Թարգմանե՛ք, բայց ո՛չ օրենքը Շատ է խոսվում զանգվածային լրատվամիջոցների, հատկապես հեռուստատեսության լեզվի, վերջինիս լուրջ դերի եւ նրա նկատմամբ եթերի որոշ աշխատողների անլուրջ վերաբերմունքի մասին։ Քննադատությունը չէր լինի կամ այդքան դաժան չէր լինի, եթե հեռուստատեսության աշխատակիցները չշրջանցեին հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքը։ Իսկ այն, ՀՀ լեզվի մասին օրենքը ներառելով հանդերձ, ի թիվս մի շարք անտեսվող դրույթների՝ 5-րդ հոդվածում մասնավորապես նշում է. «Օտար լեզուներով հեռուստահաղորդումները, գեղարվեստական կինոնկարները… հեռարձակվում են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ՝ ձայնային կամ լուսագրային եղանակով»։ Հարմարվողակա՞ն, թե՞ օտարամոլական մի տեսակետ կա, ըստ որի՝ արտասահմանյան ֆիլմաշարերի հայերեն թարգմանությունն անորակ է, ուստի ավելի լավ է՝ դրանք հեռարձակել ռուսերեն տարբերակով։ Ընդհանուր քննադատական ոգուն տուրք չտալով եւ ճշմարտության դեմ չմեղանչելով՝ պիտի ասենք, որ այդ ֆիլմերի հայերեն թարգմանությունն ամենեւին վատը չէ, համենայնդեպս, անկասկած, ավելի վատը չէ, քան մի շարք հեռուստահաղորդումների լեզուն։ Իսկ ինչ վերաբերում է թերություններին, պետք է մտածել դրանք վերացնելու մասին եւ ոչ թե առաջնորդվել մի հոգեբանությամբ, որի համաձայն՝ եթե դժվարությամբ ենք առաջ գնում, եկեք ետ գնանք։ Հենց այսպես են վարվում մասնավոր հեռուստաընկերությունները՝ առանց պատժի ու պատասխանատվության շրջանցելով մեր երկրի օրենքը։ Ի հակադրություն դրան՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր ծրագիր է ընդգրկում ֆիլմաշարեր՝ «Պարադիզ» ընկերության հայերեն թարգմանությամբ։ Միանգամայն խրախուսելի է օրենքի նկատմամբ հանրային հեռուստատեսության բարեխիղճ վերաբերմունքն այս հարցում, ու թեեւ այդ ֆիլմերի թարգմանությունը որակով իսկապես չի զիջում շատ հեռուստահաղորդումների լեզվին, այնուամենայնիվ, ցանկալի կլիներ, որ ֆիլմերը թարգմանվեին առանց, երբեմն, կոպիտ սխալների, ինչպես, ասենք, ընթացող՝ «Բլանկոյի այրին» ֆիլմում է։ Մի քանի օրինակ. «Տանիք վերանորոգելը կանացի գործ չէ» (ոչ թե «կանացի», այլ «կնոջ»), «Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս է դաշնամուր նվագող տղայի անունը» (ոչ թե «ինչպե՞ս է», այլ «ի՞նչ է»), «Դու ինչո՞ւ ես սղոսկել ֆաբրիկայի գործերի մեջ» (ոչ թե «սղոսկել», այլ «սողոսկել»), «Մտքիս մեջ անգամ նրան համբուրելու նպատակ չունեի» (կամ «Նրան համբուրելու նպատակ չունեի», կամ «Չէի մտածում անգամ նրան համբուրելու մասին»), «Այն, ինչ արեցի Ձեզ համար, կանեի ցանկացած մեկ ուրիշի համար» (ոչ թե «ցանկացած մեկ ուրիշի», այլ «կանեի ցանկացած ուրիշի համար» կամ «կանեի նաեւ ուրիշ մեկի համար»), «Նա ինձ վրա ուժեղ տպավորություն թողեց») կամ անընդհատ կրկնվող «միեւնույնն է»՝ «միեւնույն է»-ի փոխարեն։ Կարելի է շարունակել թվել սխալները։ Կարելի է նաեւ խուսափել դրանցից։ Միշտ էլ հնարավոր է եղած միջոցներով ավելին անել։ Նաեւ, հնարավոր չէ խոսել ֆիլմերի կրկնօրինակման մասին եւ չհիշել ոչ վաղ անցյալում «Հայֆիլմ» կինոստուդիայում կրկնօրինակված ֆիլմերը («Համլետ», «Ռոստամ եւ Զոհրապ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Կովկասի գերուհին», «Ոսկե հորթը» եւ այլն), որոնք չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ գերազանցում էին բնօրինակներին։ Կատարյալ էր ե՛ւ հայերեն թարգմանությունը, ե՛ւ կրկնօրինակող դերասանի աշխատանքը։ Իհարկե, այս «կենցաղային» ֆիլմաշարերը, որոնք սողոսկել են մեր կենցաղ ու երբեմն մեզանում պայմանավորում են ամենեւին ո՛չ կենցաղային երեւույթներ, արժանի չեն այն մանրակրկիտ, տքնաջան աշխատանքին, ինչ հիշյալ ֆիլմերը։ Ինչպես ասաց «Պարադիզ» ընկերության գլխավոր խմբագիր Տավրոս Դաշտենցը, բացի տեխնիկական դժվարություններից, որոնք առկա են ֆիլմաշարերի հայերեն թարգմանության աշխատանքներում, այդ ֆիլմերի հայերեն տարբերակները կրում են նաեւ բնագրի թերությունները։ Բնագրի թերությունների մասին ինքնին խոսում է ֆիլմաշարերի գեղարվեստական, գեղագիտական ընդհանուր մակարդակը։ Սա մի առանձին ու թերեւս ավելի լուրջ խնդիր է։ Հայ հանդիսատեսին այսօր առաջարկվում են «ներկրված» անորակ, էժանագին ֆիլմեր, որոնք ի վիճակի չեն որեւէ բան ավելացնելու բավարար մտավոր կարողություն ունեցող մարդու ո՛չ հոգուն, ո՛չ մտքին։ Եթե «Պարադիզ» ընկերությանը պատվիրում է հանրային հեռուստատեսությունը, ապա ո՞վ պետք է պատվիրի մեր պետական եւ մասնավոր հեռուստաընկերություններին։ ԵՐԱԶԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ Լեզվի պետական տեսչություն