Բյուջետային հարցեր, եւ՝ ոչ միայն ԱԺ աշնանային նստաշրջանում քննարկվելիք խնդիրների թեժ կետը, բնականաբար, 2002 թվականի բյուջեի նախագիծը կլինի։ Նախորդ տարիների փորձը թույլ է տալիս վստահ լինել, որ ընդունվելիք բյուջեն տարվա ընթացքում վերանայման կարիք չի ունենա։ Բյուջետային ծախսերը, որպես կանոն, գերազանցում են եկամուտները։ Որպեսզի գալիք տարվա բյուջեն իրատեսական լինի եւ չկրկնվի նույն պատկերը, անհրաժեշտ է պարզել բյուջեի գերածախսի բուն պատճառները, բացահայտել դրանք սնող արմատները՝ այդպիսով կառավարությանն օգնելով կողմնորոշվելու այն կազմելու գործընթացում։ Բյուջեի գերածախսի արմատներն առաջին հերթին պետք է փնտրել նախարարությունների ուռճացած ապարատներում։ Գրեթե բոլոր գերատեսչություններում հաստիքները նպատակային չեն օգտագործվում, քանի որ այդ հաստիքները զբաղեցնողների մեծ մասը իրականում զբաղված չէ կամ հպանցիկորեն է զբաղված իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ։ Դրան զուգահեռ, այս պաշտոնյաները պետական աշխատամիջոցների եւ աշխատաժամի հաշվին զբաղվում են միջազգային շահութաբեր ծրագրերով եւ դրանց հաշվին արտերկրում իրենց հանգիստը եւ ժամանցը լավագույնս կազմակերպելով։ Իսկ հիմնական աշխատանքը կատարում են, այսպես ասած, «դրսի հաստիքներով» մարդիկ, ովքեր գրանցված են ոլորտի հիմնարկներում եւ կատարում են հաստիքավոր պաշտոնյաների գործը։ «Դրսի հաստիքները» նույնպես ֆինանսավորվում են բյուջեից՝ նպաստելով ճեղքվածքի առաջացմանը։ Տնտեսական վնասից պակաս կարեւոր չէ նաեւ խնդրի բարոյահոգեբանական կողմը, որը մի քանի դրսեւորումներ ունի։ Պաշտոնատարը զբաղեցնում է մասնագետի տեղը՝ նրան ասպարեզից դուրս թողնելով եւ դարձնելով իր մեխանիկական կցորդը։ Մասնագետների պակասի հետեւանքով ոլորտն, անկասկած, տուժում է։ Եվ՝ ամենավատթարը. այս հենքի վրա ձեւավորվող հոգեբանությունը խարխլում է մարդու հավատը եւ՝ մնաս բարով, հայրենիք։ Եվ անիմաստ են դառնում հայրենասիրության ու տունդարձի բոլոր կոչերն ու հորդորները, արտագաղթի տագնապի հնչեցումն անիմաստ է հնչում։ Օտարության ճամփա ելածներին մեղադրողները փորձե՞լ են պարզել մեղքի իրենց բաժինը, հարց տվե՞լ են իրենց, թե ինչով են մեղավոր այս վիճակի համար։ Մեր կարծիքով, ահա, նոր բյուջեն ձեւավորելու նախաշեմին սույն խնդիրների ուսումնասիրությունը հրատապ անհրաժեշտություն է։ Հարկ ենք համարում կառավարության ուշադրությունը հրավիրել մասնավորապես հետեւյալ հարցերի վրա։ 1. Կրճատել նախարարությունների թիվը։ 2. Նախարարների, այլ պաշտոնյաների օգնականների, քարտուղարուհիների, վարորդների հաստիքներ պահելը համարել մերժելի։ Ազատված հաստիքների միջոցները նպատակուղղել մասնագիտական կառույցների համալրմանը։ 3. Յուրաքանչյուր նախարարությունում հաշվառել գործառույթները՝ ապահովելով դրանց համապատասխան մասնագետներ, ինչը հնարավորություն կտա ներքին ռեզերվների հաշվին զգալիորեն խնայել բյուջետային հատկացումները։ Ազատամարտիկների եւ կին վետերանների հասարակական կազմակերպություն