Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերեւից

Հուլիս 17,2001 00:00

ԿԱԶԻՆՈՆԵՐԸ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ «Վերեւից Աստվա՜ծ, ներքեւում հանրապետության նախագահն են ինձ օգնում կրճատել ստվերային տնտեսությունը։ Ու ստվերի դեմ պայքարելու եմ մինչեւ վերջ»։ Ճիշտ է, շատերից ենք լսել սա, բայց առավելապես հայտնի է ՊԵ նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի կատարմամբ։ Իսկ Աստված ու Ռոբերտ Քոչարյանը, եթե նույնիսկ Ա. Մանուկյանին օգնել են ստվերի դեմ պայքարի հարցում, ապա երեւում է, չեն խանգարել «յուրայիններին» տեղավորել այդ նույն ստվերային դաշտում։ Ընդհանրապես, հայտնի բան է. եթե մարդ մի բանի մասին առիթ-անառիթ շատ է խոսում, ապա, հաստատ, մի կոմպլեքս ունի։ Նախկին ՊԵ նախարարի այս հավաստիացումներն էլ բացառություն չէին։ «Առավոտը» պարզել է, որ Անդրանիկ Մանուկյանը պետեկամուտների նախարար եղած ժամանակ հովանավորչությամբ է զբաղվել։ Խոսքը Մաշտոցի պողոտայում գտնվող «Ֆլամինգո» կազինոյի մասին է, որի վարձակալը Ա. Մանուկյանի ընկեր Արմեն Բադալյանն էր։ Մի հետաքրքիր զուգադիպությամբ, Արմեն Բադալյանը «Ֆլամինգոն» վարձակալում է Ա. Մանուկյանի նախարար նշանակվելուց հետո, բայց հասցնում է աշխատեցնել ընդամենը 3-4 ամիս, որովհետեւ Հայաստանում ամենաեկամտաբեր բիզնեսն անգամ կապ ունի հովանավորչության հետ եւ «հովանավորները» երկար չեն մնում իրենց պաշտոններում։ «Առավոտին» հասած հավաստի տվյալներով, Ա. Բադալյանը հարկային դաշտից գրեթե դուրս է գործել։ Այս տվյալը հաստատում է այն հանգամանքը, որ Ա. Մանուկյանի ու Ե. Զախարյանի փոխատեղումից, այսինքն՝ առաջինի պաշտոնից ազատվելուց հետո, պրն Բադալյանը նախ իր մերձավորների շրջանում մտադրություն է հայտնել իր բիզնեսը դադարեցնելու մասին, այնուհետեւ, անցած չորեքշաբթի, այդպես էլ վարվել է։ Ուշագրավն այն է, որ «Ֆլամինգոյի» վարձակալը մերձավորների հետ խոսակցության ժամանակ իր այս բիզնեսը չշարունակելը կապել է հենց նախարարի փոփոխության հետ։ «Առավոտին» հաջողվեց պարզել, որ Ա. Բադալյանը «Ֆլամինգոն» «գործարկելու» բանավոր անժամկետ պայմանավորվածություն է ունեցել։ Ըստ երեւույթին, «դու՝ ինձ, ես՝ քեզ»-ն այս պարագայում էլ է գործել եւ չի բացառվում, որ պարոն Բադալյանը նեղն ընկած ժամանակ, ասենք, ամսվա վերջին՝ այն աժիոտաժային օրերին, երբ բյուջեն լցնելու ցայտնոտի առաջ էր լինում նախարարը, օգնած լինի Անդրանիկ Մանուկյանին, ինչ-որ գումար փոխանցելով։ Որ առիթը եկել է, նկատենք նաեւ, որ թե՛ «Ֆլամինգոյում», թե՛ կազինոների գերակշիռ մեծամասնությունում այլ խախտումներ էլ են լինում եւ, ընդհանրապես, Հայաստանում շատ ցածր է կազինո հաճախելու կուլտուրան, ընդհուպ մինչեւ ինֆարկտի աստիճանի։ Հանկարծակի հարստացած կամ մի գործարքից խոշոր գումար շահած շատ գործիչներ (նաեւ քաղաքական) չգիտեն, որ կազինո գնում են ավել փողը ծախսելու, եւ տանուլ տալու վտանգը միշտ պետք է աչքի առաջ ունենալ։ Բայց, օրինակ, պատգամավոր, ձորաղբյուրցի Վրեժը, ըստ երեւույթին, Վրեժ Շահգելդյանը, ըստ հավաստի տեղեկատվության, «Ֆլամինգո» կազինոյում տանուլ է տվել 30000 ԱՄՆ դոլար եւ միկրոինսուլտ ստացել։ «Առավոտը» ճշտեց, որ պատգամավոր Վրեժ Շահգելդյանը, իրոք, վիրահատվել է սրտաբանական հիվանդանոցում։ Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, հեռու պարոն Շահգելդյանից, բայց, օրինակ, ոչ անհայտ մի բիզնեսմեն-առեւտրական էլ նույնպես խոշոր գումար տանուլ տալուց հետո ինֆարկտից մահացել է։ Անունը, հասկանալի պատճառներով, չենք նշում։ Քիչ չեն նաեւ այնպիսի պետական պաշտոնյաները, որոնք մի օր հեռուստացույցով արտահայտվում են պետական պաշտոնյաների աշխատավարձերի տասնապատիկ ավելացման օգտին, մյուս օրը դրա հազարապատիկը խաղարկում ու տանուլ տալիս կազինոյում։ Կազինոները, «Առավոտի» ուսումնասիրություններով, չեն հետեւում անչափահասների վերաբերյալ արգելքին։ Այսինքն, թույլ են տալիս անչափահասների մուտքը, քանի որ փող են բերում։ Շատ դեպքերում պարզվել է, որ անչափահասները փողը տնից են գողացել։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. Չնայած այս ազարտին, Երեւանը Լաս Վեգաս չի դառնա, որովհետեւ կազինոները ստիպված կլինեն մինչեւ 2002թ. դեկտեմբերի 10-ը «շարժվել» Երեւանից 50 կմ հեռու։ Այսօրվա դրությամբ, որեւէ խաղատուն դեռեւս չի տեղափոխվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել