Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությանն է գրանցման համար դիմել «Անկախության բանակ հայրենասիրական միություն» հ

Հուլիս 18,2001 00:00

«Անկախության բանակը» վերամիավորվում է Արդարադատության նախարարությանն է գրանցման համար դիմել «Անկախության բանակ հայրենասիրական միություն» հասարակական կազմակերպությունը, որի խնդիրների շուրջ զրուցեցինք կազմակերպության վարչության անդամ Աշոտ Պետրոսյանի հետ։ Այս կազմակերպությանը մաս են կազմում 1989-ին ստեղծված «Անկախության բանակի» մարտիկները, որոնք ցանկանում են վերամիավորվել։ Աշոտ Պետրոսյանը վկայեց, թե այն ժամանակ «Անկախության բանակի» թվաքանակն անցնում էր 3500-ից։ Այս հասարակական կազմակերպության վարչության կազմում են նախկին քաղկալանավորներ Ազատ Արշակյանը, Վարդան Հարությունյանը։ Վարչության նախագահն է Հայկ Գեւորգյանը։ Քանի որ այդ բանակի հիմնադիրը Աշոտ Նավասարդյանն էր, պարզաբանման կարոտ է, թե ինչու անհրաժեշտություն առաջացավ նրա հիմնած Հանրապետական կուսակցության գոյության պայմաններում ձեւավորել եւս մի կառույց։ Ի՞նչ խնդիրներ չի լուծում ՀՀԿ-ն, որ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել «Անկախության բանակ» միությունը։ Սակայն այս հարցին ի պատասխան Աշոտ Պետրոսյանը նախ չհամաձայնեց. «Աշոտ Նավասարդյանը մենակ չէր կարող ստեղծել նման կազմակերպություն։ «Անկախության բանակը» ստեղծվել է նրա գաղափարակից մի քանի ընկերների՝ Մովսես Գորգիսյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Ազատ Արշակյանի եւ այլոց հետ, որոնք առաջին հերթին համախմբված էին անկախության գաղափարի շուրջ եւ արցախյան շարժմանը մասնակցեցին նաեւ ռազմական գործողություններով։ Ճիշտ է, «Անկախության բանակի» հենքի վրա ստեղծվեց ՀՀԿ-ն։ Բայց մեծ մասը մնացին ոչ կուսակցական։ «Անկախության բանակն» այսօր պետք չէ կապել ՀՀԿ-ի հետ, սա զուտ հասարակական կազմակերպություն է, որն առավել հետապնդում է իր բանակի նախկին մարտիկների եւ նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման նպատակներ»։ Սակայն այդ խնդրի լուծումը բարդ է որեւէ հասարակական կազմակերպության համար եւ առավել դյուրին՝ իշխանության կուսակցության համար։ Մի՞թե այս նորաստեղծ կազմակերպության շարքերում կան ֆինանսական կամ տնտեսական լծակներ ունեցող անհատներ, որոնք կկարողանան հոգալ «Անկախության բանակի» նախկին մարտիկների սոցիալական խնդիրները. «Մենք որոշել ենք, որ ինքներս կարող ենք միահամուռ ուժերով լուծել մեր սոցիալական խնդիրները, տնտեսական գործունեություն կազմակերպելով օգտակար լինել։ Մարզերում ունենք շատ անդամներ, որոնք զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ։ Այսինքն, հիմքեր կան, եւ առանձնակի աջակցություն մեր կառույցից դուրս մարդկանցից չենք սպասում, բայց նաեւ հույսներս չենք կորցնում, որ նպաստողներ, օգնողներ կլինեն»։ Ճիշտ նույնպիսի մեխանիզմներ էր մտադիր կիրառել եւ Ազատամարտի վետերանների միությունը։ Փորձը ցույց տվեց, որ այդ մեխանիզմն արդյունավետությամբ չի փայլում։ Ի դեպ, ինչպես եւ ԱՎՄ-ն, «Անկախության բանակն» էլ է այժմ հայտարարում, թե չի հետապնդելու քաղաքական նպատակներ ու չի հարելու քաղաքական որեւէ հոսանքի։ ԱՎՄ-ն այդ սկզբունքից նահանջեց, եւ վստահ ենք, որ «Անկախության բանակին» էլ է նույնը սպասում, քանզի այս հասարակական կազմակերպության հենց կանոնադրության մեջ քաղաքական որոշ խնդիրներ են մատնանշված որպես նպատակակետ։ Օրինակ՝ «Ամբողջ ուժերը կենտրոնացնել հայ ազգի նկատմամբ 1891-1923թթ. կատարված պատմական անարդարությունը վերականգնելու համար՝ օրենքով սահմանված կարգով»։ Այդպես էլ գրված է՝ վերականգնելու են անարդարությունը, բայց եւ միայն օրինական ճանապարհով։ Մեր զրույցի ընթացքում Աշոտ Պետրոսյանը նշեց. «Ճիշտ է, քաղաքականությամբ չենք զբաղվելու, բայց անկախության դեմ ուղղված ամեն մի ոտնձգություն դիտելու ենք մեր ազգի ազատության եւ անկախ պետականության դեմ կատարված քայլ»։ Վերջում մեր զրուցակցին մի փոքր-ինչ անձնական հարց տվեցինք։ Նա հանրությանն առավել հայտնի դարձավ, երբ դեռեւս իբրեւ հոգեւորական (մինչեւ կարգալույծ լինելը նա կրում էր տեր Հակոբ անունը), իր մի ընկերոջ հետ նստացույց էր անում ՄԱԿ-ի շենքի առջեւ՝ հրաժարվելով Հայաստանի քաղաքացիությունից եւ պահանջելով քաղաքական ապաստան։ Որքանո՞վ է այս ամենը հարիր անկախության համար պայքարածի կերպարին՝ այս հարցին ի պատասխան Աշոտ Պետրոսյանն ասաց. «Ես միանշանակ ժխտում եմ, որ ընդհանրապես եղել է Հայաստանից հեռանալու մտադրություն։ Այդ ժամանակ ուղղակի լրատվամիջոցներն աղավաղեցին մեր տեսակետները։ Մենք միայն արդար մոտեցում էինք պահանջում ազատամարտիկների նկատմամբ, որոնք մեզ հետ միասին նստացույց էին անում։ Ազատամարտիկներն ընդհանրապես աչքաթող են արված եւ իրենց տեղը չեն գտնում, չնայած այժմ գործող բազմաթիվ կառույցներին»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել