Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր

Հուլիս 17,2001 00:00

ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՀՐԱՇՔԸ Մեր ժողովրդի պատմության նման հին է ու հետաքրքիր հայ պարարվեստը։ Դժվար է հիշել, թե քանի տարեկան է հայկական պարը. ըստ երեւույթին ճիշտ այնքան, որքան մենք՝ հայերս։ Դարեր շարունակ պարել են հայ աղջիկներն ու տղաները, պարել են ահել ու ջահել, իրենց թափ ու թռիչքի մեջ դնելով մեր կենսասեր ժողովրդի պաթոսն ու եռանդը։ Հայաստանում մեծ շուքով նշվող քրիստոնեության ընդունման 1700-ամյակի պետական միջոցառումների շրջանակներում կազմակերպվող հանդիսություններին մասնակցող բազմաթիվ խմբերի կողքին են Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ «Վարդան եւ Սիրանուշ Գեւորգյաններ» միջազգային պարերի դպրոցի շնորհաշատ սաները։ Ազգային օպերային թատրոնում նրանք ներկայացրին ծավալուն ծրագիր՝ ժողովրդականից մինչեւ ժամանակակից պարերը, աշխարհի ժողովուրդների պարեր։ Համերգի ավարտին հանդիպեցի Գեւորգյան ամուսիններին։ – Դուք այստեղ եք ծնվել, այստեղ մեծացել… – Իրավացի եք։ Ծնվել ենք այստեղ, այստեղ մեծացել… Պարային առաջին քայլերը սկսել ենք յոթ տարեկանից։ Փառք Աստծո, սկզբից եւեթ ունեցել ենք այնպիսի ուսուցիչներ, ինչպիսիք են Հովսեփ Շամամյանը, Սուրեն Գյանջումյանը։ Ուսանողական տարիներին՝ Ֆրունզե Ելանյանը, Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, Նորայր Մեհրաբյանը։ – Որտե՞ղ եք մկրտվել որպես պարող։ – Առաջին քայլերը սկսել ենք Քաղաքային, Շահումյանի եւ 26 կոմիսարների շրջանների պիոներների պալատներում, «Կանազ» պարախմբում։ – Ինչպես ասվում է՝ ոչինչ չեք մոռացել, ոչ ոքի չեք մոռացել, իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Լոս Անջելեսում։ – 1994 թվականին «Բարեկամություն» պարախմբի կազմում մասնակցեցինք Լոս Անջելեսում կազմակերպված «Բրավո Հայաստան» հայ մշակույթի մեծ հանդիսությանը, որից հետո այնտեղ շարունակեցինք ու շարունակում ենք մեր ստեղծագործական կյանքն ու գործունեությունը՝ ղեկավարելով «Վարդան եւ Սիրանուշ Գեւորգյաններ» միջազգային պարերի դպրոցը։ Վերջինս ստեղծվեց 1995 թվականին, Գլենդելում։ Այսօր հաճախում են ավելի քան 300 հայ պատանիներ ու աղջիկներ։ Դպրոցի անդրանիկ մեծ համերգը տեղի ունեցավ 1998թ. սեպտեմբերի 27-ին, Գլենդելի Հայ Սքուլի հանդիսասրահում՝ «Երջանիկ մանկություն» խորագրով, իսկ 2000թ. հունիսի 4-ին հանրահայտ Ջոն Անսոն Ֆորդ ամֆիթատրոնում կայացավ «Երեխաները մեր ապագան են», իսկ սեպտեմբերի 24-ին՝ «Հրաշք մանուկներ» խորագրով պարային մեծ համերգ-տոնակատարությունները՝ նվիրված դպրոցի հնգամյա տարելիցին։ – Ձեր դպրոցի առաջին ելո՞ւյթն է հայրենիքում։ – Այո։ Առանց հովանավորի, 150 հոգով եկանք մայր հայրենիք։ 100 երեխա առաջին անգամն է հայրենիքում։ Ավելի քան համոզված ենք, որ ամրապնդվեց իրենց հայ լինելը։ Ասում են, չէ՞, «լավ է մեկ անգամ տեսնել…»։ Շնորհակալ ենք Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի պետական միջոցառումների հանձնաժողովին, Հայաստանի պարարվեստի միությանը, «Նաիրի» երաժշտության եւ արվեստների միջազգային դպրոցին, Համազգայինի Լոս Անջելեսի եւ Գլենդելի մասնաճյուղերին, ՀՕՄ-ի Մոնթեբելլոյի «Նաիրի» մասնաճյուղին, ինչպես նաեւ դպրոցի բոլոր ծնողներին, որոնց նյութական ու բարոյական աջակցությամբ միայն հնարավոր դարձավ իրականացնել պատասխանատու եւ պատվաբեր համերգային այս շրջագայությունը մայր հայրենիքում։ – Ասում են՝ տաքուկ, արվեստագետին վայել կյանքով եք ապրում Ամերիկայում։ – Միայն այստեղից է թվում, որ տաքուկ է։ Հայ արվեստագետի կյանքը դրսում չի կարելի որակավորել «տաքուկ»։ Այսօր, ընդհանրապես, դրսում գտնվող հայերի աշխատանքն է, որ կարողանում են պահել Հայաստանում գտնվող բարեկամներին, գործընկերներին… Գերադասում ենք ապրել դրսում, բայց լինել օգտակար մեր հայրենիքին։ Մենք արվեստի մարդիկ ենք, արվեստի նվիրյալներ։ Ունենք մեկ ընդհանուր ու սրբազան պարտք ու նպատակ, այն է՝ պահպանել ու զարգացնել մեր դարավոր մշակույթը։ Համերգի ավարտին Վարդան եւ Սիրանուշ Գեւորգյանները սիմվոլիկ 1700 ԱՄՆ դոլար նվիրաբերեցին Հայաստանի Պարարվեստի միության շենքի հիմնաքարը դնելու գործին։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել