Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոմիտաս Վարդապետի ժառանգությունը

Հուլիս 17,2001 00:00

Կոմիտաս Վարդապետի ժառանգությունը Կոմիտասն այն լուսատու փարոսն է, որն ուղեցույց չափանիշ է հայ երաժշտական գաղափարախոսության, հայ երաժշտության փիլիսոփայության, հայ երաժշտական կատարողական արվեստի, երաժշտական մտքի, կոմպոզիտորական դպրոցի եւ ընդհանրապես երաժշտական մտածողության ու կյանքի համար։ Այսօր ընթերցողի սեղանին են Կոմիտասի աշխատությունների հրատարակության 11 հատորյակները, որոնց իրականացումն իրագործում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Գեւորգ Գյոդակյանը։ Նա շարունակում է այդ գործի նվիրյալ, կոմիտասագետ, երաժշտագետ Ռոբերտ Աթայանի կյանքի գործը։ Անցյալում եղել են մեծն Կոմիտասի քերթությունների տպագրությունները՝ երկու փոքրածավալ ժողովածու ժողովրդական երգերից 1901թ. «Հայ քնար» եւ 1912թ. «Հայ գեղջուկ երգեր» (Լայպցիգ)։ Դրանց հաջորդեցին անցյալ դարի 20-30-ականներին Փարիզում, ապա եւ Երեւանում տպագրված Ազգագրական ժողովածուն, Կոմիտասի աշակերտ Սպիրիդոն Մելիքյանի խմբագրությամբ, որն էլ հայ երաժիշտների սեղանի գիրք դարձավ։ 1950-ին դա համալրվեց 2-րդ հատորյակով՝ Մուշեղ Աղայանի խմբագրությամբ։ 1950-ը նշանավորվեց նրանով, որ Կոմիտասի արխիվն ամբողջությամբ (իհարկե մեծ կորուստներով) Երեւան տեղափոխվեց եւ Հայաստանի կառավարության հրամանով դրանց ուսումնասիրության եւ հրապարակման գործը հանձնարարվեց հանրապետության Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտին եւ խմբագիր նշանակվեց երաժշտագետ Ռոբերտ Աթայանը։ Նա էլ հենց բախտորոշ դեր ու նշանակություն ունեցավ այդ կարեւորագույն գործի հաջող առաջընթացի համար։ Հարկ է նշել, որ գիտնական-տեսաբան, հայ նոր նոտագրության գիտակ Ռոբերտ Աթայանը ժամանակի այն միակ մասնագետն էր, որը ճիշտ ուղու եւ ամուր հիմքերի վրա դրեց աշխատատար եւ անչափ կարեւոր այդ գործը, որի արդյունքը եղավ այն, որ հայ մշակույթն ունեցավ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների տարբեր ճյուղերի 6 հատորյակի ակադեմիական հրատարակություն եւ բազում մշակված նյութեր։ Շուրջ 15 տարի դադարած գործը վերսկսվեց 1997թ.՝ շնորհիվ Կոմիտասի ստեղծագործության ուսումնասիրությունն ու հետազոտումն իր կյանքի գործ դարձրած գիտնական Գեւորգ Գյոդակյանի, որի անխոնջ աշխատանքի արդյունքն են այն 5 նոր հատորները, որոնք հրատարակվեցին այս տարիների ընթացքում, եւ դեռ նույնքան հատորների նյութ գիտնականը նախապատրաստել է հրատարակության։ Իհարկե, հնարավոր չէ շրջանցել Լիսաբոնի Գյուլբենկյան հիմնադրամի անունը, ի դեմս՝ հիմնադրամի հայկական մասնաճյուղի տնօրեն, դոկտոր Զավեն Եկավյանի։ Այս կազմակերպության հովանավորության շնորհիվ իրականացվեց տպագրությունը։ ՆԱՐԵԿ Վ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել