Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատյան

Հուլիս 14,2001 00:00

Քո հողի բարիքը քոնը չէ Արարատյան դաշտավայրի մի շարք բնակավայրեր տասնամյակներ շարունակ օգտվել եւ օգտվում են խորքային (ջրհոր) եւ ինքնաշատրվանող (արտեզյան) հորերից։ Գյուղաբնակներն այդ ջուրն օգտագործել են ոռոգման, կենցաղային կարիքների, իսկ նեղն ընկած ժամանակ՝ նաեւ խմելու համար։ Էջմիածնի ու Մասիսի մի շարք գյուղերում գրեթե ամեն տուն իր բակում ջրհոր ունի։ Բացի այդ, խորհրդային վերջին տարիներին եւ դրանից հետո կառուցվել են համայնքի ընդհանուր օգտագործման համար նախատեսված «արտեզյաններ», որոնց շահագործման իրավունքը գյուղխորհրդինն էր։ Այդ հորերը փրկություն են հատկապես այն բնակավայրերի համար, ուր ոռոգման ջրատար կա, բայց ջուր՝ ոչ, նույնիսկ վաղ գարնանը, կամ էլ՝ չի բավարարում սպառման 10%-ն անգամ։ Նաեւ գաղտնիք չէ, որ ջրաբաշխումը երբեք էլ արդար չի եղել. միշտ էլ գտնվել են ու հիմա էլ կան «զոռբաներ», որոնք ջուրը հենց գլխամասից ուղղել են իրենց գյուղ, «կարոտ» պահելով մյուսներին այդ բարիքից։ Ասվածի համար նշենք ընդամենը մի օրինակ՝ Էջմիածնի Արշալույս գյուղն արդեն քանի տարի է, ինչ ոռոգման խնդիր չունի, քանի որ «գեներալ Մանվելի գյուղն է», իսկ շրջակա «անգեներալ» բնակավայրերն ստիպված են բերքին անհրաժեշտ, ասենք՝ 4 անգամ, ջրելու փոխարեն մեկ անգամ էլ չջրել։ Այս առումով արտեզյան հորերն իսկական փրկություն են ու ելք։ Համայնքի ուժերով նորոգվում կամ փոխվում են ջրհան պոմպերը, վճարում ծախսած էլեկտրաէներգիայի գումարն ու այլ հոգս չկա՝ ստորգետնյա ջրերի հոսքը մշտական է։ Բացի այդ, ի տարբերություն «կանալով» եկող ջրի, արտեզյանի համար գյուղացիները վճարում են ոչ թե ըստ խ/մ-ի, այլ՝ հեկտարի, որն անհամեմատ էժան է։ Թերեւս հենց այս հանգամանքն էլ դուր չի եկել Ջրային տնտեսության պետական կոմիտեին, որն այս տարի, «զինվելով» կառավարության թիվ 526 որոշմամբ, պետք է հաշվառի բոլոր խորքային հորերն ու դրանցից դուրս եկող բարիքը վաճառի սպառողներին նույն սակագնով, ինչով վաճառում է ջրանցքներով բերվող ջուրը։ Դա նաեւ ենթադրում է ջրօգտագործողից պահանջվող մյուս պայմանները, այն է՝ վճարել խ/մ-ով, վճարել ժամանակին, իսկ եթե ոչ՝ տուգանքն էլ հետը, միաժամանակ նաեւ հոգալ շարքից դուրս եկած պոմպի ծախսերը։ Ինչպե՞ս դուրս կգան հողի մշակներն այս նոր իրավիճակից, դժվար է ասել։ Գուցե ամեն մեկն իր տան ջրհո՞րն օգտագործի սեփական ջրհան պոմպով, բայց դրանք էլ անհրաժեշտ խորություն չունեն ողջ սեզոնի ընթացքում ջրով ապահովելու համար։ Իսկ եթե, այնուամենայնիվ, գործը դրան հասնի, այդ դեպքում ինչպե՞ս կվարվի ջրային տնտեսությունը. մասնագետների վերլուծությամբ, օրենսդրորեն այդ հարցը կոնկրետ չի կարգավորվում։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել