ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԵՊՀ Կիրակի օրը կեսգիշերին կավարտվի պետական բուհերի դիմորդների դիմում-հայտերի ընդունման ժամկետը։ Երեկվա մեր հարցումներից պարզ դարձավ, որ դիմորդների հիմնական հոսքը եղել է հուլիսի 10-12-ը։ Ինչպես եւ կարելի էր ենթադրել, 153 մեդալակիրների մեծ մասը Մայր բուհ է դիմել։ ԵՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ալեքսանդր Գրիգորյանը տեղեկացրեց, որ մեդալակիրներից 46-ը դիմել է տնտեսագիտություն մասնագիտությամբ, 18-ը՝ իրավագիտություն, 15-ը՝ ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա։ Նախորդ օրվա տվյալներինց դատելով՝ սահմանված ամենամեծ մրցույթը կլինի հենց այդ, ինչպես նաեւ հայոց լեզու եւ գրականություն մասնագիտության համար։ Ընդհանուր դիմորդների թիվը 29000 էր, որից 1500-ը դիմել էր հուլիսի 10-12-ը եւ երեկ հանձնաժողովում համեմատաբար խաղաղ էր։ Սովորաբար ԵՊՀ-ի դիմորդների թիվը 3000-4000 է լինում։ Նախորդ տարի այն 3100 էր։ Երեւանի բժշկական համալսարանում եւս դիմորդների ամենամեծ հոսքը ամսի 10-ին էր նկատվել։ Այս մասին տեղեկացրեց բուհի ընդունող հանձնաժողովի պատքարտուղար Գեւորգ Ադամյանը։ Նախորդ օրվա տվյալներով, բուհի դիմորդների թիվը 660 էր, սակայն պրն Ադամյանը ակնկալում էր, որ մոտ 700-750 դիմորդ կունենա։ ԵԲՀ-ն արդեն 15 մեդալակիր դիմորդ ուներ, որոնցից 14-ը նախընտրել է բուհի ընդհանուր բժշկություն մասնագիտությունը։ Բուհի ընդհանուր դիմորդներից 413-ը եւս այս մասնագիտությունն են ընտրել, իսկ պետպատվերով տեղերի թիվը 98 է, վճարովին՝ 125։ Ստոմատոլոգիա մասնագիտությամբ դիմել էր 82 դիմորդ, դեղագործություն մասնագիտությամբ 37, իսկ բուժական գործ զինված ուժերում մասնագիտությամբ՝ 120։ Գյուղակադեմիայի դիմորդները նախընտրում են ճարտարագիտական եւ տնտեսագիտական մասնագիտությունները։ Նախորդ օրվա տվյալներով՝ 709 դիմորդ ունեին, իսկ ամենահեղինակավորը փոխադրումների կազմակերպումը եւ կառավարումը տրանսպորտում (86 դիմորդ), ձեռնարկությունների տնտեսագիտություն ու կառավարում եւ ֆինանսներ ու վարկ (90) մասնագիտություններն են։ Տնտեսագիտական ինստիտուտի ընդունող հանձնաժողովի պատքարտուղար Միքայել Թավադյանի տեղեկությամբ՝ դիմորդների թիվն արդեն անցնում է 1000-ը։ Տեղեկացնենք, որ այս տարի բուհին պետպատվերով հատկացված է 272, իսկ վճարովի՝ 514 տեղ։ Ամենամեծ մրցույթը թերեւս լինի ֆինանսներ եւ վարկ մասնագիտության համար։ Ու թեեւ սովորաբար ավելի նախընտրելի է լինում օտար լեզվի քննությամբ մասնագիտությունների բլոկը, այս տարի նաեւ աշխարհագրության քննությամբ մասնագիտություններն են հայտնվել դիմորդների ուշադրության կենտրոնում։ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի դիմորդների թիվը, նախորդ օրվա տվյալներով, 580 էր՝ 50 դիմումով ավելի, քան նախորդ տարի այս ժամանակահատվածում էր։ Դիմորդների շրջանում առավել հարգի են ֆուտբոլ, կինեզիոլոգիա, կարատե-դո եւ բռնցքամարտ մասնագիտությունները, որոնց հատկացված է 20-ական տեղ, սակայն դիմումների քանակը յուրաքանչյուրի համար անցնում է 50-ը։ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, նախորդ օրվա տվյալներով, երեք մեդալակիր էր դիմել։ Ամենամեծ մրցույթը կլինի անգլերեն մասնագիտության համար. դիմորդների թիվը 497 է, իսկ պետպատվերով տեղերի թիվը՝ 65, վճարովին՝ 110։ Բանասիրություն մասնագիտության դիմորդները 138-ն էին՝ 35 պետպատվերով եւ 45 վճարովի տեղի համար։ Գերմաներեն եւ ֆրանսերեն մասնագիտությունների համար համապատասխանաբար դիմել էին 115 եւ 119 դիմորդ։ Առաջինում պետպատվերով հատկացված է 30, վճարովին՝ 40 տեղ, իսկ մյուսում՝ 40 եւ 50։ Մանկավարժական համալսարանի 1600-ից ավելի դիմորդների մեջ գոնե մեկ մեդալակիր չկա։ Հիմնականում մեծ մրցույթ կլինի տարրական կրթության մանկավարժություն, պատմություն եւ իրավունք, հայոց լեզու եւ գրականություն մասնագիտությունների համար։ Նախորդ տարի շատ քիչ էին դիմումները մաթեմատիկա եւ ֆիզիկա մասնագիտությունների համար, բայց այս տարի մաթեմատիկա մասնագիտությամբ 57 դիմում արդեն կար, թեեւ պետպատվերով 15 տեղ է։ Շատ քիչ դիմումներ կան այն մասնագիտությունների համար, որոնց պետպատվերով եւ պետական վճարովի համակարգում տեղեր չէին հատկացվել, այլ միայն՝ զինծառայությունից տարկետման իրավունք չունեցող վճարովի տեղեր։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ