Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալի ձեռքերը դողում էին

Հուլիս 17,2001 00:00

«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ ընթացավ գերլարված մթնոլորտում, ինչպիսին չէր եղել մինչ այդ։ Անգամ ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ձեռքերը սկսեցին դողալ եւ պարզ չէր. դա կապ ունե՞ր այն հանգամանքի հետ, որ իր խմբի 6 անդամներն էլ էին բերվել դատական նիստի, թե՞ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օ. Յունոշեւի միջնորդության հետ, որով միջնորդվում էր Ն. Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխել ՆԳՆ թիվ 1 մեկուսարան։

Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը կոչ արեց հստակեցնել միջնորդությունը։

Սարգսյանների երկրորդ ներկայացուցիչը՝ փաստաբան Մարինա Ջանոյանը, պնդեց միջնորդությունը՝ ասելով՝ իրենք միանում են այն պատճառով, որ դատաքննական ցուցմունքներով «իրոք, Ն. Հունանյանը համագործակցել է ԱԱՆ-ի հետ»։

Փաստաբանը նշեց ամբաստանյալին տեղափոխվելիք վայրն էլ՝ Նուբարաշենի թիվ 1 մեկուսարան, ինչը «ուղղեց» Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչը՝ փաստաբան Աշոտ Սարգսյանն, ասելով. «Կանանց գաղութ էլ կա»։

Ամբաստանյալը ցանկանում էր նշել կողմերի կարծիքները, որը «նախապայման» համարվեց մեղադրող Արմեն Հարությունյանի կողմից եւ կանխվեց։ Տարօրինակն այն էր, որ ամբաստանյալն ինքն էր ուզում Օ. Յունոշեւից իմանալ, թե «կա՞ կոնկրետ փաստ, որ ԱԱՆ կողմից ինձ վրա որեւէ այլ տեսակի ճնշում եղել է»։

Հասկանալի է, փորձելով իր հետագա քայլերը կառուցել կողմի տված լրացուցիչ ինֆորմացիայի վրա (ինչը հաջողվում է, ի դեպ, որովհետեւ ինֆորմացիոն արտահոսք պաշտպանների, փաստաբանների կողմից լինում է)։

Օլեգ Յունոշև

Սա զգաց Օ. Յունոշեւը, որը հակիրճ նետեց. «Ասացի հիմնվում է դատաքննության ժամանակ տված ցուցմունքների վրա»։ Ինֆորմացիա տալու ցանկություն դրսեւորեց եւ ամբաստանյալը՝ տեղեկացնելով, թե համաձայն իր անձնական գործի, 2000թ. հունվարի 14-ին ժ.15-ին իրեն խցից են դուրս բերել, մինչդեռ ցուցմունքներ տվել է 11-ին։ Նա փորձեց իմանալ նաեւ, թե փաստաբանը տեղյա՞կ է ԱԱՆ եւ թիվ 1 մեկուսարանի «կարգ ու սարքին»։ Ռուս փաստաբանը «պասը» չվերցրեց եւ շարունակեց՝ «տեղափոխելը կնպաստի իր՝ Ն. Հունանյանի շահերին» եւ, որ ոչ ոք հստակ չի կարող ասել, թե որեւէ ազդեցություն չի կրկնվի։

Մարուսյա Չիլինգարյան

Ամբաստանյալ Ա. Կնյազյանի պաշտպան Մ. Չիլինգարյանը ուշացած համարեց կողմի վերոնշյալ միջնորդությունը։ Հունանյանն էլ օգտվելով պաշտպանական եւ ներկայացուցչական կողմի արդեն զգացվող ճեղքվածքից, «կպավ» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, հանդիմանելով, որ երկու րոպե ժամանակ չեն տրամադրել իրեն լսելու։ Նա ասաց, որ «ԱԱՆ-ն բանուգործը թողած իր համար ցուցմունքներ չի գրում», ոչ ոք իրեն չի կառավարում կամ թելադրում։ «ԱԱՆ-ից հարմար տեղ չկա,- շարունակեց,- եթե ես լինեի, կմիջնորդեի, որ մյուս ամբաստանյալներին էլ տեղափոխեին ԱԱՆ»։ Հունանյանի պաշտպանը անհիմն համարեց իր պաշտպանյալին տեղափոխելը ՆԳՆ մեկուսարան եւ դիմեց տուժողի ներկայացուցչին, եթե ԱԱՆ-ի հետ փաստեր կան՝ հրապարակվեն։ Պաշտպան Համլետ Ստեփանյանն էլ նշեց, որ ենթադրությունը հիմք չի տալիս նման միջնորդություն անելու։ Դերենիկ Բեջանովի պաշտպանի կարծիքով, վկայակոչված դատաքննական ցուցմունքները դեռ ապացույցի ուժ չունեն, հետեւաբար, ըստ նրա, հիմնավոր չէր, միջնորդությունը։

Պաշտպան Աղասի Աթաբեկյանը «կառափնարան» համարեց թիվ 1 մեկուսարանը, որտեղ չի պահպանվել կասկածյալ Նորայր Եղիազարյանի, Մուշեղ Մովսիսյանի անվտանգությունը։ Նա կոռեկտ չհամարեց ՌԴ քաղաքացու կողմից «ցեխ շպրտելը ԱԱՆ-ի վրա» (նույն այս տրամաբանությամբ ՌԴ քաղաքացու մոտ կոռեկտ չէր ՆԳՆ մեկուսարանը կառափնարան համարելը)։ Տուժող Ա. Վարդանյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանի կարծիքը ավելի մոտ էր ամբաստանյալների պաշտպանների կարծիքին։ Նա ասաց՝ «չփարատված կասկածները, ինչպես ՌԴ-ում, այնպես էլ այստեղ շպրտվում են մի կողմ» եւ դատարանին կոչ արեց՝ օրենքով առաջնորդվել։

Արմենակյանի շահերի ներկայացուցչի՝ Ե. Անդրիյանի համար չէր միայն անհասկանալի, թե ինչպես է, որ մի անձի անվտանգությունը ՆԳՆ «ահռելի համակարգը» չի կարող երաշխավորել։ Հետեւաբար, ըստ նրա, եթե ՆԳՆ-ն չվերցնի Հունանյանի ապահովությունը, ապա նա «անհասկանալի նախարարություն է»։

Այլ խոսքով, եթե անվտանգ չէ ՆԳՆ մեկուսարանը, Հունանյանին տեղափոխեք, օրինակ, որեւէ ներկայացուցչության շենք՝ դեսպանատուն, իսկ ՆԳՆ թիվ 1 մեկուսարանում պահվող, մեր տվյալներով, 880 կասկածյալ-մեղադրյալներին էլ տեղափոխեք այդքան պուպուշ համարվող ԱԱՆ, քանզի հիշեցնեմ, որ 880-ի մեջ, քրեականների կողքին, նստած են քաղաքացիական իրավահարաբերության զոհեր։

Փաստաբան Մ. Ջանոյանն առաջին անգամ ապավինեց տուժող պատգամավորների խոսքին։ Ինչպես միշտ դատաքննությանը ներկա էին երկուսը՝ Արամայիս Բարսեղյանն ու Էմմա Խուդաբաշյանը։ «Ինքս չեմ վստահում ԱԱՆ-ին եւ նրանց աշխատակիցներին,- ասաց Ա. Բարսեղյանը։- Ներկա իշխանություններն էլ սատարում են հանցագործությանը»։

Դատավորը դիտողություն արեց տուժողին, թե քննարկմանը քաղաքական բնույթ չպետք է տալ։ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Ա. Սարգսյանն ասաց, թե չի կարող հասկանալ ԱԱՆ-ի նկատմամբ ամբաստանյալի սերը եւ նշեց, թե ինքն այն կարծիքին չէ, թե Յունոշեւը Մոսկվայից եկել է, որպեսզի ապակայունություն մտցնի մեր երկրում։ Նա տեղին նկատեց, որ մեկուսարանի վայր ընտրելը դատարանի իրավասությունն է։

Մեղադրող քառյակը (Հ. Մարտիրոսյան, Ա. Եղիազարյան, Ս. Հարությունյան, Գ. Ավետիսյան) առաջարկեց հետաձգել միջնորդության լուծումը ճշտելուց հետո միայն, թե որ մեկուսարանում պետք է պահվի ամբաստանյալը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031