Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ ասք յուրիդիչեսկի Ռոբին Հուդի եւ կուլտուրական խողովակների մասին

Հուլիս 18,2001 00:00

«ԽԱՌՈՇԻՆԵՐԻ ՎԱՅՆԱՍՈՒՆ» Կամ ասք յուրիդիչեսկի Ռոբին Հուդի եւ կուլտուրական խողովակների մասին «Արթուր Բաղդասարյանի կողմից բարձրացված հարցն, ըստ էության, հետաքրքիր հարց է»։ Բայց նա «կոնկրետ ինֆորմացիայի պակաս» ունի։ Երեկ ԱԺ պատգամավորի կողմից հին խողովակները ցածր գներով վաճառելու մասին հայտարարության առնչությամբ իր այս եզրակացությունը հայտնելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը կանչել էր ամենեւին ոչ Արթուր Բաղդասարյանին։ «Եթե նույնիսկ այս աշխատանքում թերություններ էլ եղել են (իսկ թերություններ անպայման կլինեն. որտեղ գործ կա, թերություն անպայման կլինի), չի նշանակում, որ կառավարության որոշումը, որն ուղղված է մեր ժողովրդի բարեկեցությանը, ջուր չեղած տեղերում ջուր տալու համար, պետական ունեցվածքը չփչացնելու, դա վերագրել որպես բացասական աշխատանք»,- սրտնեղեց «ոչ միայն գյուղնախարարը, այլեւ կառավարության անդամ» պրն Գեւորգյանը։ Կառավարությունը որոշում է տասնամյակների վաղեմության անավարտ շինարարության օբյեկտները ապամոնտաժել, գույքագրել, այդ գույքը (տվյալ դեպքում՝ խողովակները) վաճառել ու այդ վաճառքից ակնկալվող 1 մլն դոլար գումարի կեսով լուծել Արագածոտնի մարզի Ոսկեթասի ջրամատակարարման հարցը, մյուս կեսը լցնել պետական բյուջե, իսկ Ա. Բաղդասարյանը իր «ինֆորմացիոն պակասով» ԶԼՄ-ներին ամիսների նյութ է տալիս։ Բայց պրն Գեւորգյանը պատրաստվում է պատգամավորին էլ տեղեկացնել, որ նրա նշած խողովակները «Ադամանդ» ապրանքաֆոնդային բորսայի առաջարկած գներից 1,5-2 անգամ թանկ են վաճառվել։ «Շատ տեղերում կտեսնեք գյուղապետի տան առաջ՝ տռուբա թափած, էդտեղի գեղի խառոշիի մոտ՝ տռուբաներ թափած։ Էդ բոլորի ձեռքից մենք խլել ենք, բնականաբար, նրանք վայնասուն են բարձրացրել, որը եւ սխալմամբ, կարծում եմ, իր ելույթի մեջ օգտագործել է Արթուր Բաղդասարյանը»,- այսպես վառ ու պատկերավոր ներկայացրեց ՀՀ գյուղնախարարը ԱԺ պատգամավորի հայտարարության հնարավոր դրդապատճառները։ Պատգամավորի նշած 180 հազար դրամ թիվն էլ, ըստ գյուղնախարարի, «տռուբաների» հաշվեկշռային արժեքն է դեռեւս 1993-ին, որը նախարարն էլ դրանց իրական արժեքը չի համարում. «Շուկայական արժեքն անհամեմատ ավելի բարձր է»։ Շուկայում պահանջարկը մեծ է, դրա համար էլ այդ հին խողովակները սպառվում են, թեեւ 17 կմ խողովակ ապամոնտաժված եւ, ինչպես նախարարն ասաց, «կուլտուրական» դրված սպասում են փողի վերածվելու իրենց հերթին։ Վստահ ենք, որ Արթուր Բաղդասարյանը կլրացնի իր «ինֆորմացիայի պակասը» եւ շուտով գյուղնախարարին կհաղորդի իր նոր փաստերը՝ իհարկե դարձյալ լրագրողների միջոցով. բա ափսոս չի՞ խորհրդարանի հանգստի սեզոնին էս նմանի նյութը կորի ինչ-որ պաշտոնական հարց- պարզաբանում նամակագրության մեջ։ Իսկ մինչ այդ գյուղնախարարն այլ բաներ է բացահայտում՝ կարծես իր կամքից անկախ։ Օրինակ, Ջրային կոմիտեի հետ նախարարության փոխհարաբերությունների եւ բերքի հասունացման սեզոնին գյուղացու ջուրը մշտապես կտրելիս վերջինիս շահերի պաշտպանությանն ուղղված նախարարության քայլերի մասին «Առավոտի» հարցի պատասխանից ակնհայտ էր, որ գյուղնախարարությունը կուլ չի տա իր ձեռքից ոռոգման ջուրը խլելը եւ այն կոմիտեին հանձնելը։ Իհարկե, նախարարի տոնի մեջ կռվարարությունն ու վրեժխնդրությունը, ինչպես եւ պատշաճում էր, բացակայում էին. «Լուրջ ծրագիր ենք մշակել եւ այդ ծրագրի հիմքում ընկած է ստեղծել այնպիսի ստրուկտուրաներ, որոնք կազմակերպված ձեւով հարաբերվեն ջրի կազմակերպությունների հետ։ Այսինքն, մի կողմից լինի ջրտնտպետկոմը, մյուս կողմից՝ կոոպերատիվները (կամ անունը դեռ կորոշենք՝ ինչ ենք դնում), որոնք պետք է հարաբերվեն ջուր վաճառողների հետ, եւ նրանց հետ անարխիկ (ընդգծումը մերն է- Ա. Գ.) հարաբերությունները բերեն նորմալ վիճակի։ Դրանք ստեղծելու է գյուղնախարարությունը»։ Նախարարն ավետեց, որ այդ գործը սկսված է, հիմա էլ «օպերատիվորեն արձագանքում են», բայց օրինական հիմքերի վրա այն կդրվի մոտ երկու ամիս հետո՝ կառավարության համապատասխան որոշումից հետո։ «Պետկոմիտեն դառնում է ջուր վաճառողը, մենք՝ այդ կազմակերպությունների հետ միասին արտահայտելու ենք գյուղացիների շահերը եւ կանգնած ենք լինելու գյուղացիների կողքին»։ Ի՜նչ քիչ բան էր պետք գյուղնախարարությանը գյուղացու կողքին կանգնեցնելու համար, ընդամենը «ջուրը» վերցնել, տալ ուրիշ գերատեսչության, որի նկատմամբ մեր տպավորությամբ գյուղնախարարը խիստ զգուշորեն խախտեց «անմեղության կանխավարկածը»՝ անուղղակիորեն «անարխիկ» գործելակերպ վերագրելով նրան։ «Գյուղացու մոտ մարդ պետք է կանգնած լինի, որ յուրիդիչեսկի նրա շահերը պաշտպանի. դա ես եմ լինելու»,- հայտարարեց Ռոբին Հուդ, ներեցեք, գյուղնախարար պրն Գեւորգյանը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել