«Ո՞ւմ բաժին կհասնի Արցախի իշխանությունը» … Հայաստանի ղեկավարությունն էլ պահպանում էր Արցախի հետ փոխհարաբերությունների իր կողմից որդեգրած սկզբունքները, մասնավորապես՝ իրեն հավատարիմ երկու-երեք մարդկանց միջոցով։ Աստիճանաբար այդ մարդիկ ուղղակի միջնորդների վերածվեցին եւ Արցախում ընկալվում էին իբրեւ «ՀՀՇ-ի մարդիկ»։ Այսպիսով, երկար ժամանակ բոլոր կողմերի միջեւ ներքին փոխհամաձայնությամբ որոշումներ էին ընդունվում ու միջնորդների միջոցով կապվում Հայաստանի ղեկավարության հետ։ Արտաքին վտանգի մեծացման ու հաշտեցման քաղաքականության փլուզման հետ միաժամանակ, որն ահավոր աղետի եւ հայկական 24 գյուղերի կորստի հանգեցրեց, զինված պայքարի գաղափարը զանգվածներին հասու դարձավ, իսկ այդ գաղափարը կրողները, մասնավորապես, Հայ հեղափոխական դաշնակցությունն առաջատար եւ առավել հանրահայտ քաղաքական ուժի վարկ ձեռք բերեցին։ Հատկապես այս հանգամանքը այն փաստերի համադրությամբ, որ առավել ակտիվ ու կոփված ուժերը կուսակցական շարքերում էին ներգրավված, ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ին թույլ տվեց հանդես գալ որպես առավել հեղինակավոր ուժ ու իր ներկայացուցիչներին առաջադրել ԼՂՀ ղեկավարության պաշտոններում։ Ով ով է Արցախում՝ ցույց տվեց ԼՂՀ-ի առաջին նստաշրջանը։ Իշխանության եկան դաշնակցությա՛ն ներկայացուցիչները։ Միջնորդները, կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչների հետ միասին, ասպարեզից դուրս մնացին։ Պետք է ասել, որ Հայաստանի ղեկավարությունը ցնցումի մեջ էր։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ՀՅԴ-ն Հայաստանում ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժն է, այլ նաեւ այն խորտակված պատրանքների, որ իրենց հայաստանյան հովանավորների համար կառուցել էին «միջնորդները» կամ Արցախում «յուրայինները»։ Հայաստանի իշխանությունների համոզվածությունը, որ իրենց կողմից պաշտպանվող 2-3 մարդ վերահսկում է Արցախի իրադրությունը, ի դերեւ ելավ (ըստ երեւույթին, այդ վստահության հիմքը իրենք՝ միջնորդներն էին ստեղծել, իրենց հաշվին գրանցելով արցախյան շարժման այս կամ այն հաջողությունը եւ օգտագործելով այն հանգամանքը, որ ղեկավարությունը Արցախում երբեք չէր լինում)։ Պետք էր հաշվի առնել այն փաստը, որ Արցախում օրինական, ընտրովի իշխանություն է հայտնվել, որն իրեն բացարձակ անկախ կպահեր Երեւանի տրամադրություններից։ Նկատի ունենալով այս ղեկավարության դիրքորոշումների ուժեղ ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքի վրա ու ղարաբաղյան հարցում Հայաստանի ղեկավարության ոչ այնքան ընդունելի հաշտվողական քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն օղակներում ու ՀՀՇ-ի ղեկավարության մեջ սեփական ապահովության կորստի նկատմամբ վախի ու տագնապի մթնոլորտ առաջացավ։ Ինչքան էլ առեղծվածային է հնչում, Արցախի ինքնորոշված ձայնը Երեւանին ավելի դուր չեկավ, քան Բաքվին։ Անհրաժեշտ էր ինչ-որ բան անել, որպեսզի այդ ձայնը լռեցվեր կամ էլ, ծայրահեղ դեպքում, ստիպել, որպեսզի այն երեւանյան տրամադրություններին համահունչ լիներ։ Եվ այդ ժամանակ էլ դրվեցին այն անբնական փոխհարաբերությունների հիմքերը, որոնք այսօր հանգեցրել են Արցախում ուղղակիորեն պայթունավտանգ իրադրության առաջացմանը։ Բարեբախտաբար, «յուրայինները», որ իշխանության կառույցներից դուրս էին հայտնվել, պատրաստ էին ցանկացած ծառայություն մատուցել, միայն թե Երեւանն օգներ իրենց Արցախում հեղինակավոր մարդիկ դառնալ։ Իսկ Արցախը խեղդվում էր շրջափակման օղակում։ Օդային միակ ճանապարհը Հայաստանի ղեկավարության տնօրինության տակ էր։ Կարճ ժամանակահատվածում աշխատեց «յուրայինների» մենաշնորհ մատակարարման մեխանիզմն այն նվազագույնով, առանց որի Արցախը չէր վերապրի։ Առաջին հերթին՝ վառելիքը։ Արդեն ոչ անհայտ «նավթի թագավոր» Սերժիկ Սարգսյանը («յուրայիններից» մեկը) իր ձեռքում կենտրոնացնելով Արցախ հասնող ողջ վառելիքը եւ մանրակրկիտ հետեւելով, որպեսզի այդ վառելիքից ոչ մի կաթիլ չհասնի ԼՂՀ ղեկավարությանը, իր համար ապահովեց պաշտպանության կոմիտեի նախագահի աթոռը՝ բոլոր միջոցներով ձգտելով չեզոքացնել Գերագույն ու պաշտպանության խորհուրդների ազդեցությունն ինքնապաշտպանության ուժերի շտաբի վրա։ Ձեր կողմից հիշատակված ՀՀՇ վարչության անդամ Ռոբերտ Քոչարյանը Գերագույն խորհրդի ու նրա նախագահի (դաշնակցական Արթուր Մկրտչյանի- խմբ.) գործունեության վարկաբեկման լայն «արշավ» է ծավալել՝ կասկածի տակ առնելով անգամ ԼՂՀ-ում կայացած ընտրությունների օրինականությունը։ Աստիճանաբար ուժեղանում է (օգտագործելով մատակարարման նույն մենաշնորհը) գործադիր իշխանության մարմիններն «իրենցով» անելու եւ Գերագույն խորհրդի ղեկավարությանը դրանց հակադրման միտումը։ Բայց ամենավտանգավորը շարունակվող այն գործունեությունն է, ըստ որի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարների միջեւ խտրականություն է դրվում ըստ անձնական նվիրվածության սկզբունքի՝ հավատարիմ քանակակազմի ստեղծման որոշակի նպատակով։ Զուգահեռ՝ «յուրայինների» շրջանակն ընդլայնելու աշխատանք է ընթանում։ Բայց քանի որ շարժումից որեւէ մեկին ձեռք մեկնել չեն կարող, շեշտը դրվում է կոմունիստական նախկին նոմենկլատուրայի, ավելի շուտ՝ դրա առավել կամակատար հատվածի վրա (քանզի նախկին կոմունիստներից շատերն իրենց հիանալի դրսեւորեցին որպես ժողովրդի գաղափարների համար պայքարող մարտիկներ)։ Իշխանությունը զարմանալի բան է. հակակոմունիզմի ալիքի վրա իշխանության հասած ՀՀՇ առաջնորդներն այդ իշխանության ամրապնդման համար Արցախում ձեռք են մեկնում կոմունիստական նախկին նոմենկլատուրային… Հերոսական ջանքերով, իր ընտրյալների ղեկավարությամբ ժողովուրդը շատ խնդիրներ լուծեց անցած 5 ամիսների ընթացքում։ «Յուրայինները» զուգահեռ իրենց գործն էին անում։ Ամեն մեկն իր հաջողություններով հասավ նստաշրջան, որը վերջապես կարողացավ հավաքվել անլուր տառապանքների, արյան, տիտանական աշխատանքի հինգ ամիսներից հետո։ Ո՞մ բաժին կհասնի Արցախի իշխանությունը։ Նրա՞նց, ովքեր բարձրացրին կյանքից այդքան վաղ հեռացած Արթուր Մկրտչյանի ձեռքից ընկած դրոշն ու կշարունակեն անկախ ձայնով արտահայտվել, թե՞ նրանց, ովքեր պաշտոնական Երեւանին խոնարհաբար ու պատրաստակամորեն ծառայելով են սիրում տիրակալել։ Արցախի ժողովրդի ճակատագրում շատ բան է կախված այս սահմանագծից։ Ես կողմնակից եմ Արցախում անկախ իշխանության։ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ներկայացվում է թարգմանաբար «Ազգ», 3 հունիսի 1992 թ. Կյանքը հարափոփոխ է։ Նրանք, ովքեր իրենց կարիերայի որոշակի փուլում ՀՀՇ-ի «յուրայիններ» էին համարվում (Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը), այսօր նրանք երբեմնի քննադատ՝ ՀՅԴ առաջնորդ Վահան Հովհաննիսյանի արյունակից եղբայրներն են։