Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու

Հուլիս 18,2001 00:00

Ուսուցիչների եւ աշակերտների թիվը նվազել է Լոռու մարզի դպրոցներում աշխատում է 4700 ուսուցիչ։ Աշակերտների թիվը 56000 է։ Այսինքն, յուրաքանչյուր ուսուցչին միջին հաշվով հասնում է 11 աշակերտ։ Ասել է թե՝ ուսուցիչները «շատություն են անում»։ (Ի դեպ, մինչերկրաշարժյան տարիների համեմատությամբ, դպրոցների թիվը Վանաձորում ավելացել է՝ 28-ից հասնելով 33-ի եւ այդ թվի մեջ չեն մտնում 4 վարժարանները)։ Եվ, այդուհանդերձ, գործազուրկ ուսուցիչների բանակը տարեցտարի համալրվում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ինչպես նաեւ՝ մասնավոր բուհերի) շրջանավարտների հաշվին։ Բնականաբար, քաղաքի շրջանավարտների մեծ մասը գյուղական դպրոցներում աշխատելուց խուսափում է, մինչդեռ գյուղերում մեծ է ուսուցիչների պահանջարկը առանձին մասնագիտությունների եւ հատկապես օտար լեզվի գծով։ Գյուղական որոշ դպրոցներում այդ առարկան չի դասավանդվում, իսկ դա նշանակում է, որ այդ դպրոցների աշակերտների սահմանադրական իրավունքները՝ կրթություն ստանալու եւ մասնագիտություն ձեռք բերելու, մասնակիորեն ոտնահարվում են։ Հատկանշական է, որ 2000թ. Վանաձորի մանկավարժական ինստիտուտում վերաբացված հեռակա բաժնում նույնպես օտար լեզուն չէր նախատեսվել։ Փաստորեն, մի կողմից ուսուցիչների գերկուտակում կա, մյուս կողմից՝ պահանջարկ։ Եվ ոչ միայն ուսուցիչների, այլեւ՝ աշակերտների, քանի որ վերջին 2-3 տարիներին աշակերտների թիվը ամբողջ Լոռու մարզում պակասել է շուրջ 2 հազարով (1998թ.՝ 57.952 էր, այսօր՝ 56.000)։ Ուսուցիչների պահանջարկի հարցը լուծելու նպատակով անհրաժեշտ է կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու, գյուղական վայրերի ուսուցիչներին արտոնություններ տալու, ինչպես նաեւ գյուղական որոշ վայրերում 8-ամյա դպրոցները միջնակարգ դարձնելու միջոցով։ Նշենք, որ գյուղերում դպրոցների 8-ամյա լինելու հանգամանքը դեռեւս մինչերկրաշարժյան տարիներից է գալիս, սակայն այն ժամանակ նման դեպքերում հետագա ուսուցումը կազմակերպվում էր պրոֆտեխուսումնարաններում կամ գիշերօթիկներում։ Իսկ ներկա պայմաններում գիշերօթիկների հնարավորությունները փոքր են, գյուղական 8-ամյան ավարտողներից էլ ոչ բոլորը հնարավորություն ունեն ուսումը շարունակել միջնակարգ դպրոց ունեցող այլ բնակավայրում։ Նաեւ անհրաժեշտ է գյուղական վայրերից առավել շատ մասնագետներ գործուղել հեռակա ուսուցման, իսկ առանձին մասնագիտությունների գծով պետպատվերի շրջանակները սահմանափակել՝ հաշվի առնելով առաջիկա տարիներին այդ մասնագետների պահանջարկի բացակայությունը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել