ԽՈՍՏՈՒՄՆԵՐ՝ ԱԳՈՅԻՆ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐ՝ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ Արդեն հասկանալի է, որ իշխանությունները «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործներին վերահսկելի դարձնելու մեկ միջոց ունեն՝ դրանք ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող երաշխիքներն են։ Ընդ որում, նախագահ Քոչարյանը առաջին երաշխիքը մարդասպանին տվեց դեռեւս ոճրագործության գիշերը՝ խոստանալով նրա անվտանգ կեցությունը ԱԱՆ մեկուսարանում։ Այս հանգամանքը իշխանությունների ու Հունանյանի համագործակցության կամ, ավելի ստույգ՝ վերջինիս վարքագիծը կանխատեսելի դարձնելու ու հետեւաբար՝ նախաքննության ու դատավարության ընթացքը նախանշված սցենարով իրականացնելու կարեւոր նախապայմանն էր։ Հետհոկտեմբերյան առաջին փուլում, երբ քաղաքական հեղհեղուկ վիճակում հայտնված Քոչարյանն ի՛նքն ուներ երաշխիքների կարիք, նախաքննության անկաշկանդվածությունը աստիճանաբար սեղմօղակ էր ստեղծել նախագահական նստավայրի շուրջ։ Այս ընթացքում ղարաբաղյան կլանը՝ հասարակությանն ու նաեւ՝ ոճրագործներին, նախ եւ առաջ պետք է «համոզեր», որ տիրապետում է քաղաքական խարդավանքների հարուստ զինանոցի։ Հոկտեմբերի 27-ին լուծվել էր արեւելյան գավառական էլիտայի ստրատեգիական խնդիրը (անկախ ոճրագործությանը իշխանության մասնակցության խնդրից), իսկ հետո պետք էր առարկայացնել քաղաքական հեղաշրջման հետեւանքները։ Ընտրվեց Վ. Սարգսյանի քաղաքական թիմի փոշիացման տակտիկան, որի խորհրդանշական ավարտը վարչապետ Ա. Սարգսյանի եւ նախարար Վ. Հարությունյանի պաշտոնանկություններն էին։ Քաղաքական հարթության մեջ այլեւս նույնացան օրվա իշխանությունների եւ ԱԱՆ-ի հոգածությունը վայելող ոճրագործի հետաքրքրությունները. հոկտեմբերի 27-ին սկսվեց եւ հետո նույն հետեւողականությամբ շարունակվեց իր մեջ կայունության ռեսուրս պարունակող թիմի չեզոքացումը։ Իշխանությունների պրակտիկ քայլերին զուգահեռ, ստեղծվեց ինֆորմացիոն քիլերների ինստիտուտ, որի խնդիրը «ուչաստկովի» տեսության ծիրում ռոբինհուդների կերպարի կերտումն էր եւ Վ. Սարգսյանի ու Կ. Դեմիրճյանի հիշատակի դեմ սանձազերծված այլանդակ հիստերիան։ Ա. Սարգսյանի պաշտոնանկությունից հետո իշխանությունները ոճրագործներին երաշխիքներ տալու ճանապարհով՝ կանաչ լույս վառեցին հանցագործ հնգյակի միայնակ գործելու վարկածի առաջ։ Կարեւոր վկաներից ու կասկածյալներից ոմանք պարզապես հեռացվեցին երկրից, Հարությունյան Ալիկը՝ ոգեւորված իր «ազատարար» շեֆի հոգածությունից եւ ահաբեկված Նաիրիի նոր ցուցմունքներից, սկսեց մտմտալ վերջինիս բավարարող երաշխիքների հեղինակման մասին։ Համաներումը, որը ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ցուցաբերում է իշխանությունների հումանիզմը, մեզանում վերածվեց ահաբեկչությանը սատարող գործիքի։ Ճիշտ այնպես՝ ինչպես բռնաբարվեցին ընտրական ինստիտուտները՝ Ռ. Քոչարյանի Ստեփանակերտ-Երեւան՝ խարդավանքներով հարուստ երթուղում։ Սակայն ոճրագործը համաներումը միայն իշխանական վարկածի արգասիք համարեց ու նոր երաշխիքներ պահանջեց։ Շատ հասարակ. վերցրեց ու էլի խոսեց Տիգրան Նազարյանից, հայտնի մեկի մականուն հիշեցնող ֆրանսիական գաղտնի ծառայություններից։ Իշխանությունները հասկացան, որ դարձյալ կարող են կրկնվել ՊՆ-ում «անկեղծ խոստովանություններ» անելու, երաշխիքներ ստանալու դիմաց հրաժարականներ տալու ժամանակները։ Ու մոռացած շուրջ չորս տասնյակ պարտավորությունները՝ Եվրախորհրդին «տրվեցին» ընդամենը մեկ հարցով, այն է՝ մահապատիժ Հայաստանում չի կիրառվի։ Հումանիզմի ինչպիսի դրսեւորում. կարծես թե նույն իշխանությունը չէ, որ խաղաղ մի ցույցի համար Արկադի Վարդանյանին մահվան դուռն էր հասցրել, իսկ Բլեյան Աշոտին էլ ապօրինի պահում է բանտում։ Պարտկոմային ու գավառական այս հումանիզմը իրականում ոչ մի առնչություն չունի ո՛չ Եվրոպայի ու ո՛չ էլ դեմոկրատիայի հետ, ընդամենը մարդասպաններին տրված երաշխիք է։ Եվրոպացիներին մի կերպ կարելի է խաբել՝ բա էս ժողովուրդը, որ առաջին իսկ օրից գիտի, թե ում ձեռքին է եղել Հունանյան կացինը։ Էսքանից հետո տղերքի համար դժվար է համոզել, որ իրենք հոկտեմբերի 27-ի հետ կապ չունեն։ Որոշել են՝ հիմա էլ իրենց թերթերի բերանով ասել, թե Վ. Սարգսյանը «հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչ էր՝ արդարացնելու համար ոճրագործների արարքը։ Ինֆորմացիոն քիլերներն էլ էս երգը իրենցը դարձրած «երգում են»։ Ամբողջ թիմով անցել են ինֆորմացիոն ահաբեկչության՝ մոռանալով, որ Վազգենը պետություն ու բանակ է ստեղծել, ազատագրված Արցախ ժառանգել։ Սակայն հասարակությունը գիտի Վ. Սարգսյանի արժանիքների ու ծառայությունների մասին ու այս շարքը շարունակել թերեւս չարժե։ Ավելի տեղին է խոսել ղարաբաղյան կլանի բարոյական նկարագրի մասին, որը Ազգային հերոսի հիշատակի դեմ կամպանիա է ծավալել՝ ամրապնդելով հասարակության կողմից իրեն տրված եկվորի գաղափարը։ Ասել կուզեմ՝ իշխանությունների պայքարը Վազգենի դեմ չէ, երկրի դեմ է, որ իրենցը չէ, ժողովրդի դեմ է, որ ի հեճուկս իրենց՝ պատրաստ է ձայն տալ անգամ ՀՀՇ-ի Գեւորիկին։ Ինչեւէ, օրվա իշխանությունը իր ընտրությունը կատարել է՝ դառնալով ոչ թե Վ. Սարգսյանի, այլ Ն. Հունանյանի ծրագրերի ժառանգորդը։ Ընտրության հերթը հասարակությանն է… Մ. ՍԵԴՐԱԿՅԱՆ