«Հրաման տանք, որ դատարան դիմե՞ք» Վանաձորում ԲՇՏ-ները, սկսած 1996թ., զանազան անվանափոխությունների են ենթարկվում, որից, սակայն, նրանց ֆունկցիաները չեն փոխվում եւ աշխատանքների վիճակն էլ չի բարելավվում, քանի որ այն անմիջականորեն կապ ունի բնակչության սոցիալական վիճակի հետ (եթե բնակիչը վճարունակ չէ, ինչպե՞ս կարող է սպասարկման վարձավճարներ մուծել)։ 1996թ. ԲՇՏ-ները վերափոխվեցին բնակարանային տնտեսության դուստր ձեռնարկության (ի՞նչ ձեռնարկություն, եթե արտադրանք չեն տալիս), 1997-ին դարձան ՓԲԸ (այն դեպքում, երբ աշխատողները բաժնետերեր չեն համարվում, եւ, առհասարակ, անհասկանալի է, թե ինչը պետք է բաժանեին միմյանց միջեւ)։ 2000թ. դարձան «թաղամասային հիմնարկություն»։ Ներկայումս էլ նոր փոփոխություններ են սկսվել այդ համակարգում, իսկ յուրաքանչյուր փոփոխություն եւ անվանափոխություն թանկ է նստում աշխատողների վրա։ Վերջիններիս մի մասը (կրճատումների «թիրախի» տակ գտնվող) հայտնվում է «օդում կախված» վիճակում, որպես թե «լուծարված», նոր կազմավորվող հիմնարկության աշխատողներ՝ անհայտ ճակատագրով։ Որպես կանոն, նման դեպքերում աշխատողներին աշխատանքից ազատելու հրաման առձեռն չի տրվում եւ անհայտ է մնում՝ կայացե՞լ է այդ առթիվ որեւէ որոշում, թե՞ ոչ։ «Հրաման տանք, որ հետո դատարան դիմե՞ք»,- մասնավորապես շեշտել են Վանաձորի քաղաքապետարանի բնակարանային տնտեսության եւ համատիրությունների բաժնից՝ աշխատանքից ազատվածներից մեկի պահանջին ի պատասխան։ Համենայնդեպս, «Բազում» թաղամասի թիվ 2 «թաղամասային հիմնարկության» 18 աշխատողներ դիմել են Լոռու մարզի 1-ին ատյանի դատարան՝ իրենց կարգավիճակը ճշտելու նպատակով։ Վերջիններիս գումարային պահանջը ընդհանուր չափով շուրջ 3 հազար դոլարի է հասնում։ Բավականին զավեշտական վիճակ է ստեղծվել «Առափնյա» թաղամասում։ Այստեղ թիվ 12 «հիմնարկությունը» ավագանու որոշմամբ լուծարվելուց հետո աշխատակիցների չկրճատված մասը իբր թե պետք է համարվեին Ժդանով թաղամասում գտնվող հիմնարկության աշխատողներ, սակայն շարունակում են մնալ իրենց աշխատասենյակներում, բայց… իբր թե համատիրության աշխատողներ (իբր թե նոր ստեղծված), այն դեպքում, երբ տվյալ տարածքը սպասարկող ԲՇՏ-ից «փախցրած» բնակիչների շնորհիվ այդ տերիտորիայում արդեն իսկ մի համատիրություն «փռել էր թեւերը»։ Փաստորեն, մեկ ԲՇՏ-ն փոխարինվել է 2 համատիրությամբ։ …«Թաղամասային հիմնարկությունների» «վերակառուցումը» շարունակվում է՝ իր ալիքի մեջ ներառելով աշխատանքից ազատվածների նորանոր խմբեր՝ աշխատավարձերի չվճարումների վերաբերյալ պարտք ու պահանջներով։ Փառք Աստծո, դատարանները պարապ չեն մնա։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր