրական տեղեկատուներով, օրացույցներով եւ այլ երկերով։ Նրա նոր ժողովածուն նվիրված է հայ անվանի կանանց (Հայուհիներ, Պրակ 1, եր., Զանգակ-97, 2001, 229 էջ)։ Այն սկսվում է կանանց հանդեպ հարգալից լինելու տղամարդկանց ուղղված հեղինակի պատվիրանով, «կին» բառի բացատրությամբ, հեղինակի առաջաբանով, ուր նկարագրելով հայ կնոջ նվիրվածությունը իր ամուսնուն, նա գրում է. «Միշտ չէ, որ ծանրությունն ընկած է եղել տղամարդու ուսերին։ Պատահել է այնպես, որ հայ կինը մի դարից մյուսն է ոստնել՝ տղամարդուն շալակն առած»։ Ապա, մեր օրերում, երբ տղամարդիկ լքում են հայրենիքը, հայուհիներն են կանխում նրանց. «Կանգ առեք, այրեր, այդ ո՞ւր եք չվում»։ Այբբենական կարգով գրքում ներկայացված են տվյալներ 186 կանանց մասին։ Ցանկը սկսվում է արձակագիր, բանաստեղծուհի Աշխեն Աբազյանով եւ ավարտվում է մանկագիր Գոհար Ֆիլոյանով։ Վերջում տեղ են գտել Անահիտ, Աստղիկ, Նանե եւ Ծովինար աստվածուհիների մասին տվյալները։ «Զանգակ-97» հրատարակչությունը, անշուշտ, լավ նախաձեռնություն է հանդես բերել՝ հրատարակելով մեղվաջան գրողի ինչպես նախորդ, այնպես էլ այս գիրքը, որը ցանկալի կլինի յուրաքանչյուր հայ ընտանիքի համար։ Արժե այն լույս ընծայել նաեւ օտար լեզուներով, բայց ոչ այս տեսքով։ Ժողովածուն անթերի կլիներ, եթե համեմատաբար ընդարձակ կենսագրությունների կողքին չճնշվեին մի քանի բառից բաղկացած, երբեմն անորոշ ասված կենսագրությունները։ Օրինակ, հայտնի է, որ երկար տարիներ ՀԿԿ Իջեւանի կուսշրջկոմի առաջին քարտուղար է աշխատել Ջեմմա Անանյանը։ Այդ մասին ոչ մի խոսք չկա նրան նվիրված հինգ ու կես տողից բաղկացած նախադասության մեջ։ Դերասանուհիների, նկարչուհիների կենսագրություններում անհրաժեշտ է թվարկել նրանց խաղացած դերերն ու ստեղծած կտավները։ Ընդամենը չորս տող եւ մեկ բառ է ՀՀ ժողդերասանուհի Արեւ Բաղդասարյանի կենսագրությունը։ Գրեթե այդ ծավալն ունեն դերասանուհիներ Երանուհի եւ Վերգինե Գարագաշյանների, արձակագիր Զապել Եսայանի, դերասանուհի Օլգա Մայսուրյանի, քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտուի, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի կենսագրությունները։ Չեն նշված արվեստաբան Աստղիկ Գեւորգյանի ծննդյան եւ խմբավար (ըստ գրքի՝ խմբագիր) Էմմա Ծատուրյանի մահվան տարեթվերը։ Բացակայում են ութսուն հայուհիների, այդ թվում Մեդեա Աբրահամյանի, Գոհար Գալաջյանի, Զարուհի Գալեմքարյանի, Սրբուհի Լիսիցյանի եւ այլոց լուսանկարները, որոնք կարելի էր վերցնել Հանրագիտարանի խմբագրությունից, ուր աշխատում է Հայկ Խաչատրյանը։ Ինչպես ասում են, այս գիրքը մի մարդու բան չէ, քանի որ կյանքի բոլոր բնագավառներում էլ կան անվանի հայուհիներ եւ նրանց կենսագրությունները կարող են լավ գրել եւ արժանվույն գնահատել այդ բնագավառների մասնագետները։ Արվեստաբան Ալիս Հավասարգյանին ներկայացնելիս հեղինակը ընթերցողին հիշեցնում է նրա «Բեմին նվիրված հայուհիները» (1999) մեծարժեք գիրք-ալբոմը, որը կարող էր փայլուն օրինակ լինել այս գրքույկը գրելիս։ ՀՐԱՉՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել