Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԷՑ-ԵՐԻ ՀԱՐՑԸ՝ ԴԱՐՁՅԱԼ ԱԺ-ՈՒՄ

Հուլիս 18,2001 00:00

ԲԷՑ-ԵՐԻ ՀԱՐՑԸ՝ ԴԱՐՁՅԱԼ ԱԺ-ՈՒՄ ԱԺ ֆինանսավարկային տնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը չի ժխտել, որ հուլիսի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվելու «Էներգետիկայի մասին», ինչպես նաեւ՝ «Բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման մասին» օրենքներում: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի տեղեկությունների, անցած շաբաթ դոնոր երկրների հետ փարիզյան հանդիպման ժամանակ շվեդաշվեյցարական «ABB»-ն, իսպանական «Յունիոն Ֆենոզա»-ն, ռուսական «Իտերա»-ն ու ՀԸԿ ժնհ-ը համատեղ ձեւով հետաքրքրություն են դրսեւորել մեր ԲԷՑ-երի հանդեպ: Գագիկ Մինասյանն ասել է. «Օրենքում փոփոխությունները պետք է միտված լինեն առավելագույնս հրապուրիչ դարձնելու մեր ցանցերը պոտենցիալ գնորդների համար»: Ըստ նրա մեկնաբանության, օրենսդրորեն նպաստավոր պայմաններ կստեղծվեն տարբեր կազմակերպությունների համար՝ ստեղծել կոնսորցիումներ: Դրանով, թերեւս, կվերացվի այն կոշտ պահանջը, որ ունեինք նախորդ մրցույթի ժամանակ. «Եթե հիմա մենք թույլ ենք տալիս ստեղծել կոնսորցիում, ապա այդ ընկերությունները, որոնք չէին կարող բավարարել պահանջները, կարող են ստեղծել կոնսորցիում եւ այդպես մասնակցել մեր ցանցերի մասնավորեցմանը»: Ըստ որոշ աղբյուրների, առաջարկվելու է բաշխիչ էլեկտացանցերի մասին օրենքից հանել արգելքը, որով ԲԷՑ-երի երկու փաթեթը նույն ընկերությանը չէր կարող վաճառվել: Կարող է եւ ամրագրվել ուղղակի վաճառքի իրավունքը: Գործող «Էներգետիկայի մասին» օրենքն արգելում է մեկ ընկերությանը՝ ունենալ էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկության բաժնետոմսերի որոշակի տոկոսից ավելին: Ըստ տեղեկությունների, տոկոսային այս հարաբերակցությունը կամ ավելացվելու է, կամ ընդհանրապես այդպիսի սահմանափակում չի դրվելու: Հնարավոր է, որ սպասվող օրենսդրական փոփոխությունները որպես գնորդ շահագրգռեն բաշխող ու գազամատակարար ՀԸԿ ժնհ-ին եւ «Իտերա»-ին: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել