Լրահոս
Օրվա լրահոսը

Անջատական

Հուլիս 18,2001 00:00

ՆՐԱ ՀԵՏ ՎԱՐՎԵՑԻՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԲԱՐ Անջատական ցեցն ընկավ նաեւ կոմունիստական կուսակցության կուռ եւ գաղափարական շարքերի մեջ։ Ընդհանրապես, այս ամառը հետաքրքիր ազդեցություն է ունենում երկրի կուսակցությունների վրա։ Իրար հետեւից խմորվում եւ ալեկոծվում են, ե՛ւ դավաճանում, ե՛ւ բաժանվում են։ Առայժմ լենինյան գաղափարակիր Կոմկուսի վիճակը քիչ թե շատ տանելի էր, որովհետեւ այստեղ գաղափարական անշարժություն է, բայց արի ու տես, որ իմպերիալիզմի քանդիչ ուժը հասավ նաեւ կոմունիստներին։ Զգուշացնում էին, չէ՞, ընկերները, որ իմպերիալիզմը նեխող, փտող կապիտալիզմն է, ասում էին, չէ՞՝ միայն միասնական շարքերով եւ միայն մեկ ուղղությամբ՝ դեպի պայծառ ապագա։ Ի՞նչ կատարվեց, օտարերկրյա գաղափարական ինտերվենցիան սողոսկեց նաեւ Հայաստանի Կոմունիստական կուսակցության կուսական գիրկը։ Եվ մի քանի կոմունիստ ընկերներ գայթակղվեցին իմպերիալիզմի խաբուսիկ հմայքով ու… Ու կուսակցական ամուր բռունցքը առայժմ մեկին՝ ընկեր Յուրա Մանուկյանին արժանի հակահարված տվեց։ Վստահ եմ, կուսակցական կյանքից հեռու ընթերցողը որեւէ կերպ չի ընկալի, թե ինչի՞ մասին են վիճում ընկեր կոմունիստները, եւ թե ինչո՞ւ կոմունիստ, ԱԺ պատգամավոր Յուրա Մանուկյանին կուսակցությունն այդպես խստորեն պատժեց։ Սկսենք վերջից՝ երեկ ՀԿԿ Կենտկոմի երկրորդ պլենումը հավանություն տվեց Կենտկոմի բյուրոյի որոշմանը՝ կոմունիստ Յուրա Մանուկյանին Երեւանի քաղկոմի առաջին քարտուղարի եւ Կենտկոմի բյուրոյի անդամի պարտականություններից ազատելու մասին։ Կենտկոմի պլենումը երեկ տեղի էր ունենում խիստ կոնսպիրատիվ պայմաններում։ «Առավոտի» եւ «Ազատություն» ռ/կ-ի աշխատակիցների հայտնվելը այն շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում պլենումը, խիստ վրդովեցրեց որոշ ընկերների։ Շենք մտնող կոմունիստ Լեոնիդ Հակոբյանը որեւէ հարցի չուզեց պատասխանել, ասելով, որ պլենումը իր ասելիքը կասի, իսկ ինքը անձնական կարծիք չի կարող ունենալ, կա կուսակցության միասնական կարծիքը։ Թերեւս հենց այդ «միասնական կարծիքի» արգասիքն էր եւ այն, որ «Հայաստանի կոմունիստ» թերթի վերջին համարը ծայրից ծայր «նվիրված» էր ընկեր Յուրա Մանուկյանին։ Գեղարքունիքի մարզից, Մասիսից, Երեւանից եւ Հայաստանի այլ բնակավայրերից (թերթն աշխատել էր՝ կոմունիստական գրաքննության սկզբունքներին հավատարիմ, պահպանել աշխարհագրությունը) շարքային ընկերները դատապարտել էին Յուրա Մանուկյանին, վստահ եմ, իրենք էլ չեն հասկացել, թե ո՞ր մեղքի համար։ Կուսակցությունը «ի ցույց էր դրել» ընկեր Մանուկյանին, ըստ էության, միայն այն բանի համար, որ վերջինս համարձակվել էր ասել, թե այսօրվա Ռուսաստանը չի կարող բավարարել այսօրվա Հայաստանի վիճակը, հետեւաբար, իշխանությունները չեն կարող հայտարարել, թե կողմ են «Ռուսաստան-Բելառուսին» Հայաստանի անդամակցությանը, այդպիսով փակելով դեպի Հայաստան եկող բոլոր մյուս ծորակները։ Սա այսբերգի երեւացող կողմն է։ Այսբերգի խորքում ուրիշ շերտեր կան։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը մտադիր է կամաց-կամաց ազատվել ավելի երիտասարդ եւ գործարար կոմունիստներից։ Այդ դեպքում, ինչպե՞ս բացատրել Սանատրուկ Սահակյանի՝ Կենտկոմի երկրորդ քարտուղար ընտրվելը։ Թերեւս, Վլ. Դարբինյանին պարզապես ստիպել են համաձայնել այս տարբերակին։ Բայց, հիշենք, որ ՀԿԿ 35-րդ համագումարից անմիջապես հետո հենց ինքը՝ Վլ. Դարբինյանը, հայտարարեց, որ իրենք կողմնակից են կուսակցության ղեկավարության երիտասարդացման։ Թերեւս մի միամիտ լոռեցի մեր զարմանքի վրա կզարմանար. «Էդպես պիտի ասեր, հո չէ՞ր ասի, որ ստիպված է եղել»։ Անցնենք այսբերգի մյուս շերտին. ըստ որոշ պնդումների, Մոսկվայի ղեկավարությունը՝ Գենադի Զյուգանովի գլխավորությամբ, համակրում է Յուրա Մանուկյանին եւ Գագիկ Թադեւոսյանին, որպես ՀԿԿ հանգուցյալ քարտուղար Սերգեյ Բադալյանի զինակիցներ եւ նրա գծի շարունակողներ։ Իսկ դա չի կարող դուր գալ Կոմկուսի այսօրվա ղեկավարությանը։ Ըստ որոշ լուրերի, Զյուգանովի վերջին այցի ժամանակ այս վերաբերմունքն ավելի է ընդգծվել եւ բանը հասել է այնտեղ, որ Զյուգանովի կամքով նրան օդակայան են ուղեկցել ոչ թե Վլ. Դարբինյանը, այլ՝ Յուրա Մանուկյանը եւ Գագիկ Թադեւոսյանը։ Այսպիսի բաներ, ընկեր կոմունիստներ, իսկ դուք ասում եք՝ գաղափարական, իսկ դուք ասում եք՝ կոմունիստները սադրանքների չեն գնա։ Էն էլ ո՜նց կգնան։ Իշխանական թեւը նախապատրաստվում է նոր ընտրությունների։ Ժամանակից շուտ է սկսել, բայց ճաշն ինքն է եփել, համն իրեն ավելի լավ է հայտնի։ Ու քանի դեռ «համը դուրս չի եկել», հարկավոր է տնտեսականից բացի նաեւ քաղաքական բազմաթիվ լծակներ ձեռք գցել։ Այն, ինչ կատարվեց ԱԺՄ-ում, ՀՀԿ-ում, ՀԺԿ-ում, այս ամենից զերծ չի մնում նաեւ Դաշնակցությունը, այսօր արդեն շարքը համալրեցին կոմունիստները։ Պարզապես զարմանալ կարելի է, թե որքան անհեռատես կարող են լինել որոշ իրենց քաղաքական համարող ուժեր եւ որոշ՝ իրենց քաղաքական գործիչ համարող մարդիկ, որ չհասկանան՝ իրենց դերակատարությունը ամենասովորական խամաճիկություն է, եւ կամակատարների ժամանակը երբեք չի գալիս։ Նրանք անցողիկ խաղաքար են։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. ՀԿԿ Կենտկոմի պլենումում հնչել են դատապարտող ելույթներ, առաջարկներ են հնչել Յուրա Մանուկյանին կուսակցությունից հեռացնելու մասին։ Բայց գործն առայժմ այդտեղ չի հասել։ Հավանաբար, ընկերները հույս ունեն փուլ առ փուլ մոտենալ հարցին, կամ էլ ակնկալում են, որ ընկերը «կվերադաստիարակվի» եւ հանդես կգա «մեղայականով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել