Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռեւս 2000-ի դեկտեմբերի 31-ին կառավարության թիվ 905 որոշման համաձայն՝ «Հիդրոէներգոշին» ՓԲԸ «Մետաղակ

Հուլիս 14,2001 00:00

ԵՐԲ ՊԱՀԱԿԸ ՏԵՂՈՒՄ ՉԷ Դեռեւս 2000-ի դեկտեմբերի 31-ին կառավարության թիվ 905 որոշման համաձայն՝ «Հիդրոէներգոշին» ՓԲԸ «Մետաղական կոնստրուկցիաների գործարան» դուստր ՓԲԸ-ի ունեցվածքի եւ տարածքի 2/3-րդ մասը առանց կոլեկտիվի գիտության վաճառվել է ոմն «Կարզել» ՍՊԸ-ին, որն այժմ զբաղվում է ձեթի արտադրությամբ։ Խմբագրություն դիմած գործարանի կոլեկտիվի 32 անդամները (որոնցից յուրաքանչյուրը ունի 25-40 տարվա աշխատանքային ստաժ) հայտնեցին, որ մետաղական կոնստրուկցիաների գործարանը վաճառվել է անօրինական հիմունքներով։ Նրանց խոսքերով, «Կարզել» ՍՊԸ-ն գործարանի 2/3-ը գնել է ընդամենը 39,3 մլն դրամով (եւս 5 մլն դրամ գնահատվել են հիմնական միջոցները) այն դեպքում, երբ ամբողջ գործարանը գնահատվել է 198 մլն դրամ, ըստ գործարանի կողմից ներկայացված փաստարկների, իսկ պարտավորությունները 118 մլն են։ 2000-ի հոկտեմբերին, մինչեւ մասնավորեցումը, գործարանում շշուկներ էին պտտվում այն մասին, թե տնօրեն Ֆրունզե Մովսիսյանը որոշել է որոշ արտադրամասեր տալ վարձակալության, ինչն էլ մեծ աղմուկ է բարձրացրել կոլեկտիվում։ «Մենք դիմեցինք տնօրենին՝ պահանջելով բացատրել, թե ինչո՞ւ է նա արտադրամասերը տալիս վարձակալության եւ ինչո՞ւ կոլեկտիվը մինչեւ օրս այդ մասին տեղեկացված չի եղել։ Տնօրենը մեզ պատասխանեց, որ դրանք ուղղակի խոսակցություններ են, բայց չբացառեց, որ արտադրամասերից մեկը կտրվի վարձակալության, որովհետեւ դա օգուտ կբերի մեզ»,- բորբոքված պատմում էին կոլեկտիվի անդամները։ Մինչեւ կոլեկտիվը կորոշեր, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկի, որպեսզի կանխի գործարանի «մասնատումը», գործարանի տնօրեն Ֆրունզիկ Մովսիսյանը արդեն իսկ խնդրել է իր տեղակալ Ամիր Պետրոսյանին ազատել իր աշխատասենյակը եւ հանձնել վարձակալած սուբյեկտին՝ «Կարզել» ընկերության տնօրեն Աշոտ Աթանեսյանին։ Արդյունքում, գործարանի արտադրամասերը, կայարանը եւ վարչական շենքի մի մասը վարձակալական հիմունքներով տրվում են «Կարզել» ընկերությանը։ «Մենք դեմ էինք նույնիսկ վարձակալության տալու պայմանին, սակայն մեր գործարանի կառավարիչը, նրա տեղակալը եւ տնօրենը համառորեն համոզում էին, որ կոլեկտիվը դրանից կօգտվի եւ բոլորիս համար շատ լավ կլինի։ Բայց մենք ուրիշ գործարանների փորձից գիտեինք, որ սա վերջն է։ Ինչո՞ւ պետք է մետաղական կոնստրուկցիաների նման հզոր հիմնարկությունը վերածվեր ձեթի արտադրության գործարանի։ Հայաստանում ինչն է շատ՝ ձեթը ու մեկն էլ ավելացավ»,- մեկը մյուսին ընդհատելով խոսում էին կոլեկտիվի անդամները։ Նրանց այն հարցին, թե «գործարանի սեփականաշնորհման դեպքում չէ՞ որ գործարանի ղեկավարությունը իրավունք չունի վարձակալության տալ այն» տնօրենը, աշխատակիցների փոխանցմամբ, պատասխանել է, թե սեփականաշնորհելու ժամանակ առաջնահերթ իրավունքը կոլեկտիվինն է լինելու։ Երկու ամիս անց, սակայն պարզվում է, որ գործարանը վաճառվել է «Կարզել» ՍՊԸ-ին, ինչին հետեւում են կոլեկտիվի բողոքները՝ ուղղված տարբեր նախարարություններին։ Այստեղ կցանկանայինք նշել մի հետաքրքիր փաստ. չվաճառված մասի արժեքը, որը կազմում է գործարանի տարածքի 1/3-ը, 1 մլն 786 դրամ է գնահատվել, որին գումարվել են 100 մլն-ից անց պարտավորություններ։ Հարց է ծագում. ինչպես եղավ, որ գործարանի հիմնական մասը վաճառվեց 40 մլն դրամով եւ վարձակալողն, այժմ՝ նաեւ սեփականատերը, ազատվեց բոլոր պարտքերից, իսկ չնչին 1 մլն 786.000 դրամ արժողությամբ տարածքի վրա թողնվեց ամբողջ գործարանի պարտքերը։ Կոլեկտիվի անդամները վերոնշյալ հարցով դիմել են նաեւ ՀՀ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանին, որն էլ նրանց փոխանցմամբ պատասխանել է. «Դե, այդ հիմնական մասը վաճառվել է, եւ՝ վերջ, մնացածը՝ ձեր խնդիրն է»։ Կոլեկտիվի բազմաթիվ բողոքներին ի պատասխան որոշ վերադաս ղեկավարներ պատճառաբանել են, թե գործարանը մասնավորեցվել է, որովհետեւ այն վերջին տարիներին աշխատել է 10% հզորությամբ եւ առաջիկայում նախադրյալներ չկան, որ կաշխատի իր ողջ հզորությամբ։ «Այդ ոլորտում «Հայէներգոշինը» միշտ էլ աշխատել է ամբողջ հզորությամբ։ Դրա վառ օրինակն է 1997-98թթ.-ը, երբ մենք աշխատեցինք Արարատի ոսկու գործարանի վերաշինման համար, իսկ 1999-ից մինչեւ 2000-ի կեսերը կառուցել ենք հանրապետական մարզադաշտը»,- պատմեցին մեր այցելուները։ Այն հարցին, թե. «ինչո՞վ է նա բացատրում գործարանի պարտքերն իրենց վրա թողնելու փաստը», պրն Մովսիսյանը որեւէ տրամաբանական պատասխան չգտավ եւ ասաց, որ չի կարող պատասխանել, որովհետեւ ինքն «ընդամենը հրամաններ կատարող է եւ գործարանի պահակը»։ «Ունենք միայն աշխատավարձի պարտքեր, որ կմարենք այն ժամանակ, երբ մեր աշխատանքի դիմաց գոյացած պարտքերը վճարվեն։ Օրինակ, Հանրապետական մարզադաշտի կառուցման համար մեզ դեռ չեն վճարել, հենց որ վճարեն, կվարձատրենք նաեւ աշխատողներին»,- ասաց պրն Մովսիսյանը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ճշտեցինք, որ ՀՖՖ-ի պարտքերը գործարանին կազմել են 74 մլն դրամ, որից 69,5 մլն դրամը մարվել է, իսկ մնացածը նախատեսվում է մարել մինչեւ սեպտեմբեր։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել