Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերայից հետո, մեզանում արդեն, ըստ ընդունված կարգի՝ թիմեր կազմած թե՛ արվես

Հուլիս 18,2001 00:00

ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ… Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերայից հետո, մեզանում արդեն, ըստ ընդունված կարգի՝ թիմեր կազմած թե՛ արվեստագետների եւ թե՛ արվեստասերների մի մասը «անցել են գործի»՝ խոսում են, ինչու չէ՝ բամբասում, ելույթներ ունենում, ապագայի կանխատեսումներ անում, եւ այսպես տարածվում են ասեկոսեները։ Արդեն տարածված մի քանի «ասում են, թե…»-երի սպառիչ պատասխանները լսելու ակնկալիքով դիմեցինք բեմադրող ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանին։ – Ավարտելով Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիան, օպերային թատրոնի ռեժիսորի մասնագիտությամբ, ասում են թե, օպերա բեմադրելու հավակնություն չեք էլ ունեցել։ – Նախ ուզում եմ ասել, որ համաձայնեցի պատասխանել «ասում են, թե…»-երին մի պարզ պատճառով՝ «Առավոտը» իմ նախընտրած թերթերից է։ Իսկ հիմա պատասխանեմ Ձեր հարցին. օպերային թատրոնը, օպերան՝ որպես ժանր, անկենդան թատրոն է։ Տանել չեմ կարողանում զգեստավորված համերգներ։ Թատրոնը դա էմոցիա է, գործողություն, շարժում… Այո, չեմ երազել օպերային թատրոնում բեմադրություն անել։ «Կարմենը» հոգեհարազատ էր ինձ, որովհետեւ վերջինս թատրոն-ներկայացում է, թեպետ ցանկացած ներկայացում կարելի է թատրոն սարքել։ Իմ տարերքը թատրոնն է։ – Ասում են, թե «Կարմենը» բարեկամներով բեմադրած ներկայացում է։ – Ներկայացման դիրիժոր Կարեն Դուրգարյանը, բեմադրող նկարիչ Ռաֆայել Խաչատրյանը, զգեստների նկարիչ Ռուբինա Հովհաննիսյանը եւ ես, այո, բարեկամներ ենք։ Մեր այս թիմը սիրով աշխատում է երաժշտական Կամերային թատրոնում։ Օպերային թատրոնում մենք ցույց տվեցինք ինչ-որ որակ, լավ թե վատ՝ թող դատի հանդիսատեսը։ Բառի իսկական իմաստով՝ բարեկամ է Կարեն Դուրգարյանը։ Նա իմ քրոջ որդին է։ Չեմ կարող հասկանալ էդ լեզուներին։ Ուրիշ բան է, եթե ապաշնորհ մարդիկ հավաքված լինեին։ Թվարկած բոլոր անուններն արդեն ճանաչված են մեզանում։ Ի վերջո, եթե մի գործ ես անում, շուրջդ պետք է հավաքված լինեն բարի կամեցողներ՝ բարեկամներ։ – Ասում են, թե դեկորների վրա գնացել է 6 կգ երկաթ, իսկ բեմը դեկորախեղդ էր արված։ – Դեկորների վրա գնացել է ոչ թե 6 կգ, այլ 6 տոննա երկաթ։ Նկարչի հետ փորձել ենք ստանալ Իսպանիայի միջավայրը, որ շատ գունեղ չլինի։ Այդ երկիրը գունեղ է իր մարդկանցով, զգեստներով… Այսպես կոչված՝ չեզոք ֆոնի վրա գունեղ զգեստներն ավելի աշխույժ ու դինամիկ էին։ Իսկ դեկորների շինությունը մտածել ենք այնպես, որ այն մեկ դառնա հրապարակ, մեկ՝ արենա… մի խոսքով՝ ելնելով սյուժեից։ Կարծում եմ՝ հեշտությամբ վերջիններս կաշխատեն եւ բացօթյա բեմերում։ – Ամբողջությամբ ի՞նչ գումար պահանջվեց։ – Նախատեսված էր 40.000 դոլար։ Ասեմ, որ բացի բեմադրական ծախսերից, կային ուրիշ ծախսեր։ Օրինակ, 180 կոստյում օպերան իր ուժերով կարճ ժամանակահատվածում չէր կարող կարել։ Հրավիրվեցին արհեստավորներ։ Եթե պակաս բաներ կային, ուրեմն չէր հերիքել տիկին Լուիզ Սիմոնի կողմից տրամադրված գումարը։ Ինձ թվում է՝ պակաս ոչինչ չկար… – Ասում են, թե մինչեւ վերջին րոպեն Ռուբեն Նուրիջանյան-Խոզեն չգիտեր ի՞նքն է երգելու, թե հրավիրված երգիչը, իսկ Նարինե Անանիկյան-Կարմենը փոխարինող չուներ։ – Պրեմիերայից առաջ Ռուբենը վատառողջ էր, իսկ երկրորդ ներկայացումից հետո վախճանվեց նրա հայրը։ Սանկտ Պետերբուրգից հրավիրված երգիչը երգեց Խոզե։ Չունենալով փոխարինող, Նարինեն երեք պրեմիերա երգեց, հավատացեք, ոչ ոք չէր դիմանա։ Նորավարտ երգչուհին դեռ ուսանողուհու հոգեբանություն ունի… Իհարկե, կարելի է շատ խիստ լինել, բայց մեկը չկար, որին տեսնեինք այդ կերպարում։ Երիտասարդներին պետք է քաջալերել, ոգեւորել, այլ ոչ թե պիտակներ կպցնել։ Իսկ հիմա թույլ տվեք «ասում են, թե…»-երը ես շարունակեմ։ Այսպես՝ ասում են, թե տիկին Լուիզ Սիմոնը էլի փող պետք է տա, արդեն ուրիշ բեմադրության համար։ Օպերային թատրոնը հյուրախաղերի է մեկնելու Ամերիկա, Իտալիա… Մենք բոլորս էլ սիրելու ենք օպերային արվեստը ու ազգովի հաճախելու ենք օպերային թատրոն… Այսքանը «ասում են, թե…»-երից։ Սա էլ ասեմ՝ հռոմեացի բանաստեղծ Օվիդիոսի աֆորիզմներից՝ «Մաքուր խղճին ու գործին ասեկոսեներն ամենեւին չեն դիպչի»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել