ԵՌԱՄՅԱ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հին աշխարհում տղամարդու կարեւորագույն արժանիքներից մեկն էլ համարվել է բազուկների զորությունը։ Սակայն բազկամարտը՝ որպես մարզաձեւ, Հայաստանում այնքան էլ հին չէ, եթե նկատի ունենանք ֆեդերացիայի կազմավորումն ու հայ մարզիկների առաջին մասնակցություններն ու նվաճումները միջազգային ասպարեզներում։ Հայ բազկամարտիկները (այս մարզաձեւն աշխարհում հայտնի է արմռեսթլինգ անունով) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին մասնակցել սկսել են 1995 թվականից։ Մեր հանրապետության առաջին պատվիրակը եղել է Արսեն Գաբրիելյանը։ Դեռեւս անփորձ այս դյուցազնն այդ տարի մասնակցեց Բրազիլիայում կայացած աշխարհի հերթական առաջնությանը ու, բնականաբար, արժանահիշատակ արդյունք ցույց չտվեց։ Սակայն դրանից հետո նա դարձավ աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի արծաթե մեդալակիր, միջազգային մրցաշարի հաղթող։ Այնուհետեւ ԱՄՆ-ում աշխարհի առաջնության մեդալներ նվաճեցին Գագիկ Ծառուկյանն ու Կարեն Գեւորգյանը։ Հենց այդ ժամանակ էլ դրվեց հայ բազկամարտիկների հաջող մրցելույթների հիմքը ամենապատասխանատու մրցումներում։ Դրան հաջորդած աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնատներում, որոնք որպես կանոն անցկացվում են ամեն տարի եւ, որոնց սովորաբար մասնակցում են առնվազն երեք-չորս տասնյակից ոչ պակաս երկրների ներկայացուցիչներ, Հայաստանի մարզիկներն իրենց վատ չեն դրսեւորել։ Ներկայիս դրությամբ հայ բազկամարտիկներն ընդհանուր առմամբ աշխարհի ու Եվրոպայի պաշտոնական առաջնություններում նվաճել են ավելի քան 25 ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ։ Իսկ եթե սրան ավելացնենք նաեւ միջազգային բարձրագույն կարգի մրցաշարերում շահած մրցանակներն ու մեդալները, ապա այդ թիվը, գուցե թե, կրկնապատկվի կամ բազմապատկվի։ Օրինակ, բառացիորեն վերջերս՝ հունիսի վերջերին ԱՊՀ երկրների զինված ուժերի սպարտակիադայից, որ անցկացվում էր Սամարայում, մեր տղաները տուն բերեցին յոթ մեդալ՝ երկու ոսկե, երեք արծաթե եւ երկու բրոնզե։ Ընդ որում, «արծաթի» կամ «ոսկու» տիրոջը որոշելու համար բազկամարտի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպիչները ստիպված են եղել հաշվի առնել մասնակից մարզիկների անձնական քաշը։ Եվ եթե մեր բազկամարտիկները մրցակիցներից աննշան ծանր չլինեին, ապա Հայաստանի ընդհանուր թիմային հաշվարկով կունենար չորս չեմպիոն։ Հայաստանցի մարզիկների նվաճումները արժանվույն են գնահատվում մարզաձեւի միջազգային ֆեդերացիայում, որը պաշտոնապես չորս հոգու շնորհել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում, իսկ եւս չորս մարզիկ այդ նորման լրացրել են ու հիմա սպասում են VAF-ի պաշտոնական հաստատմանը, որն ընդամենը տեխնիկական ու ժամանակի հետ կապված խնդիր է… Ժողովուրդն ասում է. «Տաշած քարը գետնին չի մնում»։ Այս իմաստուն խոսքը լիովին համապատասխանում է բազկամարտի Հայաստանի ֆեդերացիային (նախագահ՝ Աշոտ Սարգսյան), որը, փաստորեն, ծնվելով հանրապետությունում տնտեսական ծանրագույն տարիներին, առաջին իսկ քայլերից ցույց տվեց, որ ցանկացած բնագավառում հաջողության հասնելու գլխավոր նախապայմանը աշխատելն է ու գործին նվիրված լինելը։ Ու դա ապացուցեց գործով։ Իսկ նման դեպքերում միշտ էլ գտնվում են կազմակերպություններ կամ անհատներ, որոնք տեսնում են արվածը ու գնահատելու ցանկություն ունենում։ Երեկ «Հայաստան» մարզական միությունում մի հաճելի իրադարձություն տեղի ունեցավ։ Երեք տարվա համագործակցության պայմանագիր ստորագրվեց բազկամարտի Հայաստանի ֆեդերացիայի եւ «ԱրմենՏելի» միջեւ, որով վերջինս ստանձնեց հայ բազկամարտիկներին երեք տարի ժամկետով (մինչեւ 2003 թ. վերջը) հովանավորելու պարտականությունը։ Պայմանագիրը ստորագրելուց հետո ֆեդերացիայի նախագահ Աշոտ Սարգսյանը նշեց, որ դա, ըստ էության, Հայաստանում բազկամարտի դրվածքի արժանի գնահատումն է եւ հավաստիացրեց, որ մարզաձեւի Հայաստանի առաջատար մարզիկները գործով կապացուցեն, որ համագործակցությունը դրվել է ճիշտ ու արժանի հիմքերի վրա։ «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Նիկոս Յորղուլասն իր խոսքում նշեց, որ սպորտը տվյալ երկրի համար աշխարհին ներկայանալու լավագույն միջոցներից է։ Ու քանի որ իրենք երկար տարիներ աշխատում են Հայաստանում, ապա այս աջակցությունը գնահատում են որպես իրենց կողմից մի համեստ ներդրում՝ Հայաստանում սպորտը զարգացնելու գործընթացում։ Այն հարցին, թե պարոն Յորղուլասը, որ առանձնահատուկ ուշադրություն է հատկացրել սպորտին, որքանո՞վ է կապված այս ոլորտի հետ, «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենը պատասխանեց, որ ինքը ժամանակին եղել է պրոֆեսիոնալ մարզիկ, թեթեւ ատլետիտկայի Հունաստանի հավաքականի անդամ (սկավառականետումից), երկար ժամանակ զբաղվել է նաեւ լեռնադահուկային սպորտով։ Ու հատուկ ընդգծեց, որ իրեն այս պաշտոնը վստահելիս առանձնակի նշանակություն է ունեցել իր մարզիկ լինելը։ Այսինքն՝ այդ վճիռը կայացնողները հաշվի են առել նաեւ, որ ինքը գիտե, թե ինչ է նշանակում պայքարելն ու հաղթելը, մի բան, որը նույնպես շատ կարեւոր է նաեւ բիզնեսում։ Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենք աջակցում են նաեւ Հայաստանի ծանրորդներին, որի հետ համագործակցությունը պաշտոնական հիմքերի վրա կդրվի մոտ ժամանակներս։ Արարողությանը ներկա ՀՄԼՖ-ի ներկայացուցչի հետ կարճատեւ երկխոսությունից հետո, երբ վերջինս կարեւորեց նաեւ մարզական օպերատիվ տեղեկատվության կազմակերպումը՝ նկատի ունենալով, որ «ԱրմենՏելը» տնօրինում է Հայաստանում կապի ոլորտը, պարոն Նիկոս Յորղուլասը միանշանակ ասաց, որ իրենք կհամագործակցեն նաեւ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հետ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ