Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտեմ՝ Հովհաննես Թումանյանի՞, թե՞ Հրանտ Մաթեւոսյանի հանդեպ տածած մեծ սերն էր պատճառը, որ Հ. Մաթեւոս

Հուլիս 17,2001 00:00

Թումանյանը բացահայտեց «գռփողներին» Չգիտեմ՝ Հովհաննես Թումանյանի՞, թե՞ Հրանտ Մաթեւոսյանի հանդեպ տածած մեծ սերն էր պատճառը, որ Հ. Մաթեւոսյանի՝ անթերի գրական ճաշակով կազմված Հովհ. Թումանյանի երկերի շքեղ «Ընտրանու» շնորհանդեսին ներկա էին ՀՀ նախկին ու ներկա վարչախմբերի ներկայացուցիչներ, մտավորականներ… «Հայագիտակ» հրատարակչությունը (տնօրեն՝ Ալբերտ Իսոյան) լավ էր աշխատել։ Գրքերի արտաքին տեսքը փայլուն էր, իսկ բովանդակության կատարելությունն ապացուցելու կարիք էլ չկար. Հովհ. Թումանյան եւ Հ. Մաթեւոսյան անուններն արդեն ամեն ինչ ասում են։ Պրն Մաթեւոսյանն ինքն էլ գոհ էր հրատարակությունից. «Շատ գեղեցիկ տպագրական որակ եւ մակարդակ կա։ Գրքին երկարակեցություն եւ անգամ հավերժություն է տված։ Այս գիրքը պետք է դառնա յուրաքանչյուր հայ ընտանիքի սեղանի գիրքն ու Ավետարանը»։ Ապա զուտ մաթեւոսյանական համեստությամբ ավելացրեց. «Ես թերեւս լավ գրող չեմ, բայց լավ ընթերցող եմ։ Վստահ եմ իմ ճաշակին ու, կարծում եմ, որ ընտրածս Թումանյանի ճաշակով է։ Երեւի ինքը հենց այս գործերը կընտրեր»։ Որակը՝ որակ, մակարդակը՝ մակարդակ, բայց հարկ է խոստովանել, որ այս հրատարակությունը գրքերի մասին մեր ունեցած սովորական «շիրպորտրեբային» պատկերացումներին լրիվ հակասում էր. հազար օրինակով լույս տեսած գրքերը կաշեկազմ էին (15 հազար դրամ) դրանցից 200-ը՝ Թումանյանի արծաթե հարթաքանդակով (25 հազար դրամ) եւ 100-ը՝ ոսկե հարթաքանդակով (55 հազար դրամ)։ Ու, քանի որ, ընթերցասեր ասելով, հիմնականում հասկանում ենք՝ անփող, իսկ փողատեր ասելով՝ ժլատ, ուրեմն բնական էր ընթերցասերների իրավունքների պաշտպանությանը միտված լրագրողների անհանգստությունը՝ բարձր գների առնչությամբ։ Այս անգամ մեծ լոռեցու հոգեզավակ մեծ լոռեցին խոսեց զուտ մաթեւոսյանական լավատեսությամբ. «Ինձ թվում է, մերօրյա մանթաշովներն այնքան մեծահոգություն կունենան, որ գիրքը ժողովրդին կվերադարձնեն ինքնարժեքի գնով»։ Ալբերտ Իսոյանի ելույթը շնորհակալությունների երկար շարք էր՝ ուղղված մտահղացողին, հովանավորներին, հրատարակողներին, տպագրողներին, իտալական բարձրորակ կաշվին, բոլորին, բոլորին… Վերջում էլ թե՝ կեցցե՜ Հրանտ Մաթեւոսյանը։ Կեցցե՛։ Հրանտ Մաթեւոսյանի խոսքն էլ՝ գրածի պ ես բարձրարվեստ էր։ Հիշեց պապին, որին, երբ հարցրել են տարիքը, պատասխանել է, որ գրեն Թումանյանի ծննդյան թիվը, թեեւ ինքն ավելի մեծ էր։ Սրան իր բացատրությունն ուներ վաղուց պապ դարձած թոռը. «Այդ խավար կոլխոզաշինության տարիներից շրջվեց, մի լուսավոր թիվ գտավ ու ծննդյան թիվը տեղավորեց այդտեղ»։ Հիշեց, թե ինչպես է հայրն ընդդիմացել որդու սար չգնալու պատճառաբանությանը՝ «Թումանյան պիտի սովորեմ», ասելով՝ բա Թումանյան կսովորե՞ն, Թումանյանը կիմանան։ «Ու այդպես, այդ խորհրդավոր հավերժ ծերունին դարձավ մեր Ավետարանը, մեր սեղանի գիրքը։ Նրա հետ երեխա են եղել, մեծացել են մեր պապերը, մեր ծնողները, մենք, մեր զավակներն ու թոռները։ Թումանյանը մեր բոլորի ուղեկիցն է, նա իմ եւ աշխարհի հարաբերություններում իմ առաջնորդն է։ Թումանյանը մեր խոսքն է»,- խոստովանեց գրողը։ Ու թեեւ երեկույթը վարողը նկատեց, որ ինչպես Թումանյանից հետո գրելն էր դժվար, բայց շատերը գրեցին, այնպես էլ Մաթեւոսյանից հետո խոսելն է դժվար, բայց… խոսեց ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Նա գնահատեց օրվա պայծառությունը. «Իրապես պայծառ օր է» (թեեւ ուրբաթ էր, 13-ը, եւ դրսում թույլ անձրեւ էր մաղում)։ Ու հետո խոստացավ երջանկացնել իր զավակներին. «Ձեռք բերելով այս հատորը, կկարողանանք տուն մտնել պայծառ տրամադրությամբ եւ ուրախ նայել մեր զավակների աչքերին»։ Ճիշտն ասած, որոշ կասկածներ կան, որ ԱԺ նախագահը կարողացավ այդ օրը պայծառ տրամադրությամբ մտնել տուն եւ նայել զավակների աչքերին. գրքերի վաճառքն իրականացնող աղջիկներն այդպես էլ իրենց հատուկենտ գնորդների մեջ չմտաբերեցին ոչ Ա. Խաչատրյանին, ոչ էլ նրա թիկնապահներին։ Ի դեպ, պայծառ տրամադրությամբ տուն մտնելու հրաշալի առիթը կորցրեցին նաեւ Երեւանի քաղաքապետը, փոխքաղաքապետը, մի քանի թաղապետեր, գործարարներ։ Մեղադրելու չէ՝ նրանք հալալ քրտինքով ապրող ու աշխատող մարդիկ են։ (Հաջորդ պարբերությունը իշխանամետ եւ ՀՀՇ-ատյաց մամուլի ոգով է, նյարդայիններին առաջարկում եմ շրջել էջը)։ Իսկ ա՛յ, Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանն իրեն թույլ տվեց 55 հազար դրամով «ոսկե» հատոր գնել։ Բնականաբար, այդպես էլ պետք է լիներ։ Անամոթաբար բացահայտվեց եւ իր դիմակը պատռեց ժողովրդի արյունը ծծած, տոննաներով մազութ լափած նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչը, որի գնած մի գրքի փողով աղետի գոտում երեք շենք եւ երկու հիվանդանոց կկառուցվեր։ Եվ թող իզուր չստի, թե ինքը ԱՄՆ-ում է այդ փողերն աշխատել։ Մենք հո գիտենք, որ նա Քաջարանի մոլիբդենն ու Լենինի արձանի մարմարն էր ամերիկաներում ծախում այն ժամանակ, երբ մենք կրծքով պաշտպանում էինք Հայ Դա՜տը, հայ աշխա՜րհը, հայ կրա՜կը ու հայ մարդկությո՜ւնը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել