Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Հուլիս 18,2001 00:00

ԿԴԱՌՆԱ՞ՆՔ, ԱՐԴՅՈՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Հարցազրույց «Ազատագրված տարածքների պաշտպանություն. հասարակական նախաձեռնություն» միության անդամ, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի հետ։ -Պրն Աղալովյան, դուք եղել եք 96թ. ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու։ Արցախի հարցում այն ժամանակ որդեգրած ձեր հայեցակարգը փոխվե՞լ է այսօր։ – Պետք է շեշտեմ, որ իմ հայեցակարգը չի փոխվել։ Գտնում եմ, որ Ադրբեջանը չունի իրավական հիմքեր այդ տարածքների համար։ Պատմությունը ընձեռել է մի հնարավորություն, որը պետք է մենք օգտագործենք մաքսիմալ՝ դառնալով այստեղ պետություն։ Ես պետք է շեշտեմ, որ ամեն մի պետություն ձգտում է, որպեսզի իր սահմանները անցնեն բնական արգելքներով։ Գործի բերումով (իսկ դա պայմանավորված է Ադրբեջանի գործողություններով) ես ունեմ քարտեզների շարք, մինչեւ Արցախյան շարժման շրջանի, որը, փաստորեն, Գետաշենն էր, Գարդմանքն էր, Շահումյանը եւ ԼՂԻՄ-ը, ըստ էության, 1992-93թթ. Արցախը, որից մնացել էր մի փոքր կտոր ԼՂԻՄ-ից, Էլչիբեյն էլ հայտարարում էր, որ շուտով իր ոտքերը կլվանա Սեւանում։ Հակահարված էր անհրաժեշտ տալ, ինչը տրվեց։ Մեր ժողովրդի բոլոր հատվածների միակամ ջանքերի շնորհիվ։ Եվ ագրեսորը Հայաստանը չէր։ Բնականաբար, մեր սահմաններն անցնում են մեր պատմական տարածքներով եւ բնական արգելք հարավում հանդիսանում է մայր Արաքսը։ Իմ ձեռքի տակ է վերջերս պարսկերենից թարգմանված Միրզա Յուսուֆ Ներսեսովի «Ճշմարտացի պատմություն» գիրքը, որտեղ խոսվում է այն տարածքների մասին, որոնք այժմ կոչվում են «գրավյալ». այդ տարածքները եղել են ի վերջո մերը։ Ղարաբաղում եղել են հինգ մելիքություններ եւ, փաստորեն, դրանք Դիզակի մելիքության սահմաններն են։ Արեւմտյան սահմանը սկսվում էր Հագառու գետից, հարավային սահմանը՝ Արաքս գետից, մինչեւ Քյոնդալան գետը (այսօրվա արեւելյան գծից 40 քմ արեւելք)։ Այսինքն, մենք գտնվում ենք 19-րդ դարի մեր պատմական սահմաններում։ – Ինչպիսի՞ն են այսօրվա մոտեցումները։ – Այսօր ձեւավորված է, ըստ էության, երկու տեսակետ. փուլային եւ փաթեթային (ՀՀՇ+ այսօրվա իշխանությունների), ինչը ենթադրում է, որ պետք է վերադարձվեն բոլոր այդ 6 շրջանները, Լաչինը պետք է լինի միջանցք (որը կարող է հսկվել կամ չհսկվել) եւ ԼՂԻՄ-ի հետ էլ Հայաստանը պետք է ունենա տարածքային կապ։ Իհարկե, փաթեթայինի դեպքում բոլոր հարցերին տրվում է պատասխան. մենք ինչի՞ ենք գնում։ Ինձ շատ զարմացրեց, երբ Վ. Օսկանյանը հայտարարեց «զբաղեցրած» տարածքների մասին։ Նույն բանը նա ասել էր (վերադարձման իմաստով) մոտ մեկ տարի առաջ։ Երբ «հաճախ ենք ասում փոխզիջում, բայց ո՞րն է այն սահմանագիծը, որից անդին հայկական կողմը չի գնա» հարցին պատասխանել էր. «Եթե հարցը լուծվում է Ղարաբաղի եւ Հայաստանի ընդհանուր շահերից ելնելով եւ Ղարաբաղը ստանում է մի այնպիսի կարգավիճակ, որը բավարարում է մեր պայմանները, ապա նման կարգավիճակ ստանալու դեպքում, Լաչինից բացի, միշտ էլ ասվել է, որ մյուս տարածքները պետք է վերադարձվեն։ Սա փաստացի արձանագրված է եւ բանակցություններն ընթանում են այս ենթադրությամբ»։ Փաստորեն, երբ նա հայտարարեց «օկուպացված» («զբաղեցրած») տարածքների մասին, վերստին շեշտեց, որ, այո, 6 շրջանները պետք է վերադարձվեն։ Ի վերջո, կարեւորը օգտագործված բառերը չեն, այլ վերջնական արդյունքը։ Այս տեսակետին գործնականում կողմ են կառավարող շրջանները, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, գործնականում նաեւ այսօր։ Հիշում եմ, մեկ տարի առաջ մի խումբ մտավորականներ եղանք Ռ. Քոչարյանի մոտ եւ նա արտահայտվեց, որ, այո, այդ տարածքները պետք է վերադարձվեն։ Եվ ես ստիպված էի իրեն ասել, որ «դուք Լեւոն Տեր-Պետրոսյանից ոչնչով չեք տարբերվում»։ Երկրորդ տեսակետին կողմ են մտավորականները, նրանք, ովքեր մասնակցել են ազատամարտին եւ արյուն են թափել, ցանկացած հայ, ում մտահոգում է մեր երկրի ապագան։ Պետք է պահել այսօրվա կարգավիճակը, որովհետեւ հայկական սեպ հասկացությունը գնահատելի է մի շարք խոշոր պետությունների կողմից (Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի)։ Երբ որ այդ տարածքները մենք ետ տանք (մինչեւ Մեղրի), ապա կծագի Մեղրիի հարցը։ – Իսկ արդյոք չի՞ ծագել։ – Եթե հանգեն Լաչինի տարբերակին, իսկ նշված տարածքներն էլ ետ տան, բնականաբար, եթե չի առաջացել Մեղրիի հարցը, անպայման կառաջանա ու մեր դիրքերն էլ կթուլանան, որովհետեւ միջազգային հանրությունը կասի. եթե դուք ցանկանում եք այդ փոքրիկ հատվածով կապ հաստատել, նրանք էլ մյուս փոքրիկ հատվածն են ցանկանում։ Եթե Ադրբեջանը 150 կմ հեռու է Թուրքիայից (ներկա վիճակով), իսկ այստեղ խնդիրն այն է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանով մտնել Միջին Ասիա, ինչը վտանգում է Չինաստանին, Ռուսաստանին, եւ ձգտում է գերիշխող դեր խաղալ տարածաշրջանում։ Մենք պիտի հաշվի առնենք այն, որ տարածաշրջանում մենակ չենք եւ այդ շահերը մեր օգտին են աշխատում։ Երբ տարածքները ետ տանք, մենք պետք է 3 անգամ ավելացնենք մեր պաշտպանվելու սահմանները։ Ասում են՝ «նրանք կտան երաշխիքներ»։ Դրանք սին խոսակցություններ են, ի վերջո կյանքը ցույց տվեց, որ բացի հայտարարություններ անելուց, ոչ ոք գործնականում չի օգնում։ Մենք պետք է հենվենք մեր միասնության վրա։ Շեշտենք, որ այս 7 տարիների ընթացքում մենք մատնված ենք անգործության։ Ավելին՝ գնացել ենք հակառակ ուղղությամբ. քանդելու, ջարդելու, փշրելու, իսկ տարածքները մնացել են թափուր։ Դեռ չբնակեցված եւ չյուրացված։ Ինձ թվում է, քաղաքական բոլոր կուսակցությունների գործունեությունը պետք է լինի ժողովրդին առաջնորդել, որպեսզի նրանք գնան այնտեղ ապրելու։ Պետք է եղած ռեսուրսները պահպանել։ Իմիջիայլոց, այդ տարածքները մենք ազատագրել ենք գրեթե առանց մեծ ավերածությունների։ Եվ այնտեղ, փաստորեն, պատրաստի տներ կային, ջրային անխափան ոռոգման համակարգ։ Որոշ ուժեր, մասնավորապես, «Ազատագրված տարածքների պաշտպանություն. հասարակական նախաձեռնությունը» մտածում է գյուղեր բնակեցնելու մասին, բայց վտանգ կա, թե իշխանությունները կարող են դեմ լինել։ Եթե, իհարկե, մնար ԼՂԻՄ-ի հարցը եւ այն տարածքները, որտեղ հայերը բնակվել են մինչեւ 1988թ., գուցե ասեինք կողմ ենք առաջին տարբերակին։ Բայց կորցրել ենք ամբողջ Գարդմանքը, Շահումյանը, Կիրովաբադի, Բաքվի հայությունը, եւ այդ կորուստներից հետո ասել, թե նպատակը միայն ԼՂԻՄ-ի միացո՞ւմն է Հայաստանին։ – Նախագահին առընթեր իրավապաշտպանը նորից վերադարձավ ԱԻՄ, Վանաձորում ՍԻՄ-ը իր հանդիպումները սկսեց, Գյումրիում՝ Արտաշես Գեղամյանը։ Նախընտրական քարոզարշավի սկիզբն է. նախագահի եւ ԱԺ-ի։ Դուք մտադի՞ր եք կրկին մտնել քաղաքական ասպարեզ։ Եվ ինչպե՞ս եք տեսնում քաղաքական դաշտի վերաձեւումը առաջիկա 6 ամսում։ – Կբաժանվեն, ինձ թվում է, 2 դաշինքի՝ նախագահամետ (Դաշնակցություն, ՌԱԿ, որոշ բացահայտումներ կլինեն, որոնք մեծ հաջողության չեն հասնի, եթե մեծ զեղծարարություններ չարվեն) եւ … «Գեղամյանի + մյուսների»։ Կարեւոր է երկրորդ դաշինքի դիրքորոշումը. ով՝ ինչի է գնում։ Իմ կարծիքով, 2-րդ դաշինքը կողմնակից է Արցախի հարցի լուծման վերոնշյալ երկրորդ տարբերակին, հետեւաբար, իր թիկունքում կունենա ժողովրդի մեծամասնության աջակցությունը եւ հաղթանակի մեծ շանսեր, չնայած ԱԱՆ, ՆԳՆ եւ բանակի զգալի մասը կաշխատի «յուրայինների» դաշինքի օգտին։ Հիմա առաջադրվելու համար հարկավոր են մեծ ֆինանսներ, որը չեմ ունեցել եւ չունեմ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել