Պատասխանատվության վերացումը կհանգեցնի կամայականության Փաստաբանի կարծիքով Լրատվության միջոցներից հայտնի է դարձել, որ շուտով Ազգային ժողովը քննարկելու է կառավարության ներկայացրած նախագիծը հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանին անհիմն բողոք բերելու համար պատասխանատվությունից ազատելու (գրանցումը չեղյալ չճանաչելու), ինչպես նաեւ նրանց թվաքանակը ավելացնելու մասին։ Եթե ընդունվի այդ նախագիծը, ապա վճռաբեկ բողոք բերելու աղերսանքով հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանին դիմելու դեպքում, բոլորի խնդրանքը կկատարվի, թեկուզ նրանց պահանջը լինի բոլորովին անհիմն։ Արդյունքում վճռաբեկ դատարանի պալատները կծանրաբեռնվեն ավելորդ գործերով։ Իմ կարծիքով, քրեական ու քաղաքացիական դատավարության օրենսգրքերում պետք է փոփոխություն կատարել այն առումով, որ, եթե հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը անհիմն բողոք է բերում եւ այն մերժվում է, ապա նա պարտավոր է դիմողին վերադարձնել նրանից ստացած վճարը։ Ի դեպ, թեպետ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի իրավական ինստիտուտը սահմանադրական դրույթ է, սակայն այն հակասում է նույն սահմանադրության 38-րդ հոդվածի իմպերատիվ պահանջներին։ Վճռաբեկ բողոք բերելը մարդու դատական պաշտպանության իրավունքի ձեւերից մեկն է։ Ուստի քաղաքացին ինքը պետք է տնօրինի իր սահմանադրական իրավունքի այդ ձեւը։ Դատական պաշտպանության սահմանադրական իրավունք ունենալ նշանակում է՝ ցանկացած դատական ատյան, այդ թվում նաեւ վճռաբեկ դատարան, քաղաքացին կարող է դիմել անմիջականորեն, ոչ թե միջնորդավորված ձեւով եւ մեծ ծախսերի գնով։ Այլապես, եթե քաղաքացու անվճարունակ լինելու պատճառով հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը վճռաբեկ բողոք չբերի կամ բերած բողոքը փոշմանի ու հետ վերցնի, ապա դրանով իսկ ի չիք է դառնում անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը։ Բոլորովին անհիմն է նաեւ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների թվաքանակը ավելացնելու մասին առաջարկը՝ հետեւյալ պատճառաբանությամբ։ Այսօրվա դրությամբ եղած 9 հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանները գրեթե անգործության են մատնված։ Առավել եւս այսուհետեւ, քանզի օրինական ուժի մեջ մտած վճիռներն ու որոշումները երեք ամիս անց այլեւս բողոքարկման ենթակա չեն։ Պետք է նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ մոտ ապագայում, Եվրախորհրդի պահանջի համաձայն, Հայաստանում նույնպես պետք է ստեղծվի մարդու իրավունքների պաշտպանի «Օմբուդսմենի» իրավական ինստիտուտ։ Ինքնին հասկանալի է, որ «Օմբուդսմենի» ինստիտուտի ստեղծումը նույնպես լրիվ ավելորդ կդարձնի հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների ինստիտուտ կոչվածը։ Վերոշարադրյալի տրամաբանական վերլուծությունից ելնելով, կարծում եմ, որ կրկին անգամ ակնհայտ անհիմն վճռաբեկ բողոք բերելու դեպքում ոչ թե հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի գրանցումը չեղյալ ճանաչել, այլ, վճռաբեկ բողոքը մերժվելու դեպքում, նրանից գանձել քաղաքացու վճարած գումարը կրկնակի չափով, որը զսպամիջոց կլինի անհիմն վճռաբեկ բողոք բերելը կանխելու համար։ Անհրաժեշտ է նաեւ սահմանել նորմ հետեւյալ բովանդակությամբ. «Պարզելով, որ դատավորը, իսկ կոլեգիալ կարգով քննված գործերով զեկուցողը, կրկին անգամ ակնհայտ անհիմն դատական ակտ է կայացրել, վճռաբեկ դատարանն իրավունք ունի նրա նկատմամբ մասնավոր որոշում կայացնելու, օրենքով սահմանված կարգով նրա լիազորությունները դադարեցնելու համար»։ ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ Փաստաբան Մենք պատրաստ ենք լսել հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների կարծիքը նույնպես։