Լրահոս
Օրվա լրահոսը

Խառնաշփոթ նկարների՞, թե՞ գումարի համար

Հուլիս 17,2001 00:00

Խառնաշփոթ նկարների՞, թե՞ գումարի համար «Առավոտը» վերջերս (10.07.01) անդրադարձել էր քաղաքացի Մարգարիտա Սապոնջյանի բողոքին, որը պնդում էր, թե Բանտարկյալների բարեգործական ընկերության (SPES) նախագահ Մերուժան Ղազարյանը խաբեությամբ հափշտակել էր իր կալանավոր տղայի նկարած թվով 100 նկարները։ Հետգրության մեջ մենք նշել էինք, որ Մերուժան Ղազարյանին 10-15 օր զուր փնտրելուց հետո հոդվածը տպագրում ենք առանց նրա կարծիքը լսելու։ Երեկ խմբագրություն այցելեց Բանտարկյալների բարեգործական ընկերության նախագահ Մերուժան Ղազարյանը։ Ըստ նրա, տիկին Մարգարիտայի բոլոր մեղադրանքները անհիմն են, քանզի նրա որդու՝ Հակոբ Միքայելյանի նկարներից միայն մեկն է զբաղեցրել 2-րդ տեղը, իսկ ցուցահանդես տարվել է ընդամենը 6 նկար։ «Ես երբեւէ Հակոբ Միքայելյանին իր նկարների դիմաց ազատություն չեմ խոստացել։ Տիկին Մարգարիտային խորհուրդ եմ տվել միայն, որ իր տղայի վաղաժամ ազատության համար ինքը կարող է դիմել ՀՀ նախագահին՝ ներման խնդրանքով։ Իմ կողմից խոստացել եմ միայն, որ հարկ եղած դեպքում միջնորդագիր գրեմ եւ ոչ ավելին»,- ասաց պրն Ղազարյանը։ Ինչ վերաբերում է ցուցահանդեսին, պրն Ղազարյանը պատմեց, որ Հակոբին, ինչպես նաեւ մնացած բոլոր մասնակիցներին, տրվել են թեմաներ։ «Հակոբը նկարել է 6 նկար, որից երեքը յուղանկար, իսկ մյուս երեքը՝ գրաֆիկա»,- ասաց պրն Ղազարյանը։ Հակոբի նկարած միայն մի յուղանկարը, ցուցահանդեսից հետո, Բուլղարիայում կայացած կոնֆերանսին, Բանտային միջազգային ընկերակցությանն են նվիրել։ Նման իրավունքը, պրն Ղազարյանի հավաստմամբ, իրենք ունեին, իսկ մնացած 5 նկարները ներկայումս իր մոտ են։ «Հակոբի նկարած գրաֆիկան 2-րդ տեղն է գրավել։ Առաջին տեղում եղել է կանանց կալանավայրից Նարինե Նավասարդյանի ձեռագործը, իսկ 3-րդ տեղն է զբաղեցրել մի քանդակագործություն»,- ասաց պրն Ղազարյանը։ Վաշինգթոնից եկած գումարային շահումների հարցում շփոթմունք է տեղի ունեցել։ Երկրորդ տեղի մրցանակը (300 դոլար) 3-րդ տեղը զբաղեցրած, 150 դոլար շահած մասնակցի հասցեով է եկել։ «Թյուրիմացությունը շտկվել է եւ շուտով գումարը կուղարկվի ճիշտ հասցեատերերին,- ասաց պրն Ղազարյանը եւ ավելացրեց,- տիկին Մարգարիտայի ստեղծած խառնաշփոթը միայն գումարի համար էր»։ Ա. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել