Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առավոտի»

Հուլիս 17,2001 00:00

«Չեն թողնում բակը սիրունացնենք» «Առավոտի» թիվ 127-ում տպագրված «Եթե փողոցային, էլ ի՞նչ օրինական» հրապարակման կապակցությամբ երեկ խմբագրություն էր այցելել Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակիչ Շահվալադ Վարդանյանը։ Հիշեցնենք, որ վերոնշյալ շենքի բնակիչներն իրենց դժգոհությունն էին հայտնել շենքի դիմաց կատարվող գյուղմթերքների բացօթյա առեւտրի կապակցությամբ, ինչը իրականացնում են նույն շենքի բնակիչներ Վարդանյանները։ Պրն Վարդանյանը տեղեկացրեց, որ բնակիչների հաղորդած տվյալները՝ կապված առեւտրի անօրինականության հետ, իրականությանը չեն համապատասխանում։ Առեւտրի օրինականությունը հաստատելու համար Շ. Վարդանյանն իր հետ խմբագրություն էր բերել Արաբկիրի թաղապետարանի կողմից տրված ժամանակավոր փողոցային առեւտրի թիվ 206 թույլտվությունը։ Տեղեկացնենք, որ թույլտվության հիմք են հանդիսացել քաղաքացու դիմումը եւ պետական ռեգիստրի վկայականը, թույլտվության ժամկետը մինչեւ 21.07.01-ն է։ Նշենք, որ գրության տակ ստորագրել է Արաբկիրի թաղապետ Ֆելիքս Յայլոյանը։ Ինչ վերաբերում է բնակիչների բողոքին, պրն Վարդանյանը ներկայացրեց Հ. Հակոբյան թիվ 1 շենքի շուրջ 71 բնակիչների ստորագրություններ, որոնք կողմ էին շենքի դիմաց կատարվող գյուղմթերքների առեւտրի կետի բացմանը. «Ես համոզված եմ, որ բողոքողը մի հոգի է, որը խոսում է շենքի բնակիչների անունից»,- ասաց նա։ Շ. Վարդանյանը հավաստեց, որ շուկան պատկանում է «Արաբկիր» բարեգործական հիմնադրամին եւ գյուղմթերքներով օգնում է մանկապարտեզներին, ծերանոցներին եւ մանկատներին։ Իր ասածը հաստատելու նպատակով, նա այդ հաստատությունների կողմից ներկայացրեց մի շարք շնորհակալագրեր՝ ուղղված կազմակերպությանը։ Պրն Վարդանյանը առարկեց նաեւ այն բանի վերաբերյալ, թե ժամը 19-ից հետո շուկայի տարածքը աղբանոցի է վերածվում։ «Այն մշտապես մաքրվում է,- ասաց նա եւ ավելացրեց,- ասում եք, թե երկու քայլ վերեւ Մերգելյան ինստիտուտի մոտ շուկա կա եւ ինչու մեր շուկան չենք տեղափոխում այնտեղ։ Համաձայնեք, որ Մերգելյանից մի երկու քայլ վերեւ էլ Կոմիտասի շուկան է, ինչո՞ւ նրանք էլ իրենց շուկան չեն տեղափոխում»։ Ինչ վերաբերում է բակում տեղադրված խողովակներին, պրն Վարդանյանը տեղեկացրեց, որ այն ավտոտնակների համար չէր նախատեսված, այլ խաղողի թարմայի։ «Սակայն բնակիչները բողոքեցին, թաղապետարանից եկան կտրեցին»։ Շ. Վարդանյանի տվյալներով, Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքում բնակվում են հինգ Վարդանյան ընտանիքներ եւ եթե այդքան ավտոտնակ կառուցվում էլ է (տվյալ դեպքում 5), ապա դրանք ոչ թե մեկ ընտանիքի համար են, այլ հինգ։ Ըստ Շահվալադ Վարդանյանի, ոչ ոք չի մտածում բակը գեղեցկացնելու մասին, իսկ երբ մեկն էլ ուզում է որեւէ բան անել, սիրունացնել, փոփոխություն կատարել՝ բողոքում են, չեն թողնում։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել