Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ օրենքը շրջանցում է սովորական քաղաքացին, նրան պատասխանատվության են ենթարկում։ Իսկ ի՞նչ են անում ա

Հուլիս 18,2001 00:00

Էկոփորձաքննության համար փող չկա Երբ օրենքը շրջանցում է սովորական քաղաքացին, նրան պատասխանատվության են ենթարկում։ Իսկ ի՞նչ են անում այն դեպքում, երբ օրինախախտն օրենք գրողն ու հաստատողն է։ Ներկայացվող օրինակից երեւում է, որ՝ բացարձակապես ոչինչ։ 1995 թվականին ընդունվեց օրենք շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին, որի 4-րդ հոդվածը պարտավորեցնում է էկոլոգիական փորձաքննության ենթարկել բոլոր այն հայեցակարգերը, որոնք առնչվում են սոցիալ-տնտեսական, էներգետիկայի, առողջապահության եւ այլ (շուրջ 15) ոլորտների։ Հայեցակարգ մշակողը պարտավոր է կազմակերպել հասարակական լսումներ ու քննարկումներ, որոնց արդյունքներն ամփոփելուց հետո միայն ամբողջացնի եւ վերջնական տեսքի բերի իր «ստեղծագործությունը»։ Այնուհետեւ, հայեցակարգը հաստատող մարմինն իրավունք չունի ընդունել այն՝ առանց էկոփորձաքննության դրական եզրակացության։ Ասվածը վերաբերում է նաեւ միջազգային վարկային ծրագրերին։ Վերոհիշյալ օրենքն իր բոլոր հոդվածներով ժամանակին քննարկվել եւ ընդունվել է կառավարության կողմից, իսկ այնուհետեւ հաստատվել Ազգային ժողովում։ Բայց արի ու տես, որ նույն կառավարությունն ու ԱԺ-ն մինչ օրս իրենց «նեղություն չեն տվել» մերժել որեւէ հայեցակարգ ու ծրագիր այն պատճառով, որ դրանք չեն անցել էկոփորձաքննություն եւ չունեն նույնիսկ դրա բացասական պատասխանը։ Արդարության դեմ չմեղանչելու համար կարելի է նշել ընդամենը 3-4 ծրագիր, կապված հիմնականում ԱԷԿ-ի ու «Նաիրիտի» հետ։ Այնինչ, ցանկացած ծրագիր իր մեջ ներառում է տնտեսական գործունեություն, ինչն էլ անխուսափելիորեն կարող է հանգեցնել շրջակա միջավայրի վրա որեւէ տեսակի վնասակար ազդեցության։ Եվ էկոփորձաքննության դրական եզրակացությունն այս դեպքում ավելի քան կարեւոր է։ – Ես չեմ ուզում մեղադրել իմ նախորդներին այն հարցում, որ պասիվ են եղել ու վատ են աշխատել, քանի որ օրենքը մեզ չի լիազորում վերահսկել ու անհրաժեշտության դեպքում կասեցնել տնտեսական որեւէ գործունեություն,- պարզաբանեց «Պետական բնապահպանական փորձաքննություն» ՊՓԲԸ տնօրեն Լ. Գասպարյանը։ Ըստ նրա տվյալների, անձնական նախաձեռնությամբ բազմաթիվ անգամներ տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների «դռները թակելուց» հետո այս տարի հաջողվել է մի շարք ծրագրեր «բերման ենթարկել» էկոփորձաքննության։ – Մեկին՝ բացատրելով, մյուսին՝ համոզելով մի կերպ աշխատում ենք, իրենց մնա՝ չեն գա։ Ասենք, ո՞վ գիտե, որ այսպիսի բան կա, որ գա կամ՝ չգա,- ասաց ընկերության տնօրենը եւ շարունակեց,- մենք նույնիսկ հստակ տվյալներ չունենք նոր հայեցակարգերի ու ծրագրերի մասին։ Իսկ երբ տեղեկանում են (հիմնականում՝ ԶԼՄ-ներից), մնում է աշխատանքն անել «տՏրսպ» վիճակով։ Այստեղ էլ առաջանում է մեկ այլ բարդություն. վարկատուն մեր կառավարության հետ բանակցությունների ժամանակ չի տեղեկացվել «էկոփորձաքննություն» կետի մասին, եւ այժմ մտադիր չէ լրացուցիչ ծախսեր անել։ Ուստի եւ, բնականաբար, նրանց մեծ մասը պահանջում է, որ այդ գումարը տրամադրի մեր կառավարությունը։ Այնինչ, «մերոնք» թերեւս հենց դրանից խուսափելու նպատակով է, որ շրջանցել են այդ կետը եւ այժմ էլ մտադիր չեն վճարել։ Թողնենք խնդրի գումարային կողմը, քանի որ խոսքը երկրի անվտանգության ու մեր առողջության պահպանման մասին է։ Արտերկրում էկոփորձաքննության դերն այնքան է կարեւորված, որ դասվում է առաջնայինների շարքում։ Եվ եթե մեր կառավարությունը, թեկուզ եւ ձեւի համար, քաղաքակիրթ երկրի կեցվածք է ընդունել եւ շատ օրենքներ էլ ընդունում է հենց այդ կեցվածքի պարտադրանքով, ապա պարտավոր է կատարել իր ձեռքով գրածը։ Հասարակ քաղաքացու համար վատ օրինակ ծառայելու մասին էլ դեռ չխոսենք։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել