Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել ուրբաթ օրվա քաղխորհրդի որոշումը։ Մեկնա

Հուլիս 17,2001 00:00

Ի՞նչ է կատարվում ՀԺԿ-ում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել ուրբաթ օրվա քաղխորհրդի որոշումը։ Մեկնաբանություններից հրաժարվեց նաեւ ՀԺԿ-ն ներկայացնող ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը։ Իսկ, առայժմ ՀԺԿ անդամ, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը չխուսափեց մեկնաբանություններից։ Ավելին, իր խոսքում նա մեղադրանք հնչեցրեց կուսակցության ղեկավարության հասցեին եւ չթաքցրեց, որ կձեւավորվի մի նոր թեւ կամ ուժ։ Արմեն Խաչատրյանն ասաց, որ «կոռեկտ» չի համարում, երբ «կուսակցականի բացակայությամբ լսվում է «պերսոնալ» հարց, այն էլ ԱԺ-ի նախագահի եւ նախագահի տեղակալի վերաբերյալ։ Երկրորդ, պիտի նշեմ, որ Հայաստանի Ժողովրդական կուսակցության ներկա ղեկավարությունը շեղվել է այն գծից, որը նախանշում էր Կարեն Դեմիրճյանը։ Մենք հավատարիմ ենք Կարեն Դեմիրճյանին, նրա առաջ քաշած սկզբունքներին, նրա չափանիշներին, նրա քաղաքական կուրսին, շարունակելու ենք մինչեւ մեր կյանքի վերջը հավատարիմ մնալ նրա այն չափանիշներին, ինչը վերաբերում է կառուցողական տրամաբանությանը, կառուցողական քաղաքականություն վարելուն, որին, ի դեպ, համագումարն էլ իր աջակցությունը հաղորդեց։ Քաղաքական բոլոր այն հակառակորդները, որ ուներ Կարեն Դեմիրճյանը, այսօր կուսակցության ղեկավարությունը փորձում է գնալ դեպի այդ ուղղությամբ։ Մենք հարիր չենք համարում, որպեսզի ընթանանք այդ ճանապարհով։ Մենք պիտի շարունակենք Կարեն Դեմիրճյանի կանխորոշած պետականության, պետական մտածողության եւ կառուցողական սկզբունքները եւ շարունակելու ենք մեր գործունեությունը, եւ, կարծում եմ, բոլոր այն առողջ ուժերը, ովքեր որ Կարեն Դեմիրճյանական են, նրա սկզբունքների դավանողն են, կհավաքվեն, կմիախմբվեն մեզ եւ մենք կշարունակենք Կ. Դեմիրճյանի գործը»։ Արմեն Խաչատրյանի խոսքից ակնհայտ է, որ սպասվում է ինչ-որ նոր բանի ծնունդ, դա կլինի կուսակցության ներսո՞ւմ, թե՞ դրանից դուրս. «Բոլոր կուսակցություններում, ասենք Միացյալ Նահանգներում, կա հանրապետական եւ դեմոկրատական կուսակցություն, որովհետեւ բոլորը չէ, որ կիսում են նույն չափանիշները։ Կան աջեր, կան ձախեր, կան ցենտրիստներ, բայց այս պարագայում, կուսակցության մոլորությունը, նկատի ունեմ, որոշ ղեկավարների մոլորությունն այնքան ակնհայտ է, որ անպայմանորեն կձեւավորվի մի նոր թեւ, կամ մի նոր մարդկանց կառույց, որտեղ կհավաքվեն Կարեն Դեմիրճյանի այն մարդիկ, ովքեր այս երեք-չորս տարիների ընթացքում նրա հետ են եղել, կիսել են նրա գաղափարախոսությունը, որոնք, նրա հետ ունեցել են անձնական մտերմություն, եւ, ի դեպ, որոնք եղել են այս կուսակցության հիմնադիր անդամ»։ Այսօր, ըստ ամենայնի, տեղի կունենա ՀԺԿ Երեւանի «Կենտրոն» տարածքային կազմակերպության դռնփակ ժողովը, սպասվում է, որ Արմեն Խաչատրյանը եւ Գագիկ Ասլանյանը, նշվում են եւս 6-7 անուն, իրենց դիմումի համաձայն, դուրս կգան կուսակցությունից։ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի քվեարկությունը եւ դրանից հետո առաջացած իրավիճակը լուրջ մտորելու առիթ է տալիս։ Ի վերջո, սա պիտի կատարվեր ցանկացած այլ առիթով։ Բոլոր քիչ թե շատ ծանրակշիռ կուսակցությունները վերջին շրջանում ինչ-որ անհայտ ուժի ստիպմամբ կիսվելու եւ բաժանվելու հատկություն են ձեռք բերել։ Եվ բոլորովին զարմանալի չէ, որ ՀԺԿ-ի ներսում նույն մարդիկ օրվա առաջին կեսին վազում են Արմեն Ավագիչի մոտ իրենց հավատարմությունը հավաստելու, օրվա երկրորդ կեսին՝ Ստեփան Դեմիրճյանի մոտ՝ նույն՝ հավատարմության երդումներով։ Ակնհայտ է, որ այս 10-15 մարդուն ոչ թե գաղափարական նվիրվածությունն է կապում կուսակցության հետ, այլ՝ անձնական շահն ու հավակնությունները։ Մյուս կողմից, պարզապես անհասկանալի է, որ արդեն բաժանվելու պատրաստ մասի պնդմամբ իրենք ավելի հավատարիմ են Կարեն Դեմիրճյանին, քան՝ Դեմիրճյանն ինքը։ Ակնհայտ է, որ ՀԺԿ-ն պահպանվեց առաջին հերթին այն պատճառով, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո կուսակցության ղեկավարությունը տրվեց Կարեն Դեմիրճյանի որդուն եւ ակնհայտ է նաեւ, որ այն, ինչը կանջատվի ՀԺԿ-ից, այլեւս ՀԺԿ չի լինի եւ իրականում Ժողովրդական կուսակցությունը կգնա Դեմիրճյանի որդու ետեւից։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել