Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ասում է իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը

Հուլիս 17,2001 00:00

«ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ, ԱԶԱՏ ԽՈՍՔԻՆ, ԱԶԱՏ ՄՏՔԻՆ» Ասում է իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը Իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանին ԱԺ իրավաբանական ծառայության պետի պաշտոնից ազատելու հրամանը ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը քաղաքական չհամարեց։ Վլադիմիր Նազարյանը ինքն այս հրամանի եւ ընդհանրապես Արմեն Խաչատրյանի մասին խոսելիս հավատարիմ մնաց ինքն իրեն. «Ձեզ հայտնի է, չէ՞, երբ իրեն՝ Արմեն Խաչատրյանին հանում էին ԱԺ նախագահի պաշտոնից, կազմել էին մի հակասահմանադրական ստորագրահավաք։ Ես էլ մի տեղեկանք գրեցի, որ իրեն իրավունք չունեն հանելու, ինքն էլ հայտարարեց, որ եթե Նազարյանն ասում է՝ ինձ չեք կարող հանել, դուրս չեմ գա։ Ու մնաց։ Դրանից հետո ինձ ասում էր՝ դու իմ հերս ես, ես խոստանում եմ, որեւէ քայլ չանեմ առանց քեզ հարցնելու եւ այլն։ Բայց նրա գլուխգործոցը երեւի Դեմիրճյանների տանը եղած մի խոսակցություն էր, իմ կարծիքով, նրանք թույլ կտան, որ ես պատմեմ։ Արմեն Խաչատրյանը ասում էր. «Երբ գնում եմ Դեմիրճյանի գերեզմանին, ինքն իմ հետ խոսում է»։ Ստեփան Դեմիրճյանը կողքից ասաց՝ որ խոսում է, ինչո՞ւ չես լսում, այ տղա։ Ուզում եմ ասել, Արմեն Խաչատրյանի մասին խոսելը ինձ համար ուղղակի զավեշտ է։ Ես նրան չեմ էլ նկատում, անկեղծ ասած»։ Վլ. Նազարյանը իրեն աշխատանքից ազատելը գնահատեց որպես մարդասիրության գագաթնակետ. «Իմ նկատմամբ ինչքան հումանիստական են, եթե Դեմիրճյանին սպանեցին, ինձ ուղղակի թոշակի են ուղարկում։ Սա այնպիսի հումանիստական զարգացում է, որ չես կարող չողջունել։ Ընդհանրապես, հումանիզմի զարգացումը ակնհայտ է, եթե Ջորդանո Բրունոյին այրեցին, Դեմիրճյանին սպանեցին, ինձ թոշակի են ուղարկում։ Ես առաջընթացը չեմ կարող չնկատել»։ Մեր դիտարկմամբ Վլ. Նազարյանին կենսաթոշակի «ուղարկելը» կապված է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի, նաեւ՝ համաներման խայտառակ կիրառման, սահմանադրորեն սպասվող փոփոխությունների եւ մի շարք այլ հանգամանքների հետ. «Թերեւս կապված լինեն, չեմ կարող ասել։ Ես այնպիսի մեկը չեմ, որ ինձ աշխատանքից ազատելը կապված լինի մեկ օրենքի նախագծի հետ։ Ես կարծում եմ, թե ավելի ընդգծված նշանակություն ուներ, որ ես ապացուցեցի, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործների նկատմամբ համաներումը ապօրինի է կիրառվել։ Գուցե դա ավելի ցնցող էր, քան մյուսը։ Ընդ որում, ես ցույց տվեցի, որ հանրապետության նախագահը տեղյակ էր, որ նախագիծը հակասահմանադրական է, եւ, տեղյակ լինելով հանդերձ, ճնշում էր ԱԺ-ին։ Անկեղծ կուզեի, սա էլ տպագրեիք՝ աղջկաս հետ զրուցում էինք, ինքն ինձ ասում է՝ պապ, էդքան բան արել ես դրանց գլխին, բա էդ էլ չանեի՞ն»։ Այս ամբողջ պատմությունից, ըստ Վլ. Նազարյանի, նաեւ ըստ մեզ. «Եթե որեւէ մեկը տուժեց, տուժեց ԱԺ-ն, տուժեցին իմ պատգամավորները։ Համենայնդեպս, ոչ ես, որովհետեւ սպանությունից հետո միակ բանը, որ կարելի է ինձ անել, խելքս գլխիցս առնելն է, որն իրոք վատություն կլինի։ Հետո, ի՞նչ մի պաշտոն է՝ գրասենյակի բաժանմունքներից մեկի ղեկավար։ Ես կորցրել եմ հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը, մի հատ «օֆ» էլ չեմ արել, ընդ որում, կորցրել եմ այն պայմաններում, երբ ամբողջ ժողովուրդը գոռում էր՝ «Լեւոն, Լեւոն», եւ ես ապրում էի մի հանրապետությունում, որի ղեկավարությունը բաղկացած էր իմ նախկին կալանավորներից։ Այդ պայմաններում անգամ ես իմ մեջ ուժ գտա ստեղծելու ՀՀ Սահմանադրությունը, եւ ուժ գտա լամպի, մոմի լույսի տակ ստեղծելու ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը 1300 հոդվածով, որը ճանաչվեց լավագույնը ԱՊՀ բոլոր երկրներում, իմ մեջ ուժ գտա ստեղծելու Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը։ Հիմա ի՞նչ է եղել։ Հետո ես սրտի թրթիռով, ամեն պահ զգում եմ ժողովրդի սերը, եւ դա ինձ այնքան է շոյում, ես դրանով ապրում եմ։ Դրանից լավ, ով՝ ինչ կարող է երազել»։ Վլ. Նազարյանը այսուհետ շարունակելո՞ւ է ՀԺԿ-ի հետ իր համագործակցությունը. «Ես էլի ասեմ, այդ կուսակցության հետ իմ կապն ավելի շատ էմոցիոնալ է։ Անկեղծ եմ ասում, որովհետեւ ես քաղաքական գործիչ չեմ։ Ինձ շատ առաջարկներ են արվել, բայց ես ուղղակի սրտով կապված էի Դեմիրճյանի հետ, որովհետեւ մենք հասակակիցներ ենք, ինքը 23 օրով մեծ էր ինձանից, եւ հետո, այնպես է ստացվել, որ մենք 49-50-ական թվականներին մտերիմներ էինք։ Իր մահը իմ վրա շատ ծանր, անտանելի ծանր, անսպասելի ծանր ազդեցություն թողեց։ Այդ ազդեցությունը ծանրացավ, որովհետեւ կորցրել էի նաեւ կնոջս, որի հետ 50 տարի ապրել էի։ Եվ ես մտածեցի, որ ես պետք է լինեմ Ստ. Դեմիրճյանի կողքին, որպես խորհրդատու, նրան օգնեմ իմ գիտելիքները մատուցելով, թույլ չտամ, որ նա իրավական տեսակետից սխալներ կատարի»։ Վլ. Նազարյանի համար դասականը Շվեյկն է. «Շվեյկը հիանալի բացատրել է քաղաքականության էությունը։ Շվեյկն ասում է՝ քաղաքականությունը կրտսեր դպրոցական տարիքի երեխաների գործն է։ Քաղաքականությունը կառուցված է հետեւյալ բանաձեւով՝ ինչպես խաբել տատիկին՝ քաղցրավենիք կորզելու ակնկալիքով։ Նշենք, մեր բոլոր քաղաքական շարժումների հիմքում ընկած է տատիկին խաբելու եւ քաղցրավենիքը կորզելու մտասեւեռումը։ Եթե ես Շվեյկին համարում եմ իմ ուսուցիչը, ես ո՞նց կարող եմ միանալ քաղցրավենիք կորզողներին»։ Վլ. Նազարյանը գտնում է, որ ճիշտը ժողովրդի հետ ազնիվ, շիտակ խոսելն է։ Ինքը շարունակելու է աշխատել, տպագրել իր աշխատությունները, հանդես կգա «Առավոտում»։ Իր պաշտոնանկությունից մեկ օր անց պրն Նազարյանը արդեն տպագրության էր պատրաստել մի հոդված, որում ցույց է տրվում, որ մահապատիժը պետք է պահպանվի։ «Առավոտն» առաջիկայում կտպագրի այդ հոդվածը։ Իրավագիտության դոկտորը գտնում է, որ պատգամավորները կորցրին իրենց մասնագետ խորհրդատուին. «Բոլորին ես մատուցել եմ խորհրդատվություն՝ լինի Դաշնակցությունը, «Օրինաց երկիրը», ՀՀԿ-ն կամ Կոմկուսը, իմ գիտելիքների չափով։ Բացարձակ անմնացորդ օգնել եմ։ Պարզ է, որ իրենց համար դժվար կլինի, չէ՞ որ, պրոֆեսիոնալ խորհրդարան չէ, մարդիկ միշտ խորհրդատուի կարիք ունեն։ Ո՞վ տուժեց, տուժեց ԱԺ-ն։ Մեծ հաշվով տուժեց ժողովուրդը։ Մի քիչ ամպագոռգոռ բան եմ ասում, բայց այդպես է։ Շահեցին նրանք, ովքեր ուզում են տոտալիտարիզմ հաստատել հանրապետությունում, ովքեր օգտվելով պատգամավորների պրոֆեսիոնալ չլինելու հանգամանքից, կբերեն տակից տոտալիտար օրենքներ կփաթաթեն, կընդլայնեն իրենց իշխանությունը եւ հաշվեհարդար կտեսնեն ժողովրդի հետ։ Այ, սրանք, անտարակույս շահեցին, որովհետեւ ես այն ֆիլտրն էի, որին, եթե չէր էլ հաջողվում կասեցնել, համենայնդեպս հասցնում էր պատգամավորներին ճշմարտացի խոսքը, եւ ինձ հավատում էին, եւ հուսով եմ, որ էլի կհավատան։ Եվ վերջապես, տուժեց իրավական պետականությունը։ Իհարկե, շահեց հակաիրավական կեղծ պետականությունը»։ Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել