Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիեննական փառատոնում նախնական միֆական պատկերացում եւ աշխույժ հետաքրքրություն էր ձեւավորվել Հայաստան

Հուլիս 14,2001 00:00

ՌԱԲԻՍԸ ԵՎ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՆ «Վիեննական փառատոնում նախնական միֆական պատկերացում եւ աշխույժ հետաքրքրություն էր ձեւավորվել Հայաստանի մասին եւ այդ առումով հայկական շնորհանդեսը սպասված էր»,- ասաց արվեստագետ Ռուբեն Արեւշատյանը։ Սրա հիմքերը թերեւս պետք է տեսնել անցած տարի «Հայ-Արտ» (Հայաստան- Արտերկիր) մշակութային կենտրոնում կազմակերպված «Զուգահեռ իրականություն» հայ-ավստրիական համատեղ ցուցահանդեսում։ Այն համալրել էին «Հայ-Արտի» ծրագրային տնօրեն Ռ. Արեւշատյանը եւ արդի արվեստի մասին ավստրիական հայտնի «Շպրինգերին» ամսագրի համախմբագիր Գեորգ Շոելհամերը։ Վիեննական փառատոնի այս տարվա 5 համադրողներից 2-ը «Շպրինգերին»-ի խմբագիրներն են։ Երկու տարի առաջ այդ ամսագրում տպագրվել էր Ռ. Արեւշատյանի «Ռաբիս, փոփ եւ ինքնամեկուսացում» հոդվածը։ Ցուցահանդեսին մասնակցած արվեստագետ Ֆլորիան Փյումհոսելը եւ մեկուկես տարի Հայաստանում փորձաշրջան անցնող ուսանող, լուսանկարիչ Կատարինա Ռուրերսը անցած տարի Վիեննայում հրատարակեցին «Բետոնե Երեւան» գրքույկը, որը տպավորությունների շարք էր երեւանյան մոդեռնիստական ճարտարապետությունից։ Գրքում տեղ գտած լուսանկարները ցուցադրվել են փառատոնում եւ մեծապես նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի հանդեպ հետաքրքրության աճին։ Մշտական ցուցադրանքում Հայաստանը ներկայացրել է արվեստագետ Հարություն Սիմոնյանը՝ երկմասանոց «Անվերնագիր» տեսաինստալացիայով։ Առաջին էկրանը ցուցադրում էր հասուն տղամարդու, որը փորձում է փոքրիկ աղջնակի բալետի զգեստ հագնել։ Երկրորդ էկրանը խոշոր պլանով ցուցադրում է նրբագույն մետաքսե ձեռնոց հագած ձեռքեր, որոնք սարսափելի կոպիտ կարով են զբաղված։ Բռնաբարություն հիշեցնող այդ տեսաինստալացիան համարվում էր մշտական ցուցադրանքի լավագույն երկու-երեք գործերից մեկը։ Վերը նշվածը նկատի ուներ Ռ. Արեւշատյանը, երբ ասում էր, որ Հայաստանի շնորհանդեսին սպասում էին։ Բայց նախքան դրան անդրադառնալը՝ մի երկու խոսք այն մասին, թե. Ի՞նչ է վիեննական փառատոնը Կազմակերպվում է ամեն տարի՝ ընդգրկելով արվեստի բոլոր ճյուղերը՝ թատրոն, օպերա, երաժշտություն, կինո, ժամանակակից արվեստ եւ այլն։ Հայաստանը ներկայացված էր միայն վերջինում։ Այս տարվա փառատոնի նշանաբանն էր. «Դո՛ւք եք աշխարհը» (DU BIST DIE WELT)։ Ըստ Ռ. Արեւշատյանի, վերնագիրը հեգնական-քննադատական բնույթ ուներ. «Աշխարհը բաղկացած է ավտոնոմ գործող-զարգացող մշակութային դաշտերից, իրավիճակներից, որոնք, բացի իրար միջեւ հակասական փոխազդեցությունից, նաեւ իրենք իրենց մեջ են հակասական։ Գլոբալ սպառողը սեփականաշնորհում է աշխարհը («մենք ենք աշխարհը») եւ դրանով հանդերձ՝ նաեւ ներմշակութային կոնֆլիկտները»։ Համադրողները Ժամանակակից արվեստի փառատոնին դինամիկ բնույթ էին տվել. մշտական ցուցադրանքից բացի, ամեն օր տարբեր երկրների շնորհանդես էր լինում։ Բայց երկրները առանձնացված չէին տաղավարներում, այլ տարրալուծված էին ընդհանուր ցուցադրանքում՝ ըստ գործերի բովանդակության։ Մասնակցում էր 24 երկիր՝ Կուբայից մինչեւ Չինաստան, թեեւ ավստրիական մշակութային քաղաքականությունը կենտրոնացած է Արեւելյան Եվրոպայի ժամանակակից արվեստի վրա։ Հայաստանը ամենամեծ պատվիրակություններից մեկն էր. բոլոր հեղինակներին տեղում՝ Երեւանում ընտրել էին ավստրիացի համադրողները։ «Դո՛ւք եք աշխարհը» Վիեննական փառատոնում ներկայացված բոլոր գործերը հրատապ էին։ Հայ արվեստագետներից երկուսը՝ Սոնա Աբգարյանը եւ Գրիգոր Խաչատրյանը ներկայացրել են հեռուստանախագծեր։ Սոնան՝ երիտասարդության եւ կանանց խնդիրներ բարձրացնող «Underground» ծրագիրը, իսկ Գրիգորը՝ Երեւանին առնչվող «Քաղաք» շարքից մի քանի հաղորդում, այդ թվում՝ «Կուռք» տեսաֆիլմը (Լենինի արձանի ճակատագիրը Երեւանում)։ Ալեքսանդր Մելքոնյանը «Ռազմատենչության ոգին» գործով ջնջում էր սահմանը միլիտարիզմի եւ պացիֆիզմի միջեւ՝ դրանք նույնացնելով։ Ըստ հեղինակի, պատերազմը ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ գաղափարական հակասության արդյունք է, այլ կենսական, առօրյա կոնֆլիկտի դրսեւորում։ Նորայր Այվազյանի եւ Գրիգոր Խաչատրյանի «Վաննա լիճ» ինստալացիան (ցուցադրվել է նաեւ Հայ-Արտում) ցույց էր տալիս, թե ինչպես ազգայնական գաղափարի խորհրդանիշ Վանա լիճը չափազանցված պաթետիզմի եւ գաղափարի չարչրկման պատճառով վերածվում է ուտիլիտար երեւույթի՝ «վաննայի»։ Արման Գրիգորյանի «Իմ պարտությունը» պերֆորմանսում մի երիտասարդ պատմում է, թե ինչպես է իր ամենամտերիմ ընկերը փորձել իրեն սպանել։ Արմանը զուգահեռաբար կատարում է պատմողի հոգեվերլուծությունը. «Ես ուզում էի ավարտել նրանով, որ մի ռաբիս երիտասարդ… բայց նա ինձ ընդհատեց եւ ասաց, որ ինքը ռաբիս չէ՝ եթե չպատմեի, կլինեի ռաբիս, բայց, քանի որ պատմեցի, ես արդեն ռաբիս չեմ»։ Հայ եմ ես, սերբ ես դու «RABIZ» գրված էր հայկական պատվիրակության բոլոր անդամների կրծքին փակցված այցեթղթերին։ Մեր արվեստագետները իրենց կաշվի վրա էին զգացել, որ ռաբիսը համաշխարհային, նույնիսկ համամարդկային երեւույթ է։ Ռուբեն Արեւշատյանը երկու օր ժամուկեսանոց դասախոսություն էր կարդացել «Ռաբիսը որպես լոկալ-մշակութային կոնֆլիկտի էլեմենտ» թեմայով։ Նույն պահին հարեւանությամբ ներկայացվում էր սերբ արվեստագետ Միլիցա Տոմիչի տեսաինստալացիան՝ 2×4 մեծությամբ 2 էկրանների վրա։ Դրանցից մեկում տղամարդիկ պրեֆերանս են խաղում, իսկ մյուսում՝ Սերբիայի վառ փոփ-աստղ Դրաջանա Միրկովիչը երգում- պարում է իբրեւ թե նոր հայտնագործված երաժշտական ուղղությամբ՝ «տուրբո-ֆոլկ»։ Դասախոսության ընթացքում օգտագործվող ռաբիս երգիչ Թաթուլի ձայնը բարձրացնելով՝ Ռուբեն Արեւշատյանը ցույց էր տվել, որ սերբ երգչուհու պարը ճիշտ եւ ճիշտ համապատասխանում է հայ երգչի երգին, եւ տուրբո-ֆոլկը ոչ թե նոր է, այլ նույնքան հին, որքան ռաբիսը։ Չմանրամասնելով Ռուբեն Արեւշատյանի տեսությունը, պետք է խոստովանենք, որ դա առաջին լուրջ ուսումնասիրությունն է «ռաբիս» կոչված երեւույթի մասին՝ հիմնված պատմական փաստերի եւ (ինչո՞ւ ոչ)… միջմշակութային փոխառնչությունների վրա։ ԾՈՎԻՆԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել