Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձ ունեի՞ն

Հուլիս 14,2001 00:02

Երեկ շարունակվեց «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը գրեթե դատարկ դահլիճում։

Նիստից կես ժամ առաջ դատարանում էր գտնվում ԱԺ պատգամավոր եւ «27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը, որն այցելեց դատարանի նկուղային հարկում գտնվող ամբաստանյալների ժամանակավոր պահպանման սրահ։ Մեր այն հարցին, թե առաջին անգա՞մ է լինում դատարանի ԺՊՍ-ում եւ ինչպիսի՞ն էր նրա տպավորությունը, ԱԺ պատգամավորը պատասխանեց, որ ինքն առաջին անգամ է լինում եւ իր տպավորությամբ «գոնե դատարաններում բարվոք պիտի լինի, որպեսզի մարդը կաշկանդված չզգա։ Դա ճնշող բան է»։

Թե ինչու էր կիսադատարկ դահլիճը եւ ինչու, ընդհանրապես, բացի տուժողների հարազատներից ամբաստանյալի եւ ոչ մի հարազատ չի ներկայանում այս գործի քննությանը, դիմեցինք ամբաստանյալների պաշտպաններին։ Դերենիկ Բեջանովի պաշտպան Արարատ Բագրատունին ասաց, թե՛ իր պաշտպանյալի, թե՛ նրա հարազատների կողմից որեւէ դիմում չի եղել դատարան գալու մասին։

Մարուսյա Չիլինգարյան

Ամբաստանյալ Աշոտ Կնյազյանի պաշտպան Մարուսյա Չիլինգարյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի հարազատները չեն կարող գալ, որովհետեւ, թե՛ կինը, թե՛ մայրն ու եղբայրը գործով անցնող վկաներ են։

Ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանն ասաց. «Անպայման մասնակցելու ցանկություն կա, բայց, իհարկե, հարազատները հաշվի են առնում, որ իրենց ներկայությունը տուժողների ներկայացուցիչները հնարավոր է ճիշտ չհասկանան եւ այն ավելորդ խոչընդոտների առիթ տա»։ Ամբաստանյալ Կարեն Հունանյանի պաշտպան Համլետ Ստեփանյանն ասաց. «Քանի որ Հունանյանի հայրն է միայն այստեղ, ուրիշ հարազատներ նա չունի, նա հատուկ ցանկություն չի հայտնել, որպեսզի մասնակցի դատական նիստերին։ Պարբերաբար Հունանյանի հայրը իմ միջոցով իմանում է ընթացող գործընթացների մասին»։

Երեկ բացակայում էին ամբաստանյալ Նաիրի Հունանյանի պաշտպան Արտավազդ Կարապետյանը (խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի), ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի պաշտպանը, տուժողների իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներ, փաստաբաններ Աշոտ Սարգսյանը (հիվանդ էր), Մարինա եւ Տիգրան Ջանոյանները։

Վերջինս գտնվում է հանրապետությունից դուրս։ Փոխարենը, Վ. Սարգսյանի շահերի երրորդ ներկայացուցիչ, փաստաբան Օ. Յունոշեւը հանդես եկավ միջնորդությամբ։ Նա խնդրեց, որ հաջորդ նիստին մասնակցեն նաեւ ամբաստանյալները, քանզի իր միջնորդությամբ շոշափում է ամբաստանյալ Ն. Հունանյանի հարցը։ Հրապարակված միջնորդությունից պարզ դարձավ, որ ռուս փաստաբանը հասկացնելով ամբաստանյալ Հունանյանի ԱԱՆ-ում գտնվելու փաստը, կասկածի տակ է դնում նրա ցուցմունքների անաչառությունը։

Այդ իսկ պատճառով նա միջնորդեց Հունանյանին տեղափոխել ԱԱՆ մեկուսարանից մեկ այլ մեկուսարան։

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի՝ ամբաստանյալ Հունանյանին տված հարցերի քանակն անցել է 1800-ից։ Երեկվա հարցաքննությունը վերաբերում էր գլխավորապես հոկտեմբերի 26-ին ԱԺ մտնելու նախապատրաստմանը, մոսկվաբնակ նրա ծանոթին՝ Կամո Բեգլարյանին, հոկտեմբերի 27-ին անցագրեր ստանալուն։ Մեղադրողը հարցրեց, թե Կ. Բեգլարյանի ներկայությամբ նա զանգե՞լ է արդյոք Անուշ Հարությունյանին՝ անցագիր ստանալու համար։

Ամբաստանյալը հայտնեց, որ խոսակցություն չի ունեցել, քանի որ Ա. Հարությունյանի հեռախոսագիծը չի միացել։ Թե ինչու Կ. Բեգլարյանը չի գնացել ԱԺ հարցին, Ն. Հունանյանը պատասխանեց, որ ԱԺ գնալու մասին Կամոյի հետ թռուցիկ խոսակցություն է եղել (փողոցում) եւ, որ այլ ծանրակշիռ խոսակցություն չի եղել։ Այն, որ Կ. Բեգլարյանը եղել է ԱԺ պատգամավոր (հետագայում՝ տուժող) Հերմինե Նաղդալյանի ազգականը, ամբաստանյալը հայտնեց, որ Կ. Բեգլարյանը, իր իմանալով, մեկ քույր ուներ եւ, որ իրեն էր տրամադրել քրոջ հեռախոսահամարը Երեւանում։ Թե ինչու ամբաստանյալ Ն. Հունանյանը չէր «օգտագործել» Բեգլարյանին հոկտեմբերի 27-ին, ամբաստանյալի բացատրությամբ դրան խանգարել էր, որ հոկտեմբերի 26-ին Կ. Բեգլարյանը «ասաց՝ գործ ունի եւ չի կարող գալ, որից հետո նրա մասին չեմ մտածել»։ Ինչպես նախորդ անգամ ներկայացրել էինք, հոկտեմբերի 28-ի առավոտյան, հանձնվելուց առաջ, Հունանյանը գրություն էր տվել Տիգրան Նազարյանին իր օծանելիքների ճակատագիրը «փոխանցելով» Կ. Բեգլարյանին։

Մեղադրողին հետաքրքրում էր, թե այդ գրությունը միա՞կն է եղել, թե՞ այլ գրություններ էլ են փոխանցվել Նազարյանին։ Եվ արդյո՞ք Նազարյանը կարդացել էր այդ գրությունը։ Ամբաստանյալը պատասխանեց, որ թուղթը բաց վիճակում է տվել նրան եւ, որ «հատուկ դիպված չի եղել»։ Կրկին խոսք գնաց ուսանողական տարիներին ՊԱԿ-ի կողմից հավաքագրված Հունանյանի ընկերների մասին։

Ամբաստանյալը հայտնեց, որ գիտի, թե ովքեր են նրանք, սակայն չի հայտնում դատարանին, քանի որ դա առնչություն չունի գործի հետ։

Մեղադրողի փոքր-ինչ միամիտ ձեւակերպմանը, թե «ինչպե՞ս եք տիրապետել այդ ինֆորմացիային», ամբաստանյալը պատասխանեց՝ «որովհետեւ ուսերիս վրա գլուխ ունեմ»։ Թե ինչու էր նպատակային ընտրվել հոկտեմբերի 27-ը (շեշտվեց անգամ կաթողիկոսի ընտրության օրը), ամբաստանյալը խուսանավեց հարցին պատասխանելուց, ասելով, որ ունի «հատուկ ասելիք» եւ կասի, երբ դրա ժամանակը կգա։ Նա ասաց, որ դատաքննությանը իր մարտավարությունը բաց է եւ, որ իր առանձին մտքերը հիմնավորելու է մեղադրողի կասկածներով։

Երեկ, հարցաքննության ժամանակ, ամբաստանյալը հոկտեմբերի 27-ին իր եւ խմբի անդամների հոգեկան վիճակը համարեց սովորական, մինչդեռ, եթե հիշում եք, հոկտեմբերի 13-ին՝ մեկ այլ ձախողված «ապստամբության» օրը, խմբի անդամները գտնվել են անսովոր հուզված վիճակում, որովհետեւ արդեն փորձ ունեի՞ն։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031