Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահի քաղաքական հայտարարությունը նման էր դուռը շրխկացնելու փորձի, երբ այն արդեն փակել են երեսի

Հուլիս 18,2001 00:00

ՀԺԿ-ԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆԱՄԵՏՆԵՐԸ ԱԺ նախագահի քաղաքական հայտարարությունը նման էր դուռը շրխկացնելու փորձի, երբ այն արդեն փակել են երեսիդ։ ՀԺԿ քաղխորհրդի որոշումից հետո ակնհայտ էր, որ Արմեն Խաչատրյանին ներկուսակցական բոլոր պաշտոններից զրկելը օրերի հարց է։ Իսկ ՀԺԿ անդամությունն ընդհանրապես դադարեցնելու վերաբերյալ իր հայտարարությամբ Արմեն Խաչատրյանն առավել է բարդացնում իր վիճակը, քանզի այժմ հայտնի չէ, թե որ կուսակցությունն է նա ներկայացնում իբրեւ ԱԺ նախագահ։ Հայտնի է, որ «Միասնությունում» հաստատված ստատուս-քվոյի համաձայն՝ այդ պաշտոնը ՀԺԿ-ինն է։ Վստահ ենք, որ պրն Խաչատրյանն ինքնակամ չի հեռանա այդ աթոռից, քանզի նա դա չարեց անգամ այնժամ, երբ անցած սեպտեմբերին խորհրդարանական ողջ մեծամասնությունն իրեն, մեղմ ասած, շատ խնդրեց։ Գուցե այժմ նա ՀՀԿ-ից երաշխիքներ է ստացել, որ իր պաշտոնն անձեռնմխելի՞ է մնալու։ Այս պարագայում հանրապետականներին կարելի է շնորհավորել նման ծանրակշիռ ձեռքբերման համար։ Քանզի ինչքան էլ պրն Խաչատրյանը հայտարարի, որ ՀԺԿ-ի հեղինակությունը ստվերողների խումբ է առաջացել, իրականում հայտնի է, թե ով էր առավել շատ եւ վաղուց ստվերում կուսակցության վարկը։ Այս առնչությամբ թերթերից մեկն ամիսներ առաջ անգամ կատակել էր՝ եթե առողջապահության նախարարությունը ցանկանա, որ Հայաստանում թողնեն ծխելը, ծխախոտների վրա պիտի պատկերեն Արմեն Խաչատրյանին։ Ըստ հայտարարված թվաքանակի՝ 30 հազարանոց ՀԺԿ-ից քանի՞սը դուրս կգան Արմեն Խաչատրյանի եւ այլոց ետեւից։ Քանի՞սը կհամաձայնեն, որ «անսկզբունքային, հեղհեղուկ գործելաոճ է», երբ կուսակցության ղեկավարությունը ՀԺԿ ցուցակով խորհրդարան հասածներից պահանջում է քվեարկել իր ընդունած որոշումներին համապատասխան։ Մի՞թե դրանք զանց առնողների նկատմամբ կուսակցական պատիժներ սահմանելը «քաղաքական հետապնդումներ կազմակերպելու անհեռատես քաղաքականություն» է։ Քանի՞սն իրենց հարց կտան, թե այդ ովքե՞ր են «զանազան պատրվակներով կուսակցության շարքերից հեռացված… Կարեն Դեմիրճյանին մոտ կանգնած շատ նվիրյալները»։ Հաշվի առնելով, որ Վոլոդյա Բադալյանը ՀԺԿ-ից ինքը դուրս եկավ՝ անգամ հարկ չհամարելով կուսակցությանը դիմում ներկայացնել, թերեւս, խոսքը Հմայակ Հովհաննիսյանի՞ մասին է, որի եւ ԱԺ խոսնակի քնքուշ փոխհարաբերությունները հանրահայտ են։ Քանի՞սը կհավատան, որ Կարեն Դեմիրճյանի գաղափարներին նվիրվածությունը եւ նրա գործը շարունակելը ենթադրում է միանալ 1998-ի նախագահական ընտրություններում նրա հակառակորդին սատարող մեծամասնությանը։ Պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյա՞նը չէր Կարեն Դեմիրճյանի քաղաքական հակառակորդը, այլ Վազգեն Սարգսյանի եղբայրը, Ալբերտ Բազեյանը եւ «Միասնության» այլ նախկին գործիչնե՞ր, որոնց հետ համագործակցելու մեջ այժմ ՀԺԿ-ին մեղադրում է Արմեն Խաչատրյանը։ Սակայն դառնանք նրա հայտարարության առանցքային գաղափարին. «ՀԺԿ ներկա ղեկավարությունը շեղվել է կուսակցության հիմնադրի քաղաքական գծից»։ Քանի որ տեւական ժամանակ է, ինչ միջանցքային զրույցներում շոշափվում էր այդ թեման, որ մի քանի ՀԺԿ-ականներ մտադիր են դուրս գալ կուսակցությունից՝ ներկայացնելով նման մեղադրանքներ, մենք օրեր առաջ այդ առիթով մեկնաբանություններ խնդրեցինք ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանից եւ ահա թե ինչ ասաց նա. «Փորձեր են կատարվում մեղադրել կուսակցությանը իր գծից շեղվելու եւ անգամ ուղիղ մեղադրանքներ են ներկայացվում, թե Կարեն Դեմիրճյանի որդին շեղվել է իր հոր ուղուց։ Վերջերս էր գումարվել ՀԺԿ II համագումարը, որն ընտրեց այն ուղին, որով կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը։ Ընդ որում, համագումարում որեւէ առարկություն չհնչեց կուսակցության նախագահի պաշտոնակատարի զեկույցի առնչությամբ եւ որոշումներն ընդունվեցին միաձայն։ Այսինքն, եթե այդ կուսակցականները (կամ մեր ցուցակով ընտրված ոչ կուսակցականները, որոնք հրավիրված էին համագումարին) որեւէ առարկություն ունեին՝ երեւի թե պարկեշտությունը պահանջում էր, որ ՀԺԿ-ի այդ համագումարում հրապարակվեն իրենց առարկությունները։ Այդ պարագայում երեւի առողջ քննարկում տեղի կունենար, կքվեարկվեր ու պարզ կդառնար՝ ովքեր են պաշտպանում այս մոտեցումը, ովքեր՝ այն։ Բայց այդպիսի բան տեղի չունեցավ։ Եվ համագումարը հաստատեց այն ուղղությունը, ծրագիրը եւ հետագա անելիքները, որ ներկայացրել էր Ստեփան Դեմիրճյանը։ Այժմ համագումարից հետո սկսված այս քննարկումները վկայում են այն մասին, որ դրանք ծավալողները երեւի այլ նպատակներ ունեն։ Նրանց նպատակը ոչ թե կուսակցության ծրագրերը հստակեցնելն է կամ ինչ-որ ելքեր առաջարկելը, այլ երեւի խարդավանքները, իսկ գուցե պատվեր են կատարում։ Այլ կերպ լինել չի կարող։ ՀԺԿ ցուցակով պատգամավոր դարձած մի քանի ոչ կուսակցականներ կան, որոնց գործելակերպը միանշանակ չէ։ Ասենք, կան պատգամավորներ, որոնք օգտվելով նրանից, որ կուսակցության անդամ չեն եւ ժամանակին Կարեն Դեմիրճյանն է իրենց ընդգրկել մեր ցուցակում, այժմ երեւի համարում են, որ եթե Կարեն Դեմիրճյանը չկա, այլեւս որեւէ մեկին ոչինչ պարտական չեն։ Նրանց ենք մեծապես պարտական կուսակցության մեջ պառակտում սերմանելու այս փորձերի համար»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել