Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարադատության

Հուլիս 17,2001 00:00

«ՈՒՂՂԵ՛Ք ՁԵՐ ՍԽԱԼԸ» Արդարադատության համակարգի ներկա վիճակի մի մեղավորն էլ այն մարդիկ են, ովքեր նախկինում բողոքում էին իրենց դեմ պատվերով սարքված գործերից եւ զանազան ապօրինություններից, բայց ազատության մեջ հայտնվելով՝ փորձ անգամ չարեցին պատասխանատվության կանչել այդ ամենը կատարողներին։ Այս առումով Աշոտ Բլեյանին տրվելիք հարցերիցս ամենակարեւորն առաջինն էր։ – Դատարանում միշտ հայտարարում էիք, թե Ձեր վճռականությունը եւ հետեւողականությունը կհերիքեն, որ պատասխան տան Ձեր նկատմամբ գործված բոլոր ապօրինությունների հեղինակները։ Այժմ կպնդե՞ք նույնը։ – Տեր եմ իմ բոլոր ասածներին, որ հնչել են հրապարակային դատական քննության ընթացքում։ Ես համարում եմ, որ փոխվել է իմ խափանման միջոցը։ Ես Իսկուհի Վարդանյանի, Հովիկ Պետրոսյանի կամ դատախազից մուռ հանելու խնդիր չունեմ։ Նորից եմ կրկնում, որ այդքան ուժ տեսնում եմ իմ մեջ, իրավագիտակցությունս, համառությունս եւ գլխավորը՝ պատասխանատվությունս բավարար են եւ զգում եմ իմ անելիքի կարեւորությունը բոլորի համար ու նաեւ այն կալանավորների, ովքեր հավատացել են ինձ, ում ես օգտակար եմ եղել եւ այսուհետ էլ պիտի փորձեմ օգտակար լինել։ Անպայման ազատության մեջ իմ անմեղությունն ընդունել եմ տալու։ Սա հաստատ է։ – Բայց Դուք հետ վերցրիք վճռաբեկ բողոքը։ Չնայած նաեւ այսպիսի մեկնաբանություն եղավ, թե հակառակ պարագայում չէիք կարողանա դիմել Ստրասբուրգի դատարանին, քանի որ առայժմ Հայաստանը չի միացել միջազգային համապատասխան կոնվենցիային, իսկ Ստրասբուրգում քննության են առնվելու այն գործերը, որոնք դատական համակարգի բոլոր աստիճանները հաղթահարել են այդ կոնվենցիային միանալուց հետո միայն։ Պատճառը սա՞ է, թե՞ այլ խնդիր կար։ – Նաեւ դա է պատճառը։ Ես ամեն ինչ կանեմ, որ իմ արդարությունը, անմեղությունը ճանաչի հայաստանյան դատարանը։ Ես չէի ուզենա իմ գործը լինի նախադեպ, որ չեն կարողանում Հայաստանի արդարադատության որեւէ ատյանում լուծել հարցը եւ ստիպված միջազգային դատարան են դիմում։ Ես դրա օգուտը սկզբունքորեն չեմ տեսնում։ Ասել եմ, որ կաջակցեմ եւ առավելագույնը կանեմ, որ Հայաստանի արդարադատության որեւէ ատյան իմ գործով իրականացնի արդարադատությունը, այսինքն՝ ակնհայտ անմեղ անձի անմեղությունը ճանաչի։ Սակայն մայիսի 23-ին իմ ներկայացրած վճռաբեկ բողոքը ենթադրում էր նախապայմաններ։ Շատ հստակ գրել էի, որ եթե վճռաբեկ դատարանն ինքը չի հարգում մարդու գործի արդարացի քննության միջազգային իրավունքը, ապա այդ դատարանը պարզապես չի կարող իրականացնել արդարադատություն։ Եվ որպես առաջին նախապայման ես գրել էի՝ փոխեք իմ խափանման միջոցը։ Այսինքն՝ եթե ես կալանված վիճակում եմ մասնակցում մի գործի քննության, որով ես արդեն 2 տարի բանտարկված եմ եւ դրա համար չկան անհրաժեշտ պայմաններ, ՔԴՕ-ով որոշված հիմքեր, ապա բացառվում է, որ դատարանն արդարադատություն իրականացնի։ Իմ լրացուցիչ միջնորդությամբ ես բացառել էի իմ մասնակցությունը գործի քննությանը կալանավորի կարգավիճակով։ Սակայն վճռաբեկ դատարանը հրաժարվեց արդարադատություն իրականացնելուց։ Բայց դա չէր կարող շարունակ լինել հարազատներիս, կնոջս, երեխաներիս եւ, ի վերջո, իմ ազատության հաշվին։ Ես ասել եմ, որ հանուն Հայաստանի Հանրապետության կնստեմ այնքան, որքան պետք է։ Եվ ես հասկացա, որ հիմա ինձ պետք է ազատության մեջ շարունակել այդ գործը։ Օրենքի հնարավորությունը կար՝ պայմանական-վաղակետ ազատումը։ Վճռաբեկ դատարանն ինձ չթողեց այլընտրանք։ Իսկ Եվրոդատարան կդիմեմ անպայման, եթե դա լինի միակ հնարավորությունը։ Եթե մեր վճռաբեկ դատարանն առանց «տղա կանչելու», առանց դրսի միջամտության ի վիճակի չէ իրականացնել արդարադատություն։ – Հայտնի է, որ նման հնչեղության գործերում դատավորները որեւէ շարժում չեն անի առանց վերեւների համաձայնության։ Թերեւս այս գործի նկատմամբ փոխվե՞լ է իշխանությունների վերաբերմունքը։ Ենթադրելի է, որ միջազգային կառույցների ճնշման ներքո նրանք ստիպված էին գտնել մի ձեւ այս խնդիրը լուծելու համար։ – Դո՛ւք ասացիք։ Այսօր շատ օգտագործվող պատասխան է։ Այն ժամանակ Երեւանի դատախազը այսօր հանրապետության գլխավոր դատախազն է։ Ենթադրում եմ, որ իր նախաձեռնությամբ չի քրեական գործը հարուցվել եւ հետապնդում իրականացվել։ Ես լուրջ մտածում եմ, որ այն ժամանակվա գլխավոր դատախազը՝ Աղվան Հովսեփյանը, իր բավականին կողմնակի միջամտությունն է ունեցել այս գործում։ Գործող օրենսդրությամբ դատախազությունը պաշտպանում է մեղադրանքն այնքան ժամանակ, քանի դեռ դրա համար տեսնում է օրենքով որոշված հիմքեր։ Հիմա արդեն ակնհայտ է՝ Հայաստանում այդպիսի քաղաքացու չեմ հանդիպել, ով կասկածում է իմ անմեղությանը։ Սա նշանակում է՝ Երեւանի դատախազությունը չի ներկայացրել բավարար հիմքեր ինձ քրեական պատասխանատվության կանչելու համար։ Նրանց պարտքն է այժմ հրաժարվել մեղադրանքից, եթե չեն ուզում հանցագործությունը մինչեւ վերջ տանել։ Եվ դրա համար դիմելու եմ գլխավոր դատախազին եւ խնդրելու, որ օրենքով սահմանված կարգով իրենք բողոքարկեն վերաքննիչ դատարանի ակնհայտ անարդար դատավճիռը։ Հարցի լուծում պիտի լինի՝ շատ լավ, սխալվել եք՝ ընդունե՛ք ձեր սխալը, ուղղեք այն վերջապես։ Ես չեմ շտապում եւ կտրամադրեմ ժամանակ ինչքան անհրաժեշտ է։ Ես կարող եմ հանդուրժել այս վիճակը մինչեւ հունվար։ Հետո ինքս նորից կդիմեմ վճռաբեկ դատարանին եւ կշարունակեմ իմ պայքարը մինչեւ վերջ։ Ուզում են անպայման հայաստանյան դատարանի այսօրվա վիճակը տեղափոխել Ստրասբո՞ւրգ։ Ես, որպես Հայաստանի քաղաքացի, ամեն ինչ կանեմ, որ այդպես չլինի։ Բայց եթե ստիպեն՝ կօգտվեմ իմ իրավունքից։ Պնդում եմ՝ միայն արդարադատության իրականացումը ներում կլինի իմ գործով, բոլոր այն մարդկանց, ովքեր դատավարության տարբեր փուլերում մեղանչել են օրենքի դեմ։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել