«Պաչիկ-մաչիկ» Օրերս Երգի պետական թատրոնում 3 օր տեղի ունեցավ Արմինե Գրիգորյանի «Պաչիկ-մաչիկ» համերգային նոր ծրագիրը, որը միաժամանակ նաեւ երգչուհու 2-րդ՝ համանուն ձայներիզի շնորհանդեսն էր։ Երեկոները վարում էր երգչուհու եղբայրը՝ Սամվել Գրիգորյանը, որոնց ընթացքում երգչուհուն շնորհավորելու էին եկել ճանաչված երգիչ-երգչուհիներ եւ դերասաններ։ Այդ թվում՝ նաեւ առաջին անգամ բեմ բարձրացած 8-ամյա Նարե Գրիգորյանը (Սամվելի դուստրը)։ Ճեպազրույց Արմինե Գրիգորյանի հետ։ – Ինչո՞ւ որոշեցիր համերգային ծրագիրն անվանել «Պաչիկ-մաչիկ»։ – Քանի որ թե՛ իմ 2-րդ ձայներիզը, եւ թե՛ ձայներիզի երգերից մեկը կրում են համանուն՝ «Պաչիկ-մաչիկ» անվանումը, ես որոշեցի համերգային ծրագիրը եւս անվանել նույն կերպ։ – Ի՞նչ երգեր են տեղ գտել «Պաչիկ-մաչիկում» եւ կա՞ արդյոք ոճային տարբերություն նախորդ ձայներիզի երգերի համեմատությամբ։ – Երկրորդ ձայներիզում տեղ են գտել 11 նոր երգեր, որոնց հեղինակը հիմնականում ես եմ, բացառությամբ 3 երգի, որոնք ժողովրդական երգերի փոքր-ինչ փոփոխված տարբերակներ են։ Թե՛ առաջին, եւ թե՛ երկրորդ ձայներիզի երգերն ունեն հումորային բնույթ եւ իրենց մեջ բնավորություն ու կոլորիտ են պարունակում։ – Ի՞նչ է երգը քեզ համար։ – Ինքնարտահայտման միջոց, ապրելակերպ եւ ինչու չէ՝ ապրուստի միջոց։ – Մասնագիտությամբ դերասանուհի ես, ո՞րն է քեզ առավել հոգեհարազատ՝ Արմինե-երգչուհի՞ն, թե՞ Արմինե-դերասանուհին։ – Ավելի քան 5 տարի է, ինչ չեմ աշխատում թատրոնում, հետեւաբար այս պահին երգչուհին է ավելի հոգեհարազատ, թեեւ նրանք երկուսն էլ իրար լրացնում են եւ դառնում մեկ ամբողջություն։ – Ինչո՞վ ես լրացնում ազատ ժամանակդ։ – Ազատ ժամանակ քիչ եմ ունենում։ Սիրում եմ հանդիպել ընկերներիս։ Սիրում եմ կարդալ, խաչբառ լուծել եւ նարդի խաղալ։ – Ընկերական փոխհարաբերություններում ի՞նչը չես հանդուրժում։ – Լինելով բարի եւ անմիջական մարդ՝ լի առավելություններով ու թերություններով, տանել չեմ կարողանում կեղծիքն ու դավաճանությունը։ – Հավատո՞ւմ ես ճակատագրին։ – Անկեղծ ասած, հիմա գրեթե ոչինչ չեմ ծրագրավորում, քանի որ հավատում եմ, որ այն, ինչ տրված է ի վերուստ եւ այն ինչ պիտի լինի՝ կլինի։ Ես անվերապահորեն հավատում եմ Աստծուն։ – Հաճախ ես մեկնում հյուրախաղերի, իսկ երբեւէ ցանկություն չե՞ս ունեցել ընդմիշտ բնակություն հաստատել «դրսում»։ – Առայժմ նման ցանկություն չունեմ եւ բացի դա պիտի խոստովանեմ, որ երկու շաբաթ դրսում մնալուց հետո անչափ կարոտում եմ մեր քաղաքին։ – Առաջիկայում ի՞նչ է սպասվում քո երկրպագուներին։ – Վերջերս նրանց դատին հանձնեցի իմ նոր տեսահոլովակը՝ «Գյումրեցի յարը» (ռեժիսոր՝ Արթուր Վարդանյան), իսկ շուտով պատրաստ կլինի նաեւ իմ 3-րդ ձայներիզը, որը նախորդների նման կրկին կլինի հումորային բնույթի, սակայն որոշակի անակնկալներով։ Ես անչափ շատ եմ սիրում իմ հանդիսատեսին։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ