Լրահոս
Օրվա լրահոսը

Այստեղ էլ կա հայկական արյուն

Հուլիս 14,2001 00:00

Այստեղ էլ կա հայկական արյուն Երեւանում կայացած հոգեւոր երաժշտության միջազգային փառատոնին իր մասնակցությունն էր բերել Մոսկվայի պատրիարքության երգչախումբը՝ Անատոլի Գրիդենկոյի ղեկավարությամբ։ Երգչախմբի ելույթից կարճ ժամանակահատված անց, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Սմբատյանը որոշում կայացրեց «Առավոտում» առաջին անգամ հակիրճ խոսել հայկական եւ ռուսական հոգեւոր երաժշտության ընդհանրության շուրջ։ Նկատենք, որ սա լուրջ, սենսացիոն խոսք է։ «Հոգեւոր երաժշտության փառատոնը մի առիթ էր երկու ժողովուրդների մշակութային ժառանգությանը ծանոթանալու եւ երկխոսություն ձեւավորելու համար։ Պատրիարքության երգչախմբի 16-17-րդ դարերի հոգեւոր երաժշտության լուսաբանումը կատարվեց գիտական ճշգրտությամբ եւ գեղարվեստական բարձր չափանիշներով, եւ այստեղ զգացի ընդհանրություն, ավելի մատչելի ասած՝ նմանություն հայ հոգեւոր երաժշտությանը՝ շարականներին։ Շեքսպիրի հանրահայտ իմաստախոսություններից մեկը («Հուլիոս Կեսար») ասում է. «Հնարավո՞ր է խույս տալ մի բանից, որ աստվածներն են վերուստ սահմանել»։ Իհարկե՝ ոչ. այդ ժամանակահատվածում Արեւելքից հոսք էր Ռուսաստան թե՛ քաղաքական, թե՛ տարբեր հանգամանքների բերումով։ Այս իրադրության մեջ անմասն չէին էլ կարող մնալ հայ հոգեւորականները, որոնք, համոզված եմ, ունեցել են իրենց դերն ու ազդեցությունը ռուսական հոգեւոր երաժշտության վրա։ Անգամ այն հանգամանքը, որ վերջինս հնչում է բազմաձայն, միեւնույն է՝ ընդհանրությունը կա։ Գաղտնիք չէ, որ Արեւելքի հնագույն ավանդույթներ ունեցող ժողովուրդների երաժշտական մշակույթը բազմիցս արժանացել է մասնագետների ուշադրությանը եւ քննության առնվել առանձին-առանձին։ Արեւմուտքը, մինչեւ այսօր էլ դա պարզ երեւում է երաժշտական աշխարհում, սնվում է Արեւելքից։ Հասկանալի է, որ յուրաքանչյուր ազգային մշակույթ, այդ թվում՝ եւ հոգեւորը, բարձր վերելքի կարող է հասնել ոչ թե մեկուսացման, այլ գեղարվեստական արժեքներով հարստանալու, համագործակցության ճանապարհով։ Հոգեւոր երաժշտություն ունկնդրելիս գալիս ես այն եզրահանգման, որ վերջինս մարդու հուզական ներաշխարհն արտահայտելու առավելագույն համամարդկային միջոց է։ Այո, համոզված եմ ու ավելի քան հաստատ եմ ասում. կա՛ ընդհանրություն եւ կա՛ հայ հոգեւոր երաժշտության ազդեցությունը ռուսականի վրա։ Կրկնեմ՝ դա անխուսափելի էր եւ, կարծում եմ՝ օրինաչափ. առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, առաջին հոգեւոր երաժշտություն ունեցող ժողովուրդը։ Իսկ որ ռուսական հոգեւոր երաժշտության մեջ հայկական արյուն կա, դա ակնհայտ է»։ Կոնսերվատորիայի ռեկտորի հայտարարությունը, կարծիքը, մոտեցումը երաժշտագիտական աշխատանքի նյութ է ու ակնկալում ենք, որ կլինեն տարբեր մոտեցումներ այս թեմային։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել